2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրենց հարազատ վայրերից բռնի տեղահանված ու այնուհետև դեպի Հայաստան գաղթի ճանապարհ բռնած արցախցիների մեջ ամենաշատը տանջվել են կանայք։ Տարբեր տարիքի կանայք, որոնք կորցրել են որդիներ, ամուսին, եղբայր, ծնողներ և վերջապես տուն-տեղ՝ տարիներով քարը քարին դրած։ Կորստի ծանր ցավն ուսերին՝ նրանք իրենց մեջ ուժ են գտել, անցել են քարքարոտ ճանապարհը ու այժմ էլ շարունակում են ապրել՝ դիմակայելով նոր մարտահրավերներին։

Վերջին ամիսներին Forrights.am-ի լրագրողները հանդիպել ու զրուցել են այդ կանանց հետ՝ վավերագրելով նրանց պատմությունը․

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի դպրոցի դասվար Ժաննա Միրզոյանը ադրբեջանական հարձակման հենց առաջին րոպեներին կորցրել է իր աշակերտներին՝ 15 տարեկան Դավիթին,  10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին․ «Մի ժամ առաջ էի էրեխեքին տուն ուղարկել… Մեկ ժամից աչքիս առաջ մեկը վիրավոր, մյուսի մասին լսում եմ, որ զոհվել է…մյուսի մասին ասում են, որ ծանր վիճակում է, այն մյուսը մազապուրծ փրկվել է․․․Սարսափելի էր, շատ սարսափելի էր…Անմեղ, անմեղ երեխաներ»։ Ասում է՝ իր աշակերտներին իր երեխաների պես է վերաբերվել, ու այժմ մանկավարժությամբ զբաղվելու մասին չի մտածում․ «Չեմ կարողանում, չեմ կարողանում մոռանալ իմ զոհված  աշակերտներին»։


Լուսանկարում՝ Ժաննա Միրզոյանը

Նույն՝ Սառնաղբյուր գյուղից Գոհար Սահակյանի համար տեղահանման մղձավանջը չի ավարտվում․ նա իր չորս մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղ, փորձում է ամեն ինչ սկսել նոր էջից, սակայն հրետակոծության ու դրա հետևանքով ողբերգական զոհերը և արյունալի տեսարանները աչքից չեն հեռանում․ «Գիշերները պառկում եմ քնելու, ականջներիս մեջ կրակոցների ձենն ա, մեր զոհված հարևանների արյունն ա աչքիս ու մեր գյուղապետի երեխու մեջտեղից բացված գլուխը։ Երեխեքս էլ են վախի մեջ», -ասում է 30-ամյա Գոհար Սահակյանը։

Լուսանկարում՝ Գոհար Սահակյանը

41-ամյա Նարինե Սահակյանը սեպտեմբերի 19-ին կորցրել է ավագ որդուն` 19-ամյա Սամվելին, սակայն մինչ օրս չի կարողանում հավատալ, որ նա այլեւս չկա: «Ես հինգ երեխաների մայր եմ,- ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված կինը, ապա հուզված ինքն իրեն ուղղում է,- Արդեն` չորս»:

Լուսանկարում՝ Նարինե Սահակյանը

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի ժամանակ Իրինա Գրիգորյանը կորցրել է երկու որդիներին` 24-ամյա Գենադիին եւ 15-ամյա Արենին: Տղաները այնտեղ էին գնացել հոր հետ` ընտանիքի կանանց մեքենայով Հայաստան տեղափոխելու հնարավորություն գտնելու համար: Իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիների կողմից սպանվել է ընտանիքի պապը` Շաբո Գրիգորյանը: 43-ամյա Իրինա Գրիգորյանը Ասկերանի Սարուշեն գյուղից է: Այժմ ապրում է Օշականում, այն գյուղում, որտեղ հուղարկավորված են որդիները: Գրիգորյանն ասում է` դադարել է որեւէ բան հասկանալ կամ զգալ, չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։

Արցախի Ճարտար գյուղից Հերսիլե Առուստամյանը երկու տարեկան դստեր հետ մնացել է միայնակ․ փոքրիկ Մանեն հյուրասենյակի պահարանի վրայից վերցնում է հոր զինվորական հագուստով լուսանկարը, համբուրում և ասում․ «իմ պապան է»։ Աղջնակը փնտրում է հորն ամենուր։ Մայրն ասում է, երբ եղբայրները տուն են գալիս Մանեն էլ եղբոր երեխեների հետ քեռիներին «պապա» է ասում։ Այժմ Հերսիլեն ու նրա դուստրը ապրում են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, սոցիալապես ծանր պայմաններում։ Երիտասարդ փոքրամարմին կինը փորձում է միայնակ դուրս գալ խնդիրների լաբիրինթոսից։

Ստեփանակերտի հիվանդանոցի բուժքույր Բելլան սեպտեմբերի 19-ին սկսված մղձավանջից հետո յոթ օրերի ընթացքում տեսել է երեք եղբայրների մահը։ Առաջինը հիվանդանոցում հերթապահում էր, երբ ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավոր իրենց մոտ են տեղափոխել եղբայրներից Սասունին, որին սակայն փրկել չի հաջողվել։ Երկրորդը Արայիկն էր, որի մահվան մասին դարձյալ հիվանդանոցում աշխատանքի ժամանակ է իմացել, իսկ երրորդը Դավիթն էր, որը մահացել է բենզինի պահեստի հրդեհի հետևանքով։ Նրանք բոլորն էլ ամուսնացած էին, ունեին մանկահասակ երեխաներ։  «Եղբայրներս չվայելեցին իրենց երեխաներին», -ասում է Բելլան։


Լուսանկարում Բելլան է

Սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով Հրանուշ Իսրայելյանի ընտանիքը չորս տղամարդ է կորցրել՝ որդուն, երկու փեսաներին եւ ամուսնու եղբորը։ Նրանք են՝ Արտակ Իսրայելյանը, Անդրեյ Իսրայելյանը, Վալերի Գասպարյանը, Գենադի Գրիգորյանը։


Լուսանկարում՝ Հրանուշ Իսրայելյանը

Մարտակերտի շրջանի Կոճուղուտ գյուղից Ջուլիետա և Իրինա Բաբայան քույերի ընտանիքում սեպտեմբերի 19-ի ու դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով երեք զոհ ունեն։ Առաջին զոհը 24-ամյա Կարեն Մարտիրոսյանն է եղել, մյուսը՝ Էդուարդը․ «Առաջինը Կարենի խաբարը լսեցինք, որ մոտ ընկերոջ հետ, ձեռք-ձեռքի բռնած, էդպես էլ զոհվել են։ Էն մյուս օրն էլ արդեն լսեցինք, որ Էդոն չկա, արդեն Էդոյին են ման գալիս որպես զոհված..․»։ Այս ընտանիքում երրորդ զոհը Ջուլիետայի դստեր՝ Մերիի ամուսինն է՝ Մխիթարը․ նա մահացավ տեղահանումից առաջ՝ սեպտեմբերի 25-ի հրդեհի հետևանքով։

Էդուրարդ Ադամյանը մոր՝ Իրինայի հուշերում միշտ կմնա որպես քաջ հայրենասեր։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին Իրինային է զանգում դուստրն ու ասում՝ լավ լուր կա` Էդուարդը վիրավոր է։ Հիվանդանոցներում փնտրտուքներն ապարդյուն էին, բոլոր տեղերում պատասխանը նույնն էր` նման անունով տղա չկա ..․Օրեր անց ստանում են լուր, որ Էդուարդը չկա․ «Դժվարությամբ են գտել, շատ են ման եկել, ինքը էն տեղում չի եղել, որտեղ պայթեցրել են։ Սկզբից ասել են, որ ոտքից վիրավոր ա։ Երեք հոգին են եղել, որ սնարյադը պայթել ա, իրենք բաժանվել են տարբեր տեղեր, Էդոն էն տարածքն ա գնացել, որտեղ թուրքերն են եղել։ Արդեն, որ անցել ա թումբի հետևը, էնտեղից իրեն կորցրել են, չեն կարողացել դիտակետով նայեն, օգնեն»։

Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում հաստատված Ալահվերդյանների ընտանիքի համար պատերազմական մղձավանջը չի ավարտվել․ Դարիկո Ալահվերդյանը ամեն օր սպասում է ադրբեջանական գերության մեջ գտնվող որդու՝ 36-ամյա Դավիթ Ալահվերդյանի վերադարձին։ Նույնիսկ այդ մասին երազում խնդրել է Ալիևին․  «Էնքան եմ սպասում, որ երազումս Ալիևին եմ տեսել, աղաչել եմ, ասել՝ բաց թող որդուս, ասել ա՝ ժամանակը չի»։ Դավիթին սպասում են նաև նրա 32-ամյա կինը՝ Թագուհի Ասրյանը և մանկահասակ երեխաները։


Լուսանկարում՝ Դարիկո Ալահվերդյանը

72-ամյա Ջեմմա Մարաբյանը և 63-ամյա Էլմիրա Աբրահամյանը անցել են ադրբեջանական գերության սարսափելի պատմության միջով։ Նրանք վախով են հիշում գերության դրվագները, որոնք արդեն հինգ ամիս է՝ ուղեկցում են իրենց։

Էլմիրա Աբրահամյանի հիշողություններից․ «Տրաքոցները լսվում էին դեռ։ Գնացի աղջկաս սկեսրայրի ախպոր տունը, մի քանի ժամ անցավ, մեկ էլ քացով խփեցին դռանը, ադրբեջանցիներ էին՝ երեք-չորս հոգի, ավտոմատներով, պիստալետներով զինված։ Նրանցից մեկը հայերեն հարցրեց՝ տատիկ հա՞յ ես, ասացի՝ հա, հարցրեց՝ ուրիշ մարդ կա՞, պատասխանեցի՝ չէ։ Այդ ընթացքում սենյակներն էին ստուգում։ Էն մի տղան ասաց՝ եկեք, սպանենք, մեկն էլ ասաց՝ չէ, սպասեք զանգեմ։ Զանգեց, հեռախոսը բերեց մոտեցրեց ինձ, իրանց մեծն ասաց՝ մեծ կնիկ ա, սպանում ես ի՞նչ անես։ Ասաց բերեք Քարվաճառ, այնտեղից կտանենք Բաքու»։

Ջեմմա տատն էլ վախեր է ունեցել, թե իրեն կսպանեն։ Սանաղբյուր գյուղից ադրբեջանցիների կողմից բռնությամբ առևանգված կինն ասում է՝ շատ էր ուզում ապրել․ «Երկուսը ոտերիցս էր բռնել, մեկն էլ թևերիցս, քարշ տալով տանում էին։ Խալաթ ունեի հագիս, քաշեցին ճղեցին, տկլորացրին, լողացրին։ Լավ չէին նայում, մի բաժակ չայ էին տալիս խմում էի, առանց հացի։ Ասեցի պառկեմ, ադյալը գցեմ երեսիս, ճանճ չգա, մեկը էկավ սենց երկու սիլլա խփեց աչքիս։ Բայց տղուս լա՛վ ծեծել են»։

23-ամյա Էլինա Բալասանյանը, որը միայնակ մայր է, Ստեփանակերտի բենզինի պահեստի հրդեհի հետևանքով վիրավորներին է օգնել հիվանդանոցում․ «Արտասվելու ժամանակ չկար, պետք էր սառնասիրտ լինել։ Սկսեցի բնազդով վիրավորների հետ խոսել, ասում էի՝ դիմացեք, միասին ենք դուրս գալու ստեղից։ Մարդիկ գիտեին, որ հիվանդանոցում եմ, անընդհատ զանգում էին, հարցնում՝ իրենց հարազատը արդյոք հիվանդանոցում է։ Երբ մոտենում էի, որ ջրով կամ որևէ նյութով վերքը սրբեի, ներողություն էի խնդրում, որ կցավեցնեմ ու խնդրում էի, որ ցավից հանկարծ ինձ չխփեն։ Շատ վախենալու էին արտաքնապես այդ մարդիկ»։ Այժմ Էլինան փորձում է ուշքի գալ, հաստատվել է Էջմիածնում ու գյուղական բնակավայրերից մեկում տուն է փնտրում՝ սեփական տարածքում հողագործությամբ ու մեղվապահությամբ զբաղվելու համար։

Մարտակերտի Գետավան գյուղից Անահիտ Ղազարյանը Արցախից տեղահանության ճանապարհին է ծննդաբերել «Երեխային մինչեւ հոկտեմբերի 7-ն էինք սպասում, բայց շուտ եղավ»․ այսպես է սկսում Արցախից տեղահանվելու ճանապարհին իր ծննդաբերության պատմությունը: Փոքրիկը բարեբախտաբար առողջ է ծնվել, սակայն 2.5 կգ քաշով, 48 սմ հասակով: Անահիտն ասում է`  իրենից առաջ էլ, հետո էլ տարբեր կանայք են  ծննդաբերել, բոլորի երեխաներն էլ փոքրիկ են եղել: Նրա խոսքով, պատճառը ոչ միայն շրջափակման վերջին շաբաթներին սննդի եւ անհրաժեշտ ամեն բանի պակասն էր, այլ բոլորի` առաջին հերթին հղի կանանց մոտ օր օրի ահագնացող լարվածությունն ու անորոշության վախն էր:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest