Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» մեդիա կազմակերպությունը (Forrights.am) 2023-ի սեպտեմբերի 19-ից հավաքագրում, փաստագրում և ժամանակագրում է այն մարդկանց պատմությունները, որոնք հարկադրված են եղել լքել Ղարաբաղում իրենց տները և Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի սահմանամերձ հարազատ գյուղերը։
Կազմակերպությունն իր Forrights.am կայքում հրապարակում է վերլուծություններ, հարցազրույցներ, նաև՝ ռեպորտաժներ սահմանամերձ բնակավայրերից, որոնք ցույց են տալիս ադրբեջանական զորքերի կողմից Ղարաբաղի օկուպացիայի, խաղաղ բնակիչների տեղահանման, Հայաստանի տարածքների մի մասի բռնակցման, վիճահարույց հարցերի լուծման ժամանակ ապօրինի ուժի կիրառման ընդհանուր պատմությունը։ Ի ցույց է դրվում, որ մարդու իրավունքների կոպիտ խախտման, մարդկանց զրկանքների եւ հայրենազրկման պատճառը հակամարտության կողմերի քաղաքական որոշումներն են։
Այդ իրադարձությունների անօրինականության ապացույցն է այն, որ Բաքվի «ռազմական հաղթանակներից» եւ Փաշինյանի՝ «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում» ճանաչելուց հետո Ալիեւն ու Փաշինյանը խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրություններում «քաղաքական որոշումների» եւ «նոր իրողությունների» ամրագրման անհրաժեշտության մասին։ Դա ապացուցում է, որ «նոր իրողությունները» եւ «քաղաքական որոշումները» հակասում են գործող օրենսդրություններին, հետեւաբար՝ ապօրինի են։
Այս զեկույցը փորձ է հիմնավորելու այս պնդումները` հիմնվելով աննկարագրելի դժվարություններ ու զրկանքներ ապրած արցախցիների ողբերգական անձնական պատմությունների, պաշտոնական հաղորդագրությունների եւ փորձագետների կարծիքների վրա:
Այն ներառում է հետեւյալ ժամանակաշրջաններն ու խնդիրները․
- 2020 թվականի պատերազմ, Արցախի մի մասի օկուպացիա, նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարություն, ռուսական զորքերի մուտք։
- 10-ամսյա Արցախի շրջափակումը, որն ավարտվել է սովով եւ հացի իսպառ բացակայությամբ։ Ուժասպառ մարդիկ պատրաստ էին լքել իրենց տները՝ երեխաներին կերակրելու, հիվանդներին տեղափոխելու և դեղ գտնելու համար։
- Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակում խաղաղ բնակչության վրա, ագրեսիա
- Ռուսաստանի՝ որպես «անվտանգության երաշխավորի» կործանարար դերը՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին ռուսների հետ համատեղ օկուպացված գյուղերի բնակիչների ժամանումը Ստեփանակերտի օդանավակայանի ռուսական բազա, օգնության բացակայություն և այլն
- Սահմանամերձ գյուղերի պատմություն, որոնք առաջինն են կրակի տակ ընկել 2023 թվականին
- Արցախի գրեթե բոլոր գյուղերի զավթում, գյուղերից մարդկանց տեղահանում Ստեփանակերտ (մարդիկ 1-2 ժամում լքել են իրենց տները, փախել անտառներով, հասել Ստեփանակերտ, մեկ շաբաթ այնտեղ ապրել փողոցում, առանց սննդի և ապաստանի, թողնելով հայրենի գյուղերում հարազատներ, չթաղված դիակներ)
- Պայթյուն Ստեփանակերտի վառելիքի պահեստում, գերիներ
- Հրամանագիր՝ Արցախի հանրապետությունը կազմաքանդելու եւ բանակը զինաթափելու մասին (թեև դիրքերում գտնվողները կռվել են մինչև վերջ)։
- Ելք․ դժվար ճանապարհ, 70 մարդու մահ, երեխաների ծնունդ, Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղապահները ապահովել են «խաղաղ հեռացում», Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը։
- Արցախի հայկական հազարամյա ժառանգության կորուստ։
- Ամփոփում՝ բանաձեւեր, կարծիքներ, առաջարկներ։
Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Ըստ այդմ, փաստարկվում է, որ օկուպացիա կամ բռնի տեղահանություն տեղի չի ունեցել։
Թեև Հայաստանի կառավարությունը խոսում է «էթնիկ զտումների» մասին, սակայն չի նախաձեռնել քաղաքական և իրավական ընթացակարգեր՝ Ադրբեջանին մեղադրելու ԼՂ բնիկ բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանության մեջ։
Փաստերը, սակայն, վկայում են, որ Արցախից հայերի տեղահանությունը տեղի է ունեցել հետևողական ցեղասպանական գործողությունների հետևանքով։ Խախտվել է ուժի չկիրառման միջազգային հիմնարար սկզբունքը։ Եվ հենց դրանից ելնելով պետք է քաղաքական և իրավական գործողություններ ձեռնարկվեն՝ ուժի անօրինական կիրառման, ցեղասպանության և տեղահանության հետևանքները վերացնելու համար։
1․ 2020 թ․ պատերազմ, Ղարաբաղի մեծ մասի զավթում, Հադրութի եւ Շուշիի տեղահանում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված 44-օրյա պատերազմը հանգեցրեց Ղարաբաղի տարածքների մի մասի կորստին և ավելի քան 22 հազար հայ բնակչության արտաքսմանը այն տարածքներից, որտեղ հազարամյա բնիկ հայի ներկայություն կար։ Պատերազմի միջոցով փորձ է արվել լուծել քաղաքական վիճելի հարցեր՝ հակառակ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային սկզբունքին։ Ղարաբաղի պատկանելության հարցը համարվում է վիճահարույց և 1992 թվականից հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի և միջազգային բանակցային գործընթացի առարկա։ Ղարաբաղի մի մասի օկուպացիայի արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների չվավերացված Եռակողմ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղի տարածք են մտցվել ռուսական խաղաղապահ զորքեր։ Դրանից հետո տարածաշրջանը լիովին փակվել է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, լեգիտիմ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այլ օտարերկրյա, այդ թվում՝ հայաստանցի դիվանագետների եւ փորձագետների համար։ Ռուսական զորքերն էին որոշում, թե ում թողնեն կամ չթողնեն մտնել Ղարաբաղ։
Ադրբեջանը, ռուսական զորքերի քողի տակ, կամայական գործողություններ է կատարել օկուպացված տարածքներում մնացած հայկական գույքի, մշակութային և այլ արժեքների ու ազգային ունեցվածքի նկատմամբ։ Այս տարածքների բնակչությունը բռնի է տեղահանվել. 2020 թվականին Հադրութում մնալու որոշում ընդունած տարեցների դաժան սպանության պատմությունները խոսում են բռնի հայաթափման մասին։
- Արծվիկ Բարաշյանն Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է։ 2020 թվականի պատերազմի ժամանակ կնոջը և երեք երեխաներին ուղարկել է Հայաստան, ինքը մնացել ու մասնակցել ինքնապաշտպանական մարտերին։ Երբ ավարտվել է 44-օրյա պատերազմը, իսկ Հադրութի շրջանի գյուղերը, այդ թվում՝ Մեծ Թաղերը, անցել են թշնամուն, Արծվիկը եկել է ընտանիքի մոտ։ Այնուհետեւ նա վերադարձել է Արցախ։ Արծվիկին Արցախում պետք է տուն տային՝ որպես 2020 թվականի պատերազմի հետևանքով անօթևանի։ Իվանյանում կառուցվող տունն արդեն պատրաստ էր, սակայն ոչ նա, ոչ էլ մյուս արցախցիներն այդպես էլ չկարողացան այնտեղ բնակվել։ Արծվիկն ընտանիքի հետ պետք է գնար, բայց Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին ճանապարհը փակեց:
2․ Շրջափակում
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը ռուսական զորքերի աջակցությամբ, որոնց վերահսկողության տակ էր՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը, ամբողջությամբ փակել է ճանապարհը։
10 ամիս շարունակ Ղարաբաղ մուտք չի գործել ոչ մի բեռ՝ սնունդ, դեղորայք, ամենօրյա սպառման ապրանք։ 2023 թվականի մարտին Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել՝ լրիվությամբ դադարեցնելով մուտքն ու ելքը Ղարաբաղ։ Ղարաբաղի բնակիչների ձերբակալությունը, ովքեր Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժման կամ այլ անհետաձգելի նպատակներով փորձում էին լքել Ղարաբաղը, ամբողջացրել է Ղարաբաղի շուրջ շրջափակման օղակը։ Իսկ ցուրտ սեզոնին գազի և էլեկտրաէներգիայի անջատումը վկայում էր Բաքվի և Մոսկվայի միջև հայ բնակչությանը տարածաշրջանից «խաղաղ» հեռացնելու պայմանավորվածության մասին: Հայաստանի պասիվ պահվածքը միայն խրախուսեց այս գործողությունները։ 2023 թվականի ամռանը Ղարաբաղում սով սկսվեց, վառելիքի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, մանկական սննդի սուր պակաս կար։ Մարդիկ հրաժարվում էին Ադրբեջանից՝ ռուսների աջակցությամբ ուղարկված սննդից՝ պահանջելով բացել Հայաստանի հետ կապող միջանցքը։ Արցախցիների խնդրանքը ռուսական զորքերին՝ միջանցք բացել վիրավորներին, երեխաներին ու կանանց դուրս բերելու համար անպատասխան մնաց։
3․ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի ագրեսիա
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը ագրեսիա են իրականացրել Ղարաբաղի տարածքում և արտաքսել այն շրջանների բնակիչներին, որոնց անվտանգությունը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պետք է ապահովեր ռուսական զորքը։ Արդյունքում մեկ օրում Ղարաբաղի շրջանների գրեթե ողջ բնակչությունը, չհասցնելով ինչ-որ բան վերցնել իր հետ, հայտնվեց Ստեփանակերտում և օգնություն խնդրեց ռուս խաղաղապահներից։
Ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր, շուրջ 250-ը վիրավորվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են, զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։
- ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնագաղթելիս 14 անձ խոշտանգումների է ենթարկվել, 64-ը՝ մահացել: Զոհվել է Արցախի ՊԲ 223 զինծառայող, շուրջ 25-ը քաղաքացիական անձինք են: Զոհերի թվում կա 5 անչափահաս։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է քաղաքացիական ինը անձ, նրանցից երեքը՝ երեխա: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 244 զինծառայող և 80 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 10 անչափհաս: Գերեվարված 16 անձանցից ութը Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով կալանավորված Արցախի Հանրապետության նախկին և ներկա քաղաքական ղեկավարության անդամներն են: Բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայ ճանաչվել է տուժող: Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։ Արձանագրվել են շուրջ երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր:
- Սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով Հրանուշ Իսրայելյանի ընտանիքը չորս տղամարդ է կորցրել՝ որդուն, երկու փեսաներին եւ ամուսնու եղբորը։ Նրանք են Արտակ Իսրայելյանը, Անդրեյ Իսրայելյանը, Վալերի Գասպարյանը, Գենադի Գրիգորյանը։ Նրանցից երեքին, այդ թվում վիրավոր զինծառայողին, սպանել են ադրբեջանցիները գաղթի ճանապարհին՝ Սարուշենից Ստեփանակերտ տեղափոխվելիս։
- Կամո Բալայանն Արցախից Հայաստան բռնի տեղահանվելու ճանապարհին անդրբեջանցի զինվորականների կողմից ծեծի է ենթարկվել։ Երեք հոգով նրան բռնության են ենթարկել։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում պատմում է արցախցի տղամարդը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Ճարտարից Ստեփանակերտ ավտաճանապարհին, որտեղ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ից հետո երկու անցակետ է տեղադրել։ Կամո Բալայանը սարսափելի դրվագներ է նկարագրում ադրբեջանցի զինված զինծառայողների գործողություններից, թե ինչպես են իրեն բռնության ենթարկել՝ գցել են գետնին և հինգ րոպե շարունակ ոտքերով հարվածներ հասցրել։
4․ Ռուսաստանի՝ որպես «անվտանգության երաշխավորի» կործանարար դերը
Նախքան Ալիևի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է հող նախապատրաստել, որպեսզի Ռուսաստանը մաքրվի 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունից։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է․ «Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը»։
Ղարաբաղում խաղաղությունն առանց հայերի խաղաղություն է, ինչպես կարծում է Շոյգուն։ «Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի կազմում, մասնավորապես, ՌԴ նախագահը նման հայտարարություն է արել 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։ Այս հայտարարությունների մասին ես տեղեկացա մամուլից։ Իմ կարծիքով, դրանք հակասում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Եթե ընդդիմությունը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն, նշանակում է՝ դա Պուտինի դեմ է»,- ակնարկում է Փաշինյանը։ «Ռուսաստանը, ունենալով մի շարք անվտանգության պարտավորություններ Հայաստանի հանդեպ, չկարողացավ կատարել իր պարտավորությունները, պարզապես՝ չկարողացավ»,- ասել է նա։
Փաստորեն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է, բայց «չի կարողանում» կատարել իր պարտավորությունները։ Բաքվում ևս ասում են, որ ապագա «խաղաղության պայմանագրի» երաշխավորը կարող են լինել կա՛մ Թուրքիան, կա՛մ Ռուսաստանը։
- Արցախցի Գևորգ Առուստամյանը Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝ «Ռուս խաղաղապահների ներկայությունը, 90-ականների «կոլցո» օեպրացիան էր, պարզապես մի քիչ ցիվիլ տարբերակով։ Մեքենաների բեռնախցիկերն էին ստուգում, իրենք հասան իրենց ուզածին, բանակը զինաթափեցին։ Սեպտեմբերի 19-ին ռուս խաղաղապահների ԲՏՌ-ը տեսել եմ թշնամու հարձակումից չորս ու կես ժամ հետո, բարձրանում էր Շուշի, մի ժամից հետո են իջել։ Չի եղել, որ միջամտեն, պատերազմը դադարի։ Երբ արդեն թուրքը մոտիկացել էր Ստեփանակերտին, քաղաքում խուճապ կար, մեր փողոցում բոլորն իրար ձայն էին տալիս, թե գնում ենք Իվանյան, այնտեղ ռուսները մեր անվտանգությունը կապահովեն։ Ռուսին պետք էր, որ մարդկանց տաներ օդանավակայանի տարածք, նկարահաներ, աշխարհին ցույց տար, որ փրկիչ է, խաղաղապահ է։ Հայաստանում էլ մի քանի քաղաքական ուժի բերանը լեզու դներ, թե տեսեք, որ ռուսը փրկում է արցախցիներին։ Խաղաղապահի զինվորները՝ շարքայինից մինչև հրամանատար, Արցախի բնակչության հետ խոսելիս ասում էր, թե մենք ձեր անվտանգությունը կապահովենք, կպաշտպանենք, չենք թողնի, որ Ադրբեջանը ձեր վրա հարձակվի։ Մի անգամ էլ ինձ կանգնեցրեցին, ասացին, հարցրեցի՝ միամիտի նմա՞ն եմ, էլ չշարունակեց։ Իրենք որպես մարդ լավ մարդիկ էին, ես տաքսու վարորդ էի, նրանց տանում էի Իվանյան, բայց որպես խաղաղապահ իրենց գործը չէին անում»,-ասել է Forrights.am-ի զրուցակիցը։
Ըստ որոշ տեղեկությունների, ռուսները Արցախի Պաշտպանության բանակից առգրավված 14 մլն․ միավոր զենք—զինամթերք են տեղափոխել Ռուսաստան՝ ուկրաինական ռազմաճակատում օգտագործելու համար։
5․ Սահմանամերձ գյուղերի պատմություն, որոնք առաջինն են կրակի տակ հայտնվել 2023 թվականին
Արցախից հայերի տեղահանման եւ հայրենազրկման օրեր են համարվում սեպտեմբերի 28-հոկտեմբերի 5-ը, սակայն իրական օկուպացիան եւ տեղահանումը տեղի են ունեցել 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Այդ օրը լայնածավալ հարձակման հետևանքով հայաթափվել են տասնյակ արցախյան գյուղեր, որոնք ուղիղ կրակի տակ են հայտնվել։
- Ադրբեջանցիները սարուշենցի երեք խաղաղ բնակչի են սպանել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո՝ Սարուշենից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Այս տեղեկությունը Forrights.am հետ զրույցում հայտնել է գյուղի բնակիչ Մխիթար Գասպարյանը։ «Իմ հարևաններին են սպանել, ճանաչում էի նրանց»,- ասել է 64-ամյա տղամարդը՝ մանրամասնելով, որ սպանվածներից մեկը գյուղի տարեց բնակիչներից է եղել՝ բռնի տեղահանվող։ «Սպանվածներից մեկը վիրավոր է եղել, մյուսը՝ վիրավորի բարեկամն է եղել, իր մեքենայով հիվանդանոց էր տեղափոխում, իսկ երրորդը տարեց մարդ է եղել, որը ցանկանում էր իր մեծ մեքենան տաներ Ստեփանակերտ, որպեսզի հնարավոր լինի շատ մարդ տեղափոխել Հայաստան»,-ասաց Մխիթար Գասպարյանը։ Նույն ճանապարհին սպանվելու վտանգի տակ է հայտնվել նաև Միխիթար Գասպարյանը։ Նա սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների մասնակից է եղել, զինվորական չէ, բայց մասնակցել է Սարուշենի ինքնապաշտպանությանը։ «Թշնամին, որ հարձակվեց, բոլոր գյուղացիք մտան կռվի մեջ, պատերազմն այդպես էլ սկսվեց, ահագին զոհեր տվեցինք, 10 հոգի զոհվեց»,- ասել է նա՝ նշելով, որ ոտքից վիրավոր է եղել։ Մխիթարին Սարուշենի գյուղապետն իր մեքենայով երկու այլ վիրավորների հետ փորձել է տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։ «Գյուղից դուրս եկանք դեպի Խաչմաչ (գյուղ Ասկերանի շրջանում) ճանապարհին ադրբեջանցիները ճանապարհը կտրեցին, կրակոցների տակ ընկանք, շատ կրակեցին, ոնց-որ ավտոյի վրա կարկուտ թափեր, գյուղապետը մեջքից վիրավորվեց։ Մեքենան շուռ տվեցինք, գնացինք Սարուշեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանցիներն այդ ճանապարհին դիրքավորվել էին արցախցիներին սպանելու նպատակով։ Մխիթար Գասպարյանը հայրենքի պաշտպանությանը մասնակցել է այն նույն դիրքում, որտեղ արիաբար զոհվել է Արմեն Առուստամյանը։ Forrights.am-ն անդրադարձել էր Արմենի սխրանքին։ Կրակը իրենց դիրքի վրա ինչ-որ ժամանակով դադարել է, որից հետո Արմենը նկատել է․ «Թուրքերը մտան խրամատ։ Մեզանից 40 մետր հեռավորության վրա էր, սկսեցինք կրակել, բայց նաև հետ էինք նահանջում, քանի որ երկու հոգով էինք։ Համ կրակում էինք, համ հետ էինք գնում, մի 25 մետր գնացինք, տեսա Արմենն ընկավ»,-ինչպես արդեն տեղեկացրել էինք Մխիթար Գասպարյանն այդ ժամանակ ևս վիրավորում է ստացել։ «Գյուղի վրա շատ չէին կրակում, դիրքերի վրա էին կրակում, որ զինվորներին ոչնչացնեին, գյուղացիներին գերի վերցնեին»։ Այս դեպքերից հետո, երբ Մխիթարին չի հաջողվել հասնել Ստեփանակերտ և գյուղապետի հետ վերադարձել է Սարուշեն, մեկ այլ ճանապարհին հանդիպել է կնոջ՝ անտառում թաքնված։ Պատերազմի մեկնարկից հետո սարուշենցիները փախել են անտառ՝ փրկվելու համար։ Սարուշեն վերադառնալուց հետո Մխիթարին հնարավոր է եղել շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդնաոց, մի քանի օր մնալուց հետո եկել է Հայաստան։
- Սարուշեն գյուղի բնակիչները՝ շուրջ 400 հոգի, հրաշքով են դուրս եկել ադրբեջանական շրջափակումից ու փրկվել։ Forrights.am հետ զրույցում Ալիսա Առուստամյանը պատմում է, որ հարձակումը դիրքերի ուղղությամբ սկսվել է առավոտյան 11:00-ից։ Դիրքերը գյուղից հեռու են 200-300 մետր։ «Տրիվոգա տվեցին, երեխաներին դպրոցից ուղարկեցին տուն»,-հիշում է տիկին Ալիսան։ «Քիչ անց սկսեցին կրակել, միանգամից հարձակվեցին գյուղի վրա։ Տղաս զանգեց ասաց՝ մտեք պադվալները, վիճակը վատ է»,-տիկին Ալիսայի որդին՝ Արմեն Առուստամյանը, տնից դիրքեր հասնելուց 10 րոպե հետո է զանգել։ Սա եղել է մոր և որդու վերջին հեռախոսազանգը։ «Մի քիչ հետո գյուղապետը պոստից մարդ ուղարկեց, որ դուրս գանք գյուղից, գնանք անտառ»,- տիկին Ալիսան ասում է՝ ով ինչպես կարողացել լքել է իր տունը, մեկը տնային հագուստով, մյուսն առանց փաստաթղթերի սարուշենցիները բռնել են անտառի ճանապարհը։ Բնակիչները կրակոցների տակ մի կերպ են հասել անտառ։ «Չգիտեմ՝ ինչպես, բայց հասանք անտառ, մութն արդեն ընկել էր։ Երեխաները ձեռքներիս սպասում էինք, թե ինչ պետք է ասեն՝ հույս ունեի, որ էլի տուն եմ վերադառնալու։ Եկան ասեցին, որ արդեն մտել են գյուղ, գնացեք»,- հինգ ժամ սպասելուց հետո՝ տեսնելով, որ վտանգն ավելի է մոտենում, բնակիչները գյուղապետի խորհուրդով բռնել են Մսմնա գյուղի ճանապարհը։ Այն գտնվում է Մարտունու շրջանում։ «Գիշերով՝ ոտքով, ճանապարհ ընկանք, որ գնանք Մսմնա։ Հինգ-վեց կիլոմետր քայլեցինք, գիշերվա երեքին նոր հասանք։ Առավոտյան գյուղապետը մեքենաներ բերեց, եկանք Ստեփանակերտ։ Էլ մեր տուն չգնացի, դատարկ ձեռքերով դուրս եկանք, նույնիսկ մեր փաստաթղթերը չենք վերցրել»։ Բռնի տեղահանվող խաղաղ բանակիչները ճանապարհին էլ ավելի դաժանությունների են ականատես եղել։ Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են Սարուշենի դիրքերից հոսպիտալ տեղափոխվող վիրավորներին։ «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել։ Երեք վիրավոր էին։ Դիահերձարանում տեսել են, որ գլուխների կեսերը չկային, տղաս էլ է տեսել»,- նրա փոխանցմամբ վիրավորները 33, 40, 70 տարեկան էին։ «Եթե մի քիչ ուշ դուրս եկած լինեինք, կմտնեին մեզ էլ կկոտորեին, կրակոցիների միջով անցանք»։ Սարուշենից բռնի տեղահանման պատմությունները Forrights.am-ի հետ զրույցում ամբողջացրել է գյուղապետ Կարեն Գասպարյանը, որը Մսմնա գյուղում կենտրոնացած սարուշենցիներին ամեն կերպ տեղափոխում է Ստեփանակերտ․ «Առաջին օրը անձրև էր եկել, ցեխերի ու ջրերի միջով մարդիկ գնացել հասել են Մսմնա գյուղ, ով ինչ ուներ հագին, էդպես էլ դուրս է եկել տնից՝ դամաշնիկով, խալաթներով։ Որոշեցի բնակչությանը տեղափոխեմ Ստեփանակերտ, մի մեքենա էր, ինչքան մարդ տեղավորվեց, տարա։ Ստեփանակերտից արդեն մի ավտոբուս ու մի «Ֆորդ տրանզիտ» վերցրինք մեր մի գյուղացու հետ ու հետ եկանք Մսմնա գյուղ։ Ժողովրդին վերջապես տեղափոխեցինք Ստեփանակերտ»։ Գյուղի վրա հարձակման, բնակչության տեղահանման ողջ ընթացքում Կարեն Գասպարյանն ասում է, ռուս խաղաղապահ զորակազմից որևէ ներկայացուցիչ չի եղել։ «Մեզ ոչ մի ձև չեն օգնել, ոչ մեկին չենք տեսել տարածքում, ոչ մեկին», -նշում է նա։
- «Վիտալի Աբաղյանին Մարտունու շրջանի Ճարտար գյուղից վերջին հրաժեշտն ու հուղարկավորությունը եղել է այնպես, ինչպես այդ օրերին Ճարտարում զոհված մյուս տղաներինը՝ գիշերով, անձայն, որ թշնամին չնկատի կուտակումներն ու ԱԹՍ-ներով չհարվածի։ «Ամուսնուս տուն էլ չբերեցինք, գիշերը բերեցինք ու միանգամից հուղարկավորեցինք։ Չթողեցին, որ ցերեկը բերեինք, վախեցան, որ կկրակեն»,-ասաց կինը՝ Լիլիթը։
- «Ամսի 19-ի կեսօրն էր, սաղ անհոգ, իրենց գործերով, բոստաններում, ամենքն իր ապրումներով, մեկ էլ հանկարծ … որոտած ամպրոպը գլխներիս», — արցունքներն աչքերին պատմում է Արցախից բռնի տեղահանված Ալվարդ Ավագյանը։ Գյուղի վրա ռմբակոծություն սկսելուց հետո՝ բնակիչները երեխաներին գյուղապետի տան նկուղ են իջեցրել. «Սաղ երեխաներին տանում էինք էդ նկուղ, ոչ միայն մեր գյուղը, սաղ Մարտունիի շրջանն էդտեղ էր` փոքրերով, լացուկոծով»։ Ընտանիքն Արցախի ամենավտանգավոր սահմանամերձ գյուղերից մեկում՝ Մարտունու շրջանի Ննգի գյուղում էր ապրում։ Տեղահանվելուց հետո՝ տարեց ծնողների և եղբոր ընտանիքի հետ երեք օր ճանապարհ անցնելուց հետո, Արարատի մարզի Ռանչպար գյուղում են տեղավորվել՝ ոչ բարեկամ մի կնոջ տանը։ Եռօրյա ճանապարհի սարսափելի իրավիճակն ու ապրումները նկարագրելու համար՝ Ալվարդը ցավով է հիշում տարեց հոր խոսքերը՝ ինձ թողեք ճանապարհին, դուք գնացեք …Թշնամու հարձակումից հետո` հոկտեմբերի 19-ի գիշերը, որոշել են գյուղից տարհանել բնակիչներին։ Գյուղացիները չեն համաձայնվել. սահմանին զինվորներ ունեին, թեկուզ ռմբակոծում էին, կապ չկար, բայց ճանապարհներին նստած մեքենայի էին սպասում, որ մեկը կգա ու մի նորություն կասի․ «Եկան մեր գյուղի տղերքը մնացած երիտասարդներին վերցրին, որ գյուղը պաշտպանեն։ Որ բարձրացրել են դիրքեր, ասում ա` իմացանք, որ արդեն ճեղքած մի հիսուն հոգով գյուղ են մտնում։ Էնքան խելոք են գտնվել, որ չեն կրակել։ Եթե կրակեին, սաղ գյուղը կոչնչացնեին»։ Հոկտեմբերի 21-ին ռուս խաղաղապահները թշնամու և Սամվել Շահրամանյանի հետ գյուղ են գնացել՝ զինաթափելու հրամանով։ Վերապրելով սարսափելի օրերը՝ Ալվարդը հիշում է՝ ամբողջ գիշեր չէր քնում, վախը սրտում նայում էր պատուհանից դուրս, խավարի մեջ միայն թշնամին էր, որ զենքը ձեռքին պտտվում էր` անլույս գյուղում։ «Փոքրերը լացում էին, ասում էին՝ թուրքերը, որ եկան, մեզ սպանելու են։ Եկողները հույս էին տալիս, ասում էին՝ մի վախեցեք, ոչ մի բան չի լինի, մենք ձեզ հետ ենք։ Գյուղը զինաթափված, թուրքը գյուղում, ո՞նց կարող ա ապահով լինես։ Էլի չէինք ուզում գնայինք գյուղից, սպասեցինք մինչև ամսի 25-ը, դրանից հետո մեր գյուղապետը կազմակերպեց, ասեց` ժողովուրդ ինչի՞ եք սպասում, ուզում եք մնա՞ք, թե՞ գնաք … ո՞վ կարա մնա, թեկուզ հա, որ մնաս, կարաս ինքնասպան լինես, բայց երեխաների համար սաղ դուրս եկան, մի մարդու նման։ Թողեցինք ամեն ինչ, գերեզմանները, մանկության հուշեր, ապրած օրեր։ Դուրս եկանք ու չգիտեինք ` ուր ենք գնում, ինչի ենք գնում, ոնց պիտի մնանք … դուրս եկանք, թողեցինք մեր տղաների արյունն էնտեղ»։ Կռվից, բարեբախտաբար, գյուղում որևէ զոհ չեն ունեցել, փոխարենը «կենդանի դիակներ էինք», ասում է Ալվարդը։ Տեղահանվելուց հետո՝ արդեն Հայաստանում, իրենց գյուղից չորս հոգի չեն դիմացել, ոմանք՝ սրտամկանի ինֆարկտից, մեկն էլ կոմայի մեջ մեկ ամիս մնալուց հետո՝ մահացել են։
6․ Արցախի գրեթե բոլոր գյուղերի զավթում, գյուղերից մարդկանց տեղահանումը Ստեփանակերտ (մարդիկ 1-2 ժամում լքել են իրենց տները, փախել անտառներով, հասել են Ստեփանակերտ, մեկ շաբաթ այնտեղ ապրել փողոցում, առանց սննդի և ապաստանի, թողնելով հայրենի գյուղերում հարազատներ, չթաղված դիակներ)
Սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանցիները՝ ռուս խաղաղապահների հետ մեկտեղ փակել են Արցախի շրջաններից դեպի Ստեփանակերտ տանող գրեթե բոլոր ճանապարները, թույլ չտալով, որ զավթած գյուղերի բնակիչներին օգնություն հասնի։ Ականատեսների պատմելով, հենց գյուղի մոտակայքում ադրբեջանցիներ էին երեւում, համայնքի ղեկավարին հրաման էին տալիս մարդկանց տարհանել։ Ոչ-ոք հստակ չի ասում, թե ով էր հրաման տվողը։ Մի դեպքում ասում են ռուսները, մյուս դեպքում՝ Արցախի ղեկավարությունը։
- Մարտակերտի Գետավան գյուղից Անահիտ Ղազարյանը պատմում է Արցախից տեղահանվելու ճանապարհին իր ծննդաբերության պատմությունը: «Մեր գյուղը հենց առաջնագծում էր: Ամուսինս ծառայության մեջ էր գտնվում, ճանապարհային ոստիկան է: Առավոտ աշխատանքի էր: Երբ ամեն ինչ սկսվեց, մեր հարեւանի տուն գնացինք, մի քիչ ցածր տեղ է տունը: Գնացինք այնտեղ, մնացինք մինչեւ ժամը 16.00-ն, մինչեւ մեր գյուղապետը հայտարարեց, որ թշնամին մոտենում է, պետք է դուրս գանք գյուղից, ապահով վայր գնանք: Ինչ պատահեց ձեռքիս տակ երեխայիս (2 տարեկան Մարինկայի) շորերից, վերցրի ու դուրս եկանք: Կրակոցները լսվում էին»,- պատմում է կինը ու հիշում, որ դստեր ու ամուսնու մոր հետ գնացել է գյուղի հիվանդանոց: «Հիվանդանոցում ես էի, որպես հղի, մի քանի հիվանդ երեխաներ կային: Հետո ինձ երկու վիրավորի հետ միասին Շտապ օգնության մեքենայով գյուղից հանեցին: Գյուղը տեղահանվեց, մնացին միայն տղամարդիկ ու ծառայության մեջ գտնվողները: Նրանք էլ մնացել են մինչեւ գիշերը: Երբ ասել են` վերջ գյուղը հանձնում ենք, նրանք էլ են դուրս եկել»: Ստեփանակերտում հղի կինը իր դստեր եւ ամուսնու մոր հետ նախ թաքնվել է մի բնակելի շենքի նկուղում, որտեղ բնակիները նրանց սնունդ ու ծածկոցներ են տվել, իսկ առավոտյան գնացել են օդանավակայան՝ ռուս խաղաղապահների հիմնական բազան: «Այնտեղ էլ խառը վիճակ, ցուրտ, ոչ ոք չգիտեր ինչ անել, ոչ ոքից տեղեկություն չկար: Այնտեղ ամուսինս եկավ մեզ հասավ: Մի քանի օր տարբեր տեղեր մնացինք, բայց հետո մեր գյուղի գլխավոր բժիշկի անձնական մեքենայով դուրս եկանք: Գիշերը ցավերը բռնեցին: Այդ ժամանակ մեր կողքով շտապ օգնությա մեքենա անցավ, բայց ես չուզեցա, որ ինձ համար կանգնացնեն, մտածեցի, որ վիրավորներ է տեղափոխում: Մեր բժիշկը ճանապարհին ռուս խաղաղապահներին խնդրեց, պայմանավորվեց, ճանապարհը բացեցին, սկսեցին մեզ ուղեկցել, մարդիկ էլ տեղ տվեցին, հասանք Մեծ Շեն, հետո Հակարի կամուրջ: Ադրբեջանցիները կանգնացրին մեքենան, տեսան, որ հղի եմ, ճանապարհ տվեցին: Այդ պահին մի քանի ժամ առաջ անցած Շտապ օգնության մեքենան հետ էր գալիս, դրանով ինձ վերցրին, տարան հիվանդանոց ու միանգամից երեխան ծնվեց»: Փոքրիկը բարեբախտաբար առողջ է ծնվել, սակայն 2.5 կգ քաշով, 48 սմ հասակով: Անահիտն ասում է` իրենից առաջ էլ, հետո էլ տարբեր կանայք են ծննդաբերել, բոլորի երեխաներն էլ փոքրիկ են եղել: Նրա խոսքով, պատճառը ոչ միայն շրջափակման վերջին շաբաթներին սննդի եւ անհրաժեշտ ամեն բանի պակասն էր, այլ բոլորի` առաջին հերթին հղի կանանց մոտ օր օրի ահագնացող լարվածությունն ու անորոշության վախն էր:
Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ մայրաքաղաք տեղափոխված արցախցիների ընտանիքներում ծնվել է 187 երեխա (93 տղա, 94 աղջիկ): Նրանցից 48-ը (22 տղա, 26 աղջիկ) ծնվել են դեկտեմբերին։
- 60-ամյա Լյուդմիլա Մարգարյանը միայնակ էր բնակվում Կարմիր Շուկա գյուղում, երբ սկսվեց սեպտեմբերի 19-ի հարձակումը։ Չնայած արցախցի կինը ցանկացել էր հավատալ, որ ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, սակայն, սեպտեմբերի 19-ին սկսվել էր լայնամասշտաբ հարձակումը։ «Ժամը մեկին սկսեցին կրակել, կրակոց ասել մի քիչ մեղմ է, ամեն կողմից կրակ էր թափվում։ Գյուղում սաղ լացելով դես ու դեն էին վազում։ Դուրս եկա, ասացին պատերազմ է սկսվել, թուրքերը մտել են գյուղերը։ Բոլորով հավաքվեցինք դպրոցի նկուղում, ամբողջ գիշեր կրակոցները չլռեցին, առավոտյան ասացին գյուղից դուրս ենք գալիս»,-ասում է տիկին Լյուդմիլան և նկարագրում, թե ինչպես սկսվեց գաղթական դառնալու ճանապարհը։ «Մի քիչ կոպիտ կասեմ, բայց կասեմ, էն որ ոչխարները մեքենաների մեջ են լցնում՝ ոնց պատահի, այդպես լցրեցին մեքենաները։ Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում, մի կերպ գյուղից դուրս եկանք։ Կես ոտքով, կես մեքենայով հասանք Ծվատեղ գյուղ (Մարտունու շրջան)։ Չորս օր մնացինք դպրոցում, բլոկադա էր, հաց չկար, մարդիկ ուզում էին օգնել, բայց ի՞նչ տային»,-այուհետ տիկին Լյուդմիլան պատմում է, թե ինչպես ոտքով կրկին վերադարձավ Կարմիր Շուկա։ «Հինգ օր մնացինք, հետո ասացին, որ գանք մեր տները։ Ծվատեղից ոտքով եկա մեր տուն, այդ օրը մնացի մեր տանը, առավոտյան հարևանն ասաց՝ հինգ րոպե ժամանակ ունես, թուրքերը մտել են գյուղը, հինգ րոպեի ճանապարհ էր, որ թուրքերը հասնեին մեր տանը։ Եկանք այդ գիշերը մնացինք Ճարտարում։ Առավոտյան ճանապարհ ընկանք Գիշի, որ բենզին տան, դուրս գանք։ Այդ օրն էլ անձրև, ցուրտ, նույն վիճակն էր ճանապարհին, ինչը նկարներով ցույց էին տալիս Ստեփանակերտից Գորիս ճանապարհին։ 24 ժամ մնացինք Գիշիի խաչմերուկում, հետո խաբար եկավ, որ բենզինի պահեստը տրաքել է, բոլորը խառնվեցին իրար։ Ժողովուրդը սկսեց ոտքով գնալ, մի կերպ հասանք Ստեփանակերտ, եկա փոքր աղջկաս մոտ»,-ասաց նա։
- «Տան մեծը ես եմ արդեն, պետք է գնամ աշխատեմ, որ կարողանամ տունը պահել»,- ասում է արցախից բռնի տեղահնված Գոռը։ 16-ամյա տղան Ճարտարից Սևան տեղափոխելուց հետո կրթության մասին մտածելու ժամանակ չունի։ Իր ուսերին են մնացել առողջական խնդիրներ ունեցող մոր ու անչափահաս եղբոր հոգսերը։ Գոռը Ճարտար քաղաքից է։ Այս քաղաքից բռնի տեղահանվածների հիշողություններում մի դաժանություն կա․ բոլորն ականատես են եղել գիշերային հուղարկավորություններին։ Գոռն ու ընտանիքը՝ նաև մասնակից։ 42-ամյա հորն էլ են ստիպված եղել գիշերով հուղարկավորել, որ թշնամին չնկատի մարդկային կուտակումներն ու չկրակի։ «Սեպտեմբերի 19-ին դպրոցում էի, ժամը 12:30 դուրս եկա, որ գամ տուն, արդեն տուն էի հասնում՝ ձայները լսեցի, փոքր դպրոցականներ կային՝ աղջիկներ, նրանց տարա ապաստարան։ Գնացի տուն պապան արդեն շորերն էր վերցնում, որ դուրս գար, սիրտս մի բան զգում էր, ասացի՝ պապ, մի գնա, գնա՛ց։ Մեզ էլ ասաց՝ գնացեք ապաստարան»,-հոր՝ պայմանագրային զինծառայող Վիտալի Աբաղյանի հետ վերջին հանդիպումն է հիշում որդին։ «Պապային հուղարկավորելուց երկու օր անց ասացին, որ բոլորը պետք է Ղարաբաղից դուրս գան։ Գնացի վառելիք ստացա, եկա, ասացի՝ պապայի ավտոն պետք է հանեմ, որպես հուշ։ Մեքենան խնդիրներ ուներ, մամայիս ու եղբորս փեսուս ավտոմեքենայով ճանապարհեցի, ինձ ասում էին՝ մեքենան թող, արի։
- Կոռնիձորը Հայաստանի վերջին գյուղն է։ Այնտեղից անխոչընդոտ երևում հայաթափված Արցախի Բերձոր քաղաքը։ Օլյա Մարգարյանի հայացքը գրեթե միշտ այդ ուղղությամբ է նայում, պատշգամից Արցախ տանող ճանապարն է երևում։ 52-ամյա կինը հույս ունի, որ մի օր այդ ճանապարհով վերադառնալու է իր տուն։ Նա էլի կգնա Արցախի Խաչեն գյուղ ու կշարունակի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմ վաճառել, ինչպես վերջին 17 տարիներին, միայն, թե Արցախ գնալու ու անվտանգ ապրելու հնարավորություն լինի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը փոխեց ամեն ինչ։ Խաչեն գյուղը մյուս բնակավայրերի նման հայտնվել էր ադրբեջանական կրակոցների տակ, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց ձայներն ահաբեկել են բնակիչներին։ «Տղաս Ասկերանում էր ծառայում, կրակոցները սկսվեց, զանգեցին կանչեին։ Բենզին չկար, ո՞նց գնար, հասներ այնտեղ։ Ասաց՝ կռիվը սկսվել է, պիտի գնամ։ Դուրս եկավ, ավտո չէր եղել, հետ եկավ։ Գյուղի սաղ կանայք ու երեխաները դուրս եկան, գնաց Ստեփանակերտ, ով՝ ինչպես կարողացավ դուրս եկավ, տրակտորներով էլ էին գնում Ստեփանակերտ, իսկ տղամարդիկ մնացին, նրանց ավտոմատ տվեցին, որ գյուղը պաշտպանեն։ Ամուսինս ու տղաս էլ մնացին, որ մտնեն գյուղ, գոնե պաշտպանեն։ Մենք եկանք Ստեփանակերտ, մեկ շաբաթ մնացինք, տեսանք այնտեղ էլ են ուժեղ տրաքացնում, գնացինք աէրոպորտ, այնտեղ ոչ մի բան չէին անում, ռուսներն ասացին՝ խի՞ եք եկել այստեղ, հետ եկանք տուն։ Հետո ասացին՝ բոլորը պետք է դուրս գան։ Տղաս ու ամուսինս գյուղից եկան, եկանք Հայաստան»,-պատմում է կինը։
7․ Պայթյուն Ստեփանակերտի բենզինի պահեստում, գերիներ
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստներից մեկում, որտեղ բնակիչները ստիպված գնացել էին վառելանյութ հայթայթելու՝ իրենց ընտանիքներին փրկելու համար, կասկածելի հանգամանքներում տեղի է ունեցել սարսափելի պայթյուն, որի հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, ևս 200-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։
Գենադի Գրիգորյանը իր սիրելիի հետ ամուսնացել էր 44-օրյա պատերազմի ավարտից` առաջնագծից վերադառնալուց անմիջապես հետո: Երեք տարի անց նա կրկին հայտնվում է առաջնագծում, օրեր շարունակ մնում է շրջափակման մեջ, հրաշքով ողջ է մնում եւ սեպտեմբերի 25-ին զոհվում է կրտսեր եղբոր հետ միասին` բենզալցակայանի պայթյունի ժամանակ: Գենադիի այրին` 24-ամյա Անահիտ Գրիգորյանը իրենց 2 տարեկան որդու հետ այժմ ապրում է Օշական գյուղում: Ասկերանի Սարուշեն գյուղից տեղահանված երիտասարդ կինը հիշում է` սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական ռազմական գործողությունների հետեւանքով գյուղի կանայք ու երեխաները թաքնվել են մոտակա անտառներում, Գենադին եւս մի քանի տղամարդու հետ ուղեկցում էր նրանց:
«Մեզ տարան մինչեւ Մարտունու շրջանի Մսմնա գյուղը: Այդտեղ մի քանի ժամ մնացինք, բայց հասկացանք, որ այդ գյուղում էլ է վտանգավոր, մեզ տարան Ստեփանակերտ… Այդ ամենը մեր գյուղապետն էր կազմակերպել, որը այդ ժամանակ արդեն վիրավոր էր, շատ ծանր վիճակում էր, բայց ամեն ինչ կազմակերպել էր: Եթե նա այդպես չաներ, երեւի մենք հենց այդ անտառներում էլ կհանդիպեինք ադրբեջանցիներին ու վերջը չգիտեմ ինչ կլիներ »,- պատմում է կինը։
Անահիտի խոսքով, այնտեղից կանայք տեղափոխվել են Ստեփանակերտի նկուղներ, տղամարարդիկ մնացել են Մսմնայում, ապա գնացել են Ննգի. «Ննգիյում տղամարդիկ, այդ թվում ամուսինս մի քանի օր շրջափակման մեջ են մնացել, մինչեւ որ ռուս խաղաղապահները ողջ մնացածներին հանել են: Խաղաղապահները այնտեղ են գնացել ադրբեջանական կողմի բարձր պաշտոնյաների եւ մեր բարձր պաշտոնյաների հետ: Դա հետո իմ ամուսինն էր ինձ պատմել: Պատմել էր, որ ռուս խաղաղապահներն ասել են` պետք է զինաթափվեք, որ բանակ այլեւս գոյություն չունի, բանակը ոչնչացված է, զենքերը հանձնեք, եթե ցանկանում եք, որ մենք ձեզ ապահով տեղ հանսցնենք: Ու նրանց տեղափոխում են Ստեփանակերտ»։
Պայթյունը՝վերջին կաթիլն էր, որ մարդկանց համոզեց, որ ոչ պետական, ոչ ռազմական, ոչ բժշկական համակարգերն այլեւս չեն աշխատում Արցախում եւ ոչ մի տեղից օգնություն չի լինելու։
Պայթյունի զոհերից շատերի նույնիսկ իրերը չգտան, հուղարկավորումը գենետիկ հետազոտությունների հիման վրա էր։ Ընտանիքների մոտ կասկածներ էր առաջացել․ արդյո՞ք պայթյունը անփութության հետևանք էր, թե՞ ահաբեկչություն եւ դաժան սպանություն։ Արդյո՞ք ճիշտ են պտտվող լուրերն առ այն, որ մի շարք անհայտ կորածներ իրականում գերի են ընկել։
Նախորդ տարվա վերջին 32 հայ ռազմագերիների ազատ արձակմամբ հարցը չի լուծվել, և ադրբեջանական բանտերում շարունակում են հայ գերիներ պահվել։ Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ նրանք 23-ն են, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են՝ քաղաքացիներ, զինծառայողներ, իսկ 8-ը՝ արցախցի պաշտոնյաներ: Միաժամանակ իրավապաշտպանները ահազանգում են՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ կան փաստական տվյալներ, որոնց մասին Ադրբեջանը լռում է։
«Գերիների խնդրից զատ մենք ունենք բռնի անհետացածների ու անհետ կորածների խնդիր, որը համարվում է չլուծված։ Հարյուրավոր հայերի ճակատագրերի առնչությամբ դեռևս պատշաճ քննություն չի իրականացվել և ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը իրացված չէ։ Դա տառապանք է պատճառում այդ անձանց ու հավելյալ անորոշություն ստեղծում», —Forrights.am-ին ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը, որը բազմաթիվ հայ գերիների հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացրել։
- 36-ամյա Դավիթ Ալահվերդյանը, որը Արցախի գյուղատնտեսության նախարարի խորհրդականն էր ու ագրարային համալսարանի դասախոս, այժմ Բաքվի բանտում է․ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են «ահաբեկչության, ապօրինի զինված խմբավորում ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու» համար։ Այսինքն՝ առաջադրված է գրեթե նույն մեղադրանքը, ինչ ադրբեջանական բանտում գտնվող արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նա Ադրբեջանում պահվող ու պաշտոնապես հաստատված 23 գերիներից մեկն է։ Դավիթը Սզնեք գյուղից էր, բայց փոքրիկ ընտանիքի հետ վարձակալությամբ ապրում էր Ստեփանակերտում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ երկրի մեծ մասը գրավված էր, յուրաքանչյուր գյուղ սեփական բնակիչներից աշխարհազորայինների խումբ է ստեղծում, որը ամիսը մեկ անգամ 7-10 օրով գյուղի մերձակա դիրքերն էր պաշտպանում, ծառայության հարցում աջակցում ժամկետային զինծառայողներին։ Սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիների զինված հարձակումը Արցախի գյուղական բնակավայրերի վրա համընկնում է Դավիթի հերթապահության հետ։ «Սեպտեմբերի 19-ին առավոտյան ժամը 11-ի կողմերը տագնապ տվեցին, որ թուրքերը շատ են մոտեցել, անտառներում են, ձորերում, ուշադիր եղեք։ Դրանից 1-2 ժամ հետո հարձակումն եղել է։ Մեր տղաներին հրաման եղավ, որ դիրքերից իջնեն, անմիջապես մտնեն գյուղ, գյուղի խրամատներն էլ հենց մեր տանը մոտ են։ Դիրքերը հսկող բոլոր տղաները անփորձանք, առանց կորուստի եկել են գյուղ», -Forrights.am-ին պատմում է Դավիթի հայրը՝ 64-ամյա Նելսոն Ալահվերդյանը։
Արցախից 2020-2023 թ․ գերեւարված անձանց Ադրբեջանում մեղադրանք են առաջադրում ռազմական հանցագործություններին եւ ահաբեկչությանը մասնակցելու համար։ Չնայած պայմանավորվածության, Ադրբեջանը պահում է գերիներին որպես պատանդներ՝ քաղաքական հարցերի լուծման առեւտրում։
- Դեկտեմբերին հայրենադարձված ռազմագերիների թվում էր նաև պահեստազորային Գագիկ Ոսկանյանը, որը Ջերմուկի դիրքերում ընդամենը վարժական հավաքների էր մասնակցում։ Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ պահեստազորային չի կողմնորոշվել տեղանքում և մոլորվել է, սակայն ավելի ուշ Ադրբեջանը նույն պահեստազորայինին ներկայացրել է որպես «ադրբեջանական տարածք ներթափանցելու փորձ կատարած հայկական դիվերսիոն հետախուզական խմբի անդամ» ու մի քանի ամիս տևած դատավարությամբ դատապարտել էր 18 տարվա ազատազրկման։ Ադրբեջանը երևանցի զինծառայողին մեղադրում էր ապօրինի սահմանահատման ու ահաբեկչություն իրականացնելու համար, թեպետ Գագիկ Ոսկանյանը որևէ մեղադրանք չի ընդունել։
«Ես գյուղացի եմ, ոչ թե ահաբեկիչ»․ Հայերը՝ ադրբեջանական դատարանի առաջ
Մինչև վերջ մեղադրանքը չի ընդունել նաև արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հենց Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետում, դստեր ներկայությամբ, երբ նա տեղափոխվում էր Հայաստան առողջական խնդիրները լուծելու համար։ Ադրբեջանական իրավապահ համակարգը Վագիֆ Խաչատրյանին մեղադրել է «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես մեղադրանքում նշվել է, որ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման ժամանակ սպանել են ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»։ Այնուհետև նշվել էր՝ «Որոշում է կայացվել Վագիֆ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով»։
Ամիսների դատավարությունից հետո կայացված դատավճռով Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Վճիռը արցախցին բողոքարկել է մինչև Վերաքննիչ դատարան, սակայն այս պատժաչափը մնացել է անփոփոխ։ Այդուհանդերձ, մինչև վերջ Վագիֆ Խաչատրյանը պնդել է, որ մեղավոր չի և որ ինքը չի եղել նշված իրադարձությունների ժամանակ․ «Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ես ահաբեկիչ չեմ, ես գյուղացի եմ։ Ինձ ձերբակալեցին, ոչ թե որպես ահաբեկիչ, ես Բադարա գյուղից էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ»։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերոնիկա Խաչատրյանը պնդում է՝ իր հայրը մեղավոր չէ, առաջադրված մեղադրանքը նրա հետ աղերս չունի, ու ընդհանրապես, հայրը չի մասնակցել Մեշալի գյուղի իրադարձություններին։ «Իմ հայրը մեղավոր չէ, որքան պետք է այդ մասին կարող ենք բարձրաձայնել, մեղավոր չէ։ Միանշանակ՝ ինքը ամեղ մարդ է», —Forrights.am-ին ասում է Վերոնիկա Խաչատրյանը։
Սիրանուշ Սահակյանն ասում է՝ ձևական է, որ Վագիֆ Խաչատրյանի դատական գործը հասել է մինչև Վերաքննիչ դատարան, քանի որ այդպիսով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ներպետական դատական ատյանները կիրառում են միջազգային պահանջվող մեխանիզմները անձի իրավունքների պաշտպանության հարցում։
«Միջազգային կառույցներում մենք բազմիցս բարձրացնում ենք, որ այդ երկրում իրավաբանական օգնության հարցում լուրջ խնդիրներ կան։ Մենք այս գործընթացները որակում ենք իմիտացիոն։ Ի սկզբանե դատական գործերի ելքերը կանխորոշված են ու կանխորոշված են նախագահի աշխատակազմում», -ընդգծում է Սահակյանը։
Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից օրեր անց, օգոստոսի 1-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալվել էր տեղանքում մոլորվելու հետևանքով Աղավնո գյուղում հայտնված 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ Տարեց արցախցուն ադրբեջանական կողմը մեղադրել է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար, և այս մասին հարցաքննության ժամանակ իբրև թե խոստովանել է հենց ինքը՝ Բեգլարյանը։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Ռաշիդ Բեգլարյանը տեղում ցուցմունք տալու ժամանակ մանրամասն ցույց է տվել այն վայրերը, որտեղ իբրև թե հանցավոր գործողություններ են եղել քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Բեգլարյանը 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշիից, իսկ մինչև ձերբակալումը գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
Արցախի Գետավան գյուղի բնակիչ 71-ամյա Մադաթ Բաբայանը Բաքվում հայտնվել է 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ արդբեջանական զինված ուժերը գրոհով հարձակում էին գործել Արցախի նկատմամբ։ Ադրբեջանցիների հարձակման օրը գյուղում առաջացած խուճապից հետո միայնակ, առանց հեռախոսակապի մնացած Բաբայանը համարվել է անհետ կորած մինչև Բաքվից զանգ ստանալը․ զանգել է, ընտանիքին տեղեկացրել, որ Բաքվում է, գերության մեջ։ Զանգն ընտանիքը ստացել է հոկտեմբերի 9-ին։ Բաբայանին ևս ադրբեջանցի իրավապահները ներկայացնում են ահաբեկիչ ու մեղադրում են «Խոջալուի դեպքերին մասնակցելու, վայրագություններ կատարելու» համար։
Քաղաքական զիջում՝ պաշտոնատար անձանց ու մյուս գերիների ազատ արձակման դիմաց
Շարքային արցախցիներից բացի, ադրբեջանական գերության մեջ են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է տարբեր հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության ֆինանսավորման» համար, Դավիթ Մանուկյանին՝ Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու համար, իսկ 2015-18 թվականներին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին՝ «անօրինական խմբավորմանն անդամակցելու և 2002-ին Ալխանլի գյուղում մի խումբ ադրբեջանցիների գերեվարելու ու խոշտանգելու» համար։
Հատկապես ծանր մեղադրանքներ են առաջադրվել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի նկատմամբ՝ ահաբեկչության մեղադրանք Ադրբեջանի քրեական օրենգրքի 7 հոդվածներով: Մասնավորապես, նրանց վերագրվում է «ներգրավվում ապօրինի զինված կազմավորումների ձևավորման և գործունեության մեջ», «այդ խմբերի զինում, ռազմական սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով, զինամթերքով», «ահաբեկչության ֆինանսավորում» և ահաբեկչական գործողությունների հետ կապված այլ մեղադրանքներ: Սիրանուշ Սահակյանն ասում է՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների իրավունքների պաշտպանության հարցով իրավական գործընթացը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրականացվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4-րդ գանգատի շրջանակներում։
«Տարիներ կպահանջվեն, մինչև իրավական գործընթացները հանգեցնեն պարտադիր նշանակության որոշումների կայացմանը։ Դրանք լուրջ հակակշիռ են և զուգակցվում են քաղաքական գործընթացներով»,- նշում է Սահակյանը։
Ադրբեջանի գործելաոճը իրավաբանը լավ գիտի՝ բեմականացված դատավարությունները կշարունակվեն հատկապես որ առջևում Ադրբեջանի նախագահի ընտրություններ են։ «Առանց այդ դատավարությունների ու դրանց քաղաքական օգուտների Ադրբեջանը առայժմ ազատ չի արձակի պաշտոնյաներին», -կանխատեսում է Սահակյանը։
Հունվարի 26-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արցախի նախկին նախագահները դատավարությունը տեղի է ունենալու Ադրբեջանում։ «Անջատողականների նկատմամբ դատավճիռը կկայացվի ադրբեջանական դատարաններում», —ասել է Քեմրան Ալիևը։
Մինչ դատավարությունը ադրբեջանական տեղեկատվական հոսքերը պարբերաբար հրապարակում են արցախցի պաշտոնյաների լուսանկարներ բանտախցից, իսկ սոցցանցերում տարածող ադրբեջանցի օգտատերերը հեգնում ու ծաղրում են նրանց։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձումը գործող իշխանությունների համար առաջնահերթություն չէ։ «Իրենք համարում են, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշեց այդ մարդկանց հանձնել Ադրբեջանին, ուրեմն իրենք այդ հարցում որևէ պատասխանատվություն և հետաքրքրություն չունեն», —Forrights.am-ին ասում է Անդրիաս Ղուկասյանը՝ ընդգծելով, որ գերության մեջ գտնվող անձանց մեծ մասը Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն են, հետևաբար ինքը որևէ շահագրգռություն չունի նրանց հայրենադրաձնելու հարցում։
8․ Հրամանագիր՝ հանրապետությունը կազմաքանդելու եւ բանակը զինաթափելու մասին
Սեպտեմբերի 27-ին, Ռուսաստանի և Ադրբեջանի ուժային ճնշման ներքո, խաղաղ բնակչության ցեղասպանության սպառնալիքի տակ Ղարաբաղի ղեկավարությունը ստորագրեց փաստաթուղթ՝ պետական կառույցների լուծարման, բանակի զինաթափման և Բաքվի և Մոսկվայի պարտավորության մասին, որոնք պետք է թույլ տային քաղաքացիական անձանց հեռանալ Լաչինի միջանցքով։ Սկսվեց հայերի արտագաղթը. ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ղարաբաղը լքեց 100 հազարից ավել մարդ՝ ամբողջ բնակչությունը։
Այն, որ սրանից հետո ռուսական զորքերը մնացին Ղարաբաղում, իսկ Բաքուն չպահանջեց նրանց դուրս բերել, խոսում է համատեղ հանցագործության մասին։
Ըստ նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի՝ 2024 թ․ հունվարի 1-ից Արցախի հանրապետությունը լուծարված է համարվում։ Սակայն Շահրամանյանը, որը, ի տարբերություն Արցախի մնացած ղեկավարությանը, տեղափոխվել է Հայաստան, ակնարկել է, որ իր հրամանագիրն առ ոչինչ է։ Առ այսօր հասարակական հիմունքներով գործում են նաեւ Արցախի խորհրդարանը, օմբուդսմենը եւ մի շարք այլ ինստիտուտներ։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով: Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:
Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:
Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
«2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին», — դեկտեմբերի 31-ի գիշերը գրել են ռուսական պետական լրատվամիջոցները։ Նման արձանագրման «հապճեպությունը» հուշում է, որ Մոսկվայում կարևոր ծրագրեր են կապում այս հրամանագրի հետ։ Այն, որ Սամվել Շախրամանյանի «հրամանագիրը» գրվել է ռուսերեն՝ օգտագործելով ռուսական ռազմական դիվանագիտությանը բնորոշ տերմինաբանությունը, վկայում է այն մասին, որ փաստաթուղթը ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում գրված կարեւոր հանգրվան է։ Մոսկվան, Պուտինի մամուլի քարտուղարի միջոցով, հրամանագիրը ստորագրելուց հետո, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու «անմիջական ուղղակի պատճառ չկա» և «դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր»։ «Բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանցից ոմանք, թերևս, ցանկություն են հայտնում դա անել ընդմիշտ, մի մասը՝ ժամանակավոր»,- հավելել է Պեսկովը։ Քանի որ ոչ ոք մեղավոր չէ և ոչ ոք չի դատապարտել Ադրբեջանին 120 հազար մարդու տեղահանության համար, նույնիսկ Հայաստանը, դա նշանակում է, որ արցախցին ինքն է մեղավոր, և նա ոչ մեկից չպետք է ակնկալի իրավական կամ քաղաքական աջակցություն։
Միևնույն ժամանակ, ոչ մի կողմ չի հայտարարել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը կորցրել է ուժը՝ Արցախի դեմ ագրեսիայի և բնիկ մեծամասնության արտաքսման պատճառով։
Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել Շահրամանյանի հրամանագրի ուժի մեջ մտնելուն և չի պարզաբանել, թե ինչ է լինելու 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ։ Հայկական իշխանամետ ալիքներում շարունակվում է կատաղի քարոզչությունը «Հայաստանում Արցախի պետական և այլ մարմինների գոյության անթույլատրելիության մասին»՝ այն պատրվակով, որ դա կարող է խաթարել Հայաստանի անվտանգությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում հաստատեց այս թեզը՝ ներողություն խնդրեց ղարաբաղցիներից, բայց միաժամանակ ասաց, որ ամեն ինչ արել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան շահերից։
Փաստորեն ասվում է, որ Արցախի բնիկները կորցրեցին ամեն ինչ՝ իրենց հայրենիքը, իրավունքները, տունը, ունեցվածքը՝ հանուն Հայաստանի պահպանմանը, որն իրենց չի ճանաչում որպես քաղաքացի։ Չէ՞ որ նույնիսկ նրանց ՀՀ անձնագրերը օրինական չճանաչվեցին։
Շահրամանյանի սեպտեմբերի 28-ի հրամանագրից և Արցախից հայերի լիակատար արտագաղթից հետո ստեղծվեց իրավական վակուում, որը ՀՀ կառավարությունը փորձում է ծածկել ֆինանսական աջակցությամբ և մարդասիրական ծրագրերով։
Forrights.am-ի հետ զրույցում քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն նշել է, որ «բլոկադան գործողություն է, որն ուղղված է ժողովրդին ճնշելու, քաղաքական ուլտիմատում պարտադրելու համար։ Արցախի վրա սեպտեմբերի 19-ին հարձակում է եղել, հարյուրավոր մարդիկ են զոհվել, դա փաստ է։ Եվ բլոկադան, և հարձակումը, և ռուս խաղաղապահների պահվածքը այդ ամբողջ գործողություններն ուղղված էին Արցախի հանարապետությունը լուծարելու, ժողովրդին հանելու համար»։
«Այլ բան, որ ՌԴ ղեկավարությունը հույս ուներ, որ նման պայամաններում որոշ քանակ կմնա, բայց ոչ մեկ չմնաց, բոլորը դուրս եկան։ Աղդամում բանտ էին սարքում, դա, եթե սպառնալիք չէր, ի՞նչ էր։ 2020 թվականին մենք տեսել ենք այն կադրերը, թե ինչպես Հադրութում գնդակահարում մի երիտասարդ տղայի և մի տարեց կնոջ, ո՞վ չի տեսել»,-ասել է Ղուկասյանը։ Հայաստանի իշխանություններն անպատասխան են թողել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե իբր Արցախում էթնիկ զտում տեղի չի ունեցել և հայերն այնտեղից հեռացել են իրենց ցանկությամբ։ «Լավրովի արձագանքը ցինիզմ է, բայց հարցին նայենք Ռուսաստանի տեսակետից, իրենք կարո՞ղ են արձանագրել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ո՛չ, որովհետեև իրենք իրենց երկրում ունեն օրենսդրական ակտ, որը բանակին մանդատ է տալիս ապահավել Արցախում գտնվող մարդկանց անվտանգությունը։ Փաշինյանը սատար չի կանգնում Արցախի ժողովրդի օրինական պահանջներին, չի ճանաչում Արցախի օրինական իշխանություններին, վտարանդի կառավարությանը, ինչո՞ւ չի ճանաչում։ Դրանով նպաստում է Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին։ Եղել է հանցագործություն, զոհին ասում են՝ ասա, որ հանցագործություն չի եղել»,-հավելել է Անդրիաս Ղուկասյանը։
9․ Ելք եւ Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը
Ղարաբաղցիների փորձությունը շարունակվեց Հայաստանում, որտեղ կառավարությունը չճանաչեց նրանց հայկական անձնագրերը, ինքնությունն ու կենսագրությունը հաստատող փաստաթղթերը։ Հայաստանում ստեղծվեցին նաեւ արցախցիներին աշխատանքի ընդունման խոչընդոտներ։ Հայաստանի կառավարության որոշմամբ արգելվում է Ղարաբաղի իշխանությունների գործունեությունը և ճնշվում ինքնակազմակերպման ցանկացած փորձ։ Մարդկանց փաստաթղթերը և քաղաքացիությունը փոխելու պարտադրանքը, ղարաբաղցիներին իրավական և քաղաքական պաշտպանություն տրամադրելուց Հայաստանի կառավարության հրաժարումը և ինքնակազմակերպման ցանկացած փորձի արգելումը սոցիալական տեռորի շարունակություն են հիշեցնում։
Ընդամենը մեկ շաբաթում՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեցին մոտ 100 հազար արցախցիներ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ չկա Արցախ, բայց կան արցախցիներ` իրենց բազմապիսի սոցիալական, հոգեբանական, կենցաղային խնդիրներով։
Ըստ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են ավելի քան 108 հազար բռնի տեղահանված արցախցիներ։ Ծառայությունից հաղորդում են, որ թվերը ճշգրտվում են, հաշվառման բազաների տվյալները վերանայվում և մաքրվում են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Forrights.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել են հետևյալ թվերը։ 4 հազար 313 տեղահանված արցախցի տեղավորվել է Արագածոտնի մարզ, մեծ մասը՝ 3 հազար 136 քաղաք Աշտարակ։ 14 հազար 653 անձ բնակություն է հաստատել Արարատում, մոտ կեսը՝ 7 հազար 250 մարդ, Մասիսում են։ Արմավիրում 9 հազար 405 անձինք են, որոնց մեծ մասը՝ քաղաք Վաղարշապատում։ Գեղարքունիքում 4019 բռնի տեղահանվածներ են հանգրվանել, 1719՝ Սեւանում։ 6 հազար 290 անձ բնակվում է Լոռու մարզում, որոնց կեսը Վանաձորում են։ Տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են տեղավորվել` Հրազդան, Աբովյան քաղաքներում, ընդհանուր թվով՝ 22 հազար 480 անձ։ Շիրակի թվերն ավելի համեստ են՝ 4 հազար 111, կեսը Գյումրիում են։ Սյունիքի մարզում 3 հազար 740 անձ է ապրում, առաջատարը Գորիսն է` 1341 տեղահանվածով։ Վայոց Ձորում 1566 մարդ է բնակվում, Տավուշում՝ 2 հազար 963, որից 1272-ը` Դիլիջանում։ Ընդհանուր առմամբ, ՏԿԵՆ տվյալներով, Հայաստանի մարզերում, Երեւանը չհաշված, այս պահին բնակվում է 73 հազար 540 անձ։ Նրանցից 49 հազար 598-ը տեղավորվել է պետության աջակցությամբ։ ՀՀ-ում հաշվառված 108 հազարից 34 հազար 460 անձ էլ բնակվում է Երեւանում կամ արտագաղթել են։
- Գրիգորյանների ընտանիքը Ստեփանակերտից հեռացել է սեպտեմբերի 28-ին՝ Արցախ ադրբեջանական ներխուժումից 9 օր անց։ «Արդեն թուրքը Ստեփանակերտի մատույցներում էր, կրակոցները պարզ լսվում էին, պահը կրիտիկական էր։ Ստեփանակերտից հեռացանք ամսի 28-ին, մնացել էինք էդքան էն հույսով, որ կարող ա բան փոխվի։ Բայց հասկացա, որ չէ, ոչ մի բան էլ չի փոխվի», -Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանված Կարեն Գրիգորյանը։ Երկու ընտանիքով Ստեփանակերտից Հայաստան բռնի տեղահանված Գրիգորյանները այնտեղ թողել են փոքր բիզնեսը, խանութն ու հարազատ միջավայրը։ Այստեղ ապրում են Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, հարազատի տանը, որը շուտով ստիպված են ազատել։ «Երբ բենզինի պայթյունը տեղի ունեցավ, եւ բժիշկները չէին կարողանում գալ, հասկացանք, որ վերջ, վախտն ա, որ մենք էլ գնանք։ Շատ դժվար էր, քո ձեռով տունը փակես, դուրս գաս։ Մաման վերջում տունը լվաց, ուբոռկա արեց, դուռը փակել ենք, դուրս եկել», -հիշում է Կարենը։ Տան բանալիները, ասում է, իրենց մոտ են․ դրանք անպայման վերադառնալու հույս են տալիս։ 39-ամյա Կարեն Գրիգորյանը արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, հետո ինքն է մասնակցել Արցախում ծավալված բոլոր ռազմական գործողություններին, զինվորական թոշակառու է, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն։ Ասում է՝ իր հետ կարողացել է Հակարիով անցկացնել բոլոր շքանշաններն ու ռազմական գործողություններին մասնակցությունը վկայող փաստաթղթերը։
- Սովից, պատերազմից ու հոգեբանական խնդիրներից հետո Արցախից Հայաստան հասած Ռաֆիկ Մարտիրոսյանին այժմ էլ տանջում է եղբոր մասին որևէ տեղեկություն չունենալու փաստը։ 66-ամյա տղամարդը Forrights.am-ի հետ զրույցում պատմում է, որ արդեն երկու ամիս ավելի է, ինչ առողջական խնդիրներ ունեցող եղբոր՝ Ռաշիդ Մարտիրոսյանի մասին լուր չունի։
«Եղբայրս չկա հիվանդ երեխայի հետ, կինն էլ մահացած է։ Ես դուրս գալուց գնացել եմ, ինքը տանը չի եղել, դուռը բաց էր, ինքը դուրս էր եկել տնից, չեմ իմանում տեղը։ Չգիտեմ՝ Արցախում է, թե չէ, հեռախոս չունի»,-ասաց Ռաֆիկ Մարտիրոսյանը։
Ռաշիդ Մարտիրոսյանը եղբոր՝ Ռաֆիկի տուն վերջին անգամ այցելել է սեպտեմբերի 20-ին։ Սակայն դրանից հետո Արցախում պատերազմական իրավիճակով պայմանավորված եղբայրներին չի հաջողվել հանդիպել միմյանց։
Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետը, նախագահը, խորհրդարանի խոսնակը, մեկը մյուսի հետևից ասում են, որ Արցախի պետական մարմիններն իրենց աշխատանքը չպետք է շարունակեն Հայաստանում, քանի որ Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն։ Իսկ Արցախի ժողովրդի իրավունքները իբր ամբողջությամբ պաշտպանում է Հայաստանի իշխանությունը։
Սակայն Արցախի ժողովրդի քաղաքական և իրավական կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության մոտեցումները ոչ միայն չեն տարբերվում Բաքվի դիրքորոշումից, այլև շատ առումներով «գերազանցում» են նրան։ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես դիմում է միջազգային ատյաններ հայցերով, որոնք կոչված են հաստատելու Բաքվի իրավասությունը ոչ միայն Արցախի տարածքների, այլեւ հենց արցախցիների նկատմամբ։
Նման մի հայցով ՄԱԿ Միջազգային դատարանը միջանկյալ որոշում է ընդունել նոյեմբերի 17-ին, եւ դրանից հետո 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի հայցի միջանկյալ միջոցառուների իրականացման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո հայրենիքը լքած արցախցիների վերադարձը իրենց տները «անվտանգ, անարգել և արագ»։ Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին «պաշտպանել» անձը և/կամ մասնավոր սեփականության գրանցման բոլոր փաստաթղթերը և «պատշաճ ուշադրություն դարձնել նման փաստաթղթերին և գրառումներին իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունել է դատարանի որոշումը։ Ի՞նչ միջոցներ կձեռնարկի Բաքուն՝ ի կատարումն դատարանի որոշմանը։
«Բնակարանները, մշակութային հուշարձանները Ղարաբաղում հսկում են հատուկ ջոկատայինները։ Տները կնքված են, ոչ ոք մուտք չի գործում”, ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության Բաքվի կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Կարծում եմ, ինչպես Ադրբեջանի կառավարությունն արդեն հայտարարել է, բոլորին, ովքեր ցանկանում են վերադառնալ, ժամանակ կտրվի։ Այսինքն՝ նրանք, ովքեր ցանկանում են վերջնականապես վերադառնալ, կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզում է գալ և վերցնել իրերը, ապա, ամենայն հավանականությամբ, նրան նման հնարավորություն կտրվի։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա։
Այսինքն՝ ինչ-որ պահի կարող է բացվել Բերձորի միջանցքը, որպեսզի արցախցիները կամ վերադառնան և ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ վերցնեն իրենց իրերը՝ թողնելով տները, հողերը, ունեցվածքը Բաքվի հայեցողությանը։
«Սեփականությունը» աննկատ վերածվում է «անձնական իրերի», եւ սառնարաններով վերադառնող արցախցիները Հակարի կամրջի վրա ստիպված կլինեն փաստաթուղթ ստորագրել, որ Բաքվի նկատմամբ սեփականության պահանջ այլեւս չունեն։
Այդպիսով անշարժ գույքը, հողը, կոմունիկացիաները, արդյունաբերական ակտիվները, որոնք արցախցիների անձնական կամ կոլեկտիվ սեփականություն են, կմնան Ադրբեջանին: Այժմ նույիսկ Բաքուն դրանց ձեռք չի տալիս։
Եթե արցախցիները չվերադառնան և չվերագրանցեն իրենց ունեցվածքը «ողջամիտ ժամկետում», ապա Բաքուն կարող է պետականացնել այն (ինչպես արեց Թուրքիան 1923 թ.), կամ նույնիսկ փոխանցել այն ուրիշներին: Դժվար թե ՀՀ իշխանությունները բողոքարկեն։
10․ Պատմա-մշակութային եւ ազգա-կրոնական ժառանգության կորուստ
Արցախից բռնատեղահանվածների հրատապ խնդիրների շուրջ հանրային քննարկումների ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի մամուլի ակումբը 2024 թ․ հունվարին քննարկում է կազմակերպել, որը նվիրված էր Արցախի պատմամշակութային ժառանգությանը, առկա վտանգներին ու անելիքներին։
2020 թվականի, ապա նաև 2023 թվականի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Արցախի տարածքը հայաթափվեց, սակայն թշնամու վերահսկողության տակ մնաց հսկայական մշակութային ժառանգություն, որը ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ է։
ԱՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նյութական մշակութային ժառանգությանը համընթաց ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք առկա են, ոչ մշակութային ժառանգության վերաբերյալ և ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այդ խնդրին, երբ մոռացության վտանգի տակ են Արցախի բարբառը իր ենթաբարբառներով, սովորությունները և այլն։
“Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ” ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի համար զարմանալի է, որ քիչ է ուշադրություն դարձվում շարժական մշակութային արժեքներին, մինչդեռ առնվազն 30 թանգարանային և արվեստի նմուշների հավաքածու է մնացել Արցախում, չհաշված մասնավոր արխիվները։
Ներկաները անդրադարձան նաև Արցախում մնացած գրադարանային ֆոնդին և մարդկային հիշողությանը, որպես սոցիոմշակույթ, որը նույնպես վտանգված է, կտրված լինելով իր բնական միջավայրից։
Քննարկմանը ներկա չէր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչը, մինչդեռ հայկական պատմամշակութային ժառանգության արցախյան հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը պետք է դառնա համահայկական խնդիր, միջազգային հարթակներում հաջողություն ապահովելու և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը զսպելու և մշակութային ժառանգությունը փրկելու համար։
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում է, որ վաղուց է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու դիմումով, եւ կազմակերպությունը շահագրգռվածություն է ցուցաբերել։ Սակայց առ այսօր այցը չի կայացել, թեկուզ այս ընթացում բազմաթիվ նկարներ եւ լուրեր են տարածվում Արցախում հայկական ժառանգության հանդեպ պղծման, սեփականաշնորհման եւ քանդման քաղաքականության մասին։
11․ Ամփոփում, որոշումներ, միջազգային բանաձեւեր եւ առաջարկներ
Վերոհիշյալ եւ այլ փաստերը վկայում են այն մասին, որ Արցախից հայերի բռնագաղթը տեղի է ունեցել հետևողական ցեղասպանական գործողությունների և ոչ լեգիտիմ քաղաքական որոշումների հետևանքով։ Խախտվել է ուժի չկիրառման միջազգային հիմնարար սկզբունքը։ Իսկ մարդու հիմնարար իրավունքները ոտնահարվել են անօրինական քաղաքական որոշումների եւ գործողությունների արդյունքում՝ ագրեսիա, ռուսական զորքերի մուտք, Ղարաբաղի մեկուսացում միջազգային իրավական տարածքից և օրինական միջազգային մարմիններից, ՀՀ վարչապետի ստորագրությամբ ընդունված, բայց չվավերացված նոյեմբերյան հայտարարությունը, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու բանավոր հայտարարությունը եւ այլն։
Ելնելով այս ամենից, հետագա քայլերը պետք է հստակ ուղղություն ունենան․
- Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը պետք է դառնա գերիշխող և անվիճելի ժողովրդավարական աշխարհում։ Այս համատեքստում ղարաբաղյան հակամարտության ուժային «կարգավորումը», ռազմական ուժով ինքնորոշման իրավունքի ճնշումը չեն կարող լեգիտիմ ճանաչվել և չեն կարող դառնալ ապագա տարածաշրջանային կարգի հիմք։ Եթե անգամ ադրբեջանական կողմը պնդում է, որ ղարաբաղցիների արտագաղթը եղել է «կամավոր», և բռնություն չի եղել, իրական պատմություններն ու փաստերը հակառակն են ցույց տալիս՝ եղել է շրջափակում, սով, ագրեսիա, օկուպացիա, տեղահանություն և հայրենազրկում։ Կիրառվել է դաժան ուժ՝ ի հակառակ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին, ինչը նշանակում է, որ նման «կարգավորումը» չի կարող միջազգայնորեն լեգիտիմ ճանաչվել։
- Ռուսաստանի դերը 1988-91 թվականներին և 2020-2023 թվականներին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններում բավականաչափ լուսաբանված և ամփոփված չէ, քաղաքական և փորձագիտական գնահատական չի տրվել այն փաստին, որ տարածաշրջանում իրադարձությունները տեղի են ունենում երկար տասնամյակների ընթացքում Ռուսաստանից գաղութատիրական կախվածության պայմաններում։ ՌԴ-ն խոչընդոտում է տարածաշրջանում հարաբերությունները բարելավելու միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների փորձերին։ Ամենավառ օրինակը 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղ ռուսական զորքերի տեղակայումն է, թեև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից միայն մեկն է։ Ավելին, 2020 թվականի պատերազմից հետո 3 տարի Ռուսաստանը թույլ չի տվել Ղարաբաղ մտնել ոչ մի միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նա վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա և տորպեդահարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կազմակերպությունների աշխատանքը: Մեծ հաշվով դա դարձավ Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի և 150 հազար հայերի գաղթի հիմնական նախապայմանը։
Պետք է տալ կատարվածի գնահատականը եւ արձանագրել, որ առանցքային դերակատարում ունի հենց Ռուսաստանը։ Սա շատ կարևոր է, քանի որ միջազգային առաջարկներում, փաստաթղթերում, պայմանագրերում չի նշվում ռուսական գործոնը, և դա կեղծ պատկեր է ստեղծում։ Առանց Ռուսաստանի դերը մատնանշելու, տարածաշրջանը Ռուսաստանի «ազդեցության գոտուց» «միջազգային իրավունքի» տարածք վերադարձնելու, խաղաղությունը տարածաշրջանում միշտ հղի է լինելու խափանումներով։
Անցած մի քանի ամիսների ընթացքում, չնայած Բաքվի, Մոսկվայի եւ ՀՀ կառավարության խոչընդոտներին, մի քանի բանաձեւեր է ընդունվել եւ նախաձեռնություններ ստեղծվել ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։
Եվրոպական խորհրդարանը՝ ԵՄ օրենսդիր մարմինը դեռ 2023 թ․ հունվարին բանաձև է ընդունել, որտեղ դատապարտել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակումը, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ Արցախում շրջափակման մեջ են հայտնվել։ Բանաձևում, որը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում, եվրոպացի պատգամավորները նոր մոտեցումներ են առաջարկում Արցախում հումանիտար իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։
Այսպես, բանաձևի սկզբում Եվրոպական խորհրդարանը հայտարարում է, որ Արցախը փաստացի գտնվում է շրջափակման մեջ և այնտեղ հումանիտար աղետի առաջացման վտանգ կա՝ ամրագրելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպանների կողմից ու դա խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայի համար հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը։
Եվրոպական խորհրդարանը փաստել է, որ շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի՝ էապես ազդելով առավել խոցելի բնակչության վրա և ծանր հիվանդների տեղափոխումը դարձել է գրեթե անհնար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է։
Բանաձևով Եվրոպական խորհրդարանը նաև ընդունում է, որ հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խափանման պատճառով, որի հետևանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման։ Բացի այդ, եվրոպացի պատգամավորները ճանաչել են, որ պահպանելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Ավելին, եվրոպացի պատգամավորները պնդում են, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները դանդաղեցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը։
Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։
Բանաձևում ընդգծվել է նաև միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրավունքի իրացման համր։ Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»։
Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, նեկայացվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումներից և բռնի ուժով Արցախի բնակչությանն իր հայրենիքից տեղահանելու արդյունքում: Եվրախորհրդարանի լիագումար նիստը նաև դատապարտել է Ադրբեջանի ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները, կոչ արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից և միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպես նաև պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցվածքը, ովքեր բռնի ուժով տեղահանվել են: Պահանջվում է Ադրբեջանից ազատ արձակել և լայն համաներում հայտարարել Արցախի բոլոր բնակիչների համար, ովքեր ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ներառյալ Արցախի նախկին պաշտոնյաները, և առհասարակ բոլոր նրանց հանդեպ ովքեր ձերբակալվել են մինչև այդ թվականը:
Բանաձեւում ընդգծվում է միջազգային երաշխիքներ ապահովելու կարևորությունը՝ Արցախի բնակիչների վերադարձի իրավունքն ապահովելու համար: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում միջազգային հանրությանը աջակցել հայ ժողովրդին իր կյանքն ու համայնքները վերականգնելու ջանքերում:
«Ֆրանսիայի Սենատը ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։
Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։ Հետևաբար, միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանից պահանջել գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող պայմաններով», ասված է բանաձեւում։
- Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձեւավորվել է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբ ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը կհամակարգի Հանձնախմբի աշխատանքները։
«Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը», ասել է Օսկանյանը։ «Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն»,- հայտարարել է Օսկանյանը։
- 2023 թ․ դեկտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիության Խորհրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։
Ստորագրողների թարմացված ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ՝
«Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ռեժիմի կողմից:
Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում», ասված է ուղերձում։
Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժվում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքը, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատվության ու ինքնության պահպանման՝ մի քանի սերունդների դարավոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիքը, ասված է փաստաթղթում։
«1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ – պետությունները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը լիազորված է կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը»։
«Միջազգային հանրությունն ճանաչել է տվյալ տարածքի վիճելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետություններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովում։ Երկու պետություններն էլ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորություն են ստանձնել»։
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում»:
Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.
Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։
Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։
Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։
Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։
- Forrights.am-ի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ասում է, որ «գլխավոր դերակատարը ՀՀ կառավարությունն է, որ հստակ գործիքակազմերով և Ադրբեջանի հետ շփումներում, միջազգային գործընթացներում արցախցիների վերադարձի հարցն անընդհատ բարձրացնի և քննարկվեն դրա պայմանները։ Եթե ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կամք, հետևողական պրոֆեսիոնալ աշխատանք լինի աշխարհաքաղաքական պայմաններում հնրավոր կլինի Արցախի ժողովրդին վերադարձնել իր հայրենիք»։
Արտակ Բեգլարյանը կարծում է, որ երաշխիքները կարող են ապահովել ՄԱԿ-ի առաքելությունն՝ առանց Ադրբեջանի իշխանության ներկայության։ Արցախցի նախկին պաշտոնյան ՀՀ իշխանությունների կողմից վերադարձին ուղղված բավարար գարծողություններ չի տեսնում։
«Սա իշխանությունների մոտեցումն է՝ վերադարձի իրավունքն իջեցրել են անհատական մակարդակի, որ յուրաքանրյուր անձ իր համար պետք է որոշի՝ Ադրբեջանի առաջարկած պայմաններն իր համար ընդունելի են, թե՝ ոչ, բայց մենք այնտեղից արտագաղթել ենք որպես ժողովուրդ, մենք թիրախավորվել ենք որպես ժողովուրդ և մեր ժողովրդի հավաքական իրավունքերի պաշտպանության համար ենք մենք հալածվել ու հետապնդվել, ինքնորոշման համար»,-ասաց Արտակ Բեգլարյանը։
«Պետք է պահպանվի համայնքային հավաքական ինքնությունը և դրանից բխող երկարաժամկետ պայքարը՝ Արցախ վերադառնալու համար։ Բայց ՀՀ կառավարության մոտեցումը արցախցիներին ՀՀ-ում տարալուծելն է, ինչը շատ արագ փակելու է ինքնորոշման և վերադարձի իրավունքները։ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է խորշեն սյուբեկտայնություն, պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի իրավունքերի վերաբերյալ բանակցություններից»։
«Նրանք չեն ցանկանում, որ Արցախի պետական մարմինները գործեն, միտում կա, որ չեն ցանկանում Արցախի ժողովրդի իրավունքերի համար բանակցել Ադրբեջանի հետ, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մեր ժողովրդի իրավունքերը պաշտպանի, ով պետք է համապատասխան միջազգային հարթակներում այդ հարցերը բարձրացնի, եթե ՀՀ իշխանությունները չեն անում և թույլ չեն տալիս Արցախի իշխանություններին գոյություն ունենալ»,-ասաց Արտակ Բեգլարյանը։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ պետք է ընդունել փաստը, որ գոյություն ունի վտարանդի կառավարություն։
Արցախի նախկին պետնախարարը կարևոր է համարում Հայաստանի և Արցախի իշխանությունների բանակցությունները, ինչը, սակայն, տեղի չի ունենում։ Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Շահրամյանի հանդիպման մասին տեղեկություններ չկան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: