Սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով Հրանուշ Իսրայելյանի ընտանիքը չորս տղամարդ է կորցրել՝ որդուն, երկու փեսաներին եւ ամուսնու եղբորը։ Նրանք են Արտակ Իսրայելյանը, Անդրեյ Իսրայելյանը, Վալերի Գասպարյանը, Գենադի Գրիգորյանը։

Արտակը 36 տարեկան էր, դպրոցում պատմություն էր դասավանդում, իր մեծ ընտանիքի հետ ապրում էր Ասկերանի Սարուշեն գյուղում։

Տիկին Հրանուշը հիշում է զոհված որդու պարզ ու հանգիստ բնավորությունը ու պատմում նրա հետ իր ունեցած զրույցների մասին.

«Երբ դպրոցից տուն էր գալիս, շատ հոգնած էր լինում։ Դասաժամերը շատ էին լինում։ Ասում էի՝ Արտակ, մենք ինչ պատմություն ունենք, որ այդքան դաս ես տալիս երեխաներին, ասում էր՝ մամ ջան, հայերի պատմությունը միշտ այսպիսին է եղել, միշտ սա է հայի ճակատագիրը… Հիմա ոչ տուն ունեմ, ոչ տեղ, ոչ որդուս… 93 թվականին առաջին պատերազմում նրա հայրն էր զոհվել։ Ուղիղ երեսուն տարի հետո Արտակս զոհվեց…»:

Սեպտեմբերի 19-ին եւս Արտակը դպրոցում է եղել, տագնապը հնչելուն պես գնացել է դիրքեր։

«Այդ օրը, երբ տագնապ է եղել, բոլորը՝ աշակերտները եւ ուսուցիչները դպրոցից դուրս են եկել։ Ես Արտակին չեմ տեսել, տանը չէի։ Երբ եկա, տանը չէր։ Զանգեցի, ասեց՝ դիրքերում եմ, էլ չզանգես։ Ամբողջ օրը գյուղի վրա էին կրակում։ Ժողովուրդը դուրս եկավ գյուղամեջ, տեսնենք  ինչ է կատարվում, գյուղապետը մարդ ուղարկեց, ով մեզ ասաց՝ բարձրացեք գյուղի վերեւը, սպասեք, մինչեւ գամ, ասեմ ինչ անեք։ Հետո ասացին՝ անտառներով բարձրացեք։ Մի կերպ բարձրացանք, մնացինք անտառում մինչեւ  ուշ գիշեր, հետո եկան ասացին՝ իջեք ներքեւի գյուղը։ Արդեն այնտեղ մերոնք հավաքվեցին, աշխարհազորի մարդիկԱվելի ուշ։ Հարցրեցի՝ բա Արտակը, ասացին՝  Արտակը վիրավորվել է, տեղափոխել են Ստեփանակերտ։ Երբ դա լսեցի, մի քիչ հույս առաջացավ մեջս, որ լավ կլինի։ Հետո գիշերը մեզ տեղափոխեցին Ստեփանակերտ, այնտեղ նրան ման եկանք…հիվանդանոցներ, հոսպիտալներ…Ավելի ուշ պարզվեց, որ վիրավոր տղայիս տեգրս իր մեքենայով փորձել է հիվանդանոց հասցնել, ճանապարհին թուրքերը կրակել սպանել են»,- պատմում է որդուն կորցրած մայրը։

Հրանուշ Իսրայելյանը հիշում է, թե ինչպես է օրերով փնտրել որդուն. «Հետո մեզ տարան նկուղներ, հետո օդանավակայան… Արտակից էի հարցնում, ոչ ոք չէր տեսել, հետո ասացին, որ ճանապարհին մեքենա կա խփած։ Արդեն հասկանալի էր, որ տեգրոջս  մեքենան էր… հետո ասեցին, որ տղայիս ոնց որ ռուսներն են գտել, տարել են Մարտունի, այնտեղից էլ տարել են Ստեփանակերտ ու հետո Հայաստան»։

Արդեն Արցախից Հայաստան մենկելիս ընտանիքի կանայք իմացել են, որ տղամարդիկ զոհվել են, սակայն փորձել են սառնասիրտ լինել, որպեսզի կարողանան երեխաներին ապահով տեղ հասցնել։ Տիկին Հրանուշը  զանգահարել է Օշական գյուղում իր ունեցած ծանոթներին, ովքեր  օգնել են նրանց գյուղում տուն գտնել։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest