Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրում է վերջին պատերազմում ադրբեջանցիների դեմ չկռվելու համար: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը բորբոքվեց, երբ արցախցի լրագրողը հարցրեց՝ ե՞րբ կկարողանա վերադառնալ իր հայրենիք:
«Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք։ Պետք էր կռվել, պետք էր կռվել։ Էն զենքերով, որը որ Հայաստանի Հանրապետությունը իրա ամբողջ բանով թողել և տվել էր»,-փետրվարի 11-ին հայտարարում էր Ալեն Սիմոնյանը:
ՔՊ-ական պաշտոնյայի այս հայտարարությունը հարուցեց արցախցիների զայրույթը, որոնց տղաներն ու ամուսինները՝ չնայած հյուծվածությանը, մնացել և պայքարել են։ Ոչ պաշտոնական տվյալներով 223 զոհ է ունեցել արցախյան կողմը, վիրավորների մասին որևէ տվյալ չկա։
Մեկ օր անց Ալեն Սիմոնյանը փորձեց սրբագրել իր աղմկահարույց հայտարարությունը՝ պարզաբանելով, թե իր խոսքն ուղղված չի եղել պայքարող արցախցիներին, այլ ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Forrights.am-ը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո այցելել է պատերազմի մասնակիցների ընտանիքներին և լուսաբանել նրանց տղաների կամ ամուսինների հերոսական մարտական ուղին։ Ստորև ներկայացնում ենք դրվագներ, թե ինչպես են արցախցիները մնացե՛լ և իրենց կյանքի գնով պայքարել Արցախի ազատության համար։
Սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով Հրանուշ Իսրայելյանի ընտանիքը չորս տղամարդ է կորցրել՝ որդուն, երկու փեսաներին եւ ամուսնու եղբորը։ Նրանք են Արտակ Իսրայելյանը, Անդրեյ Իսրայելյանը, Վալերի Գասպարյանը, Գենադի Գրիգորյանը։ Արտակը 36 տարեկան էր, դպրոցում պատմություն էր դասավանդում, իր մեծ ընտանիքի հետ ապրում էր Ասկերանի Սարուշեն գյուղում։ Սեպտեմբերի 19-ին եւս Արտակը դպրոցում է եղել, տագնապը հնչելուն պես գնացել է դիրքեր։ Արտակը վիրավորվել է դիրքերում, հորեղբայրը փորձել է իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն, թշնամին ճանապարհին կրակել ու սպանել են Արտակին։
Սարուշենցի Արմեն Առուստամյանը ծննդավայրը պաշտպանել է մինչև վերջին փամփուշտը՝ հրաժարվել է լքել դիրքը, երբ զինակիցները զոհվել են և ինքը վերջում մնացել է մեկ հոգու հետ։
Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մոտ գտնվող դիրքից մեկ հոգի է ողջ մնացել, որը վիրավորվել ու փրկվել է՝ մի կերպ անտառ հասնելով։ Նա Արմենի հերոսական կռվի մասին մանրամասներ է պատմել եղբորը՝ Արթուր Առուստամյանին։
«Այդ մարդն ասում է՝ երկուսով էին մնացել, տեսնելով Արմենի տված բոյն ամաչել է ասել՝ արի հետ գնանք։ Արմենը պեկան պրծցրել է, երկու ավտոմատը պրծցրել է, հետո ձեռքի պիստալետով է կռվել, վերջում էլ գրանատն է շպրտել, հետո ասել է՝ թուրքերը մոտենում են ու էդ ժամանակ իրեն կրակել են:… Ռուսաստանից էր եկել, տեսել է, թե Արցախում ինչ իրավիճակ է, բոլորը ծառայում են, ասել է՝ ես էլ եմ մտնում ծառայության իմ հայրենիքի համար։ Ասեցի, որ պետք չի, պատասխանեց՝ ոնց դու ես ծառայում, այդպես էլ ես»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց եղբայրը՝ Արթուր Առուստամյանը։
Գոհար Առաքելյանի թոռը, թոռնուհու ամուսինը ժամերի տարբերությամբ զոհվել են սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակման դեմ պայքարում։ Մարտերին մասնակցել են նաև մյուս երկու թոռները: Տիկին Գոհարի ընտանիքում կորուստներն այսքանով չեն ավարտվում։ 90-ականներին որդին է զոհվել, 2020-ին՝ եղբայրը։
Տիկին Գոհարին այսքանից հետո մի բան է վշտացնում․ «Ասում են՝ ղարաբաղցիները չեն կռվել։ Մեկն էլ մենք ենք, չե՞նք կռվել։ 1993 թվականին 18 տարեկան տղաս, 2020-ին 50 տարեկան ախպերս, 2023-ին՝ թոռս ու ոռանս ամուսինը։ Ո՞նց չեն կռվել, ո՞նց, դրանից ես շատ եմ նեղվում»։
24-ամյա Գրիգորին հարսանիքից երեք օր առաջ ինքնակամ դադարեցրել է զորամասից ստացած արձակուրդն ու մեկնել պատերազմի դաշտ, երբ թշնամին սեպտեմբերի 19-ին հարձակվել է Արցախի վրա։ Գրիգորիի հուղարկավորությունը սեպտեմբերի 22-ին էր, այդ օրը նա պետք է ամուսնանար։
Նույն օրը զոհվել է նաև Գրիգորիի քրոջ՝ Ժաննայի ամուսինը։ Կարեն Մելքումյանը պայմանագրային զինծառող էր Արցախի ՊԲ-ում։
«Կռվեց, պայքարեց, զոհվեց, բայց թուրքը հիմա իր տանն է։ Ինքը երևի չգիտի, որ թուրքն իր տանն է»,-որդու մասին է պատմում Մարինե Պետրոսյանը։ Որդին Սերգեյ Աթայանն է։ Վերջին անգամ դիրքեր բարձրացավ սեպտեմբերի 8-ին։ «Մի օր ասացի՝ շատ ես շուտ-շուտ գնում պոստեր, պատասխանեց՝ ուզում ես մի օր հելնենք, տեսնենք թշնամին մեր դարպասի մոտ կանգնած է»։
«Տեսախցիկի նկարածը մի պահ տեսել եմ․ մոտավորապես 60-70 հոգանոց թշնամու ջոկատայինները գալիս էին իրենց վրա, իրենք մնացել էին չորս հոգով, բայց կռվում էին, չեն նահանջել։ Բլիժնի բոյ է եղել, ամենասարսափելին։ Իրենց ու թշնամու դիրքի հեռավորությունը 30-40 մետր է եղել»,- պատմում է հայրը՝ Նելոսն Աթայանը։
Նույն դիրքում Սերգեյի հետ կռվել է նաև Գևորգ Սարգսյանը։ Վեց անչափահաս երեխաների հայրը դիրքեր էր բարձրացել իր համար նախատեսված ժամկետից շուտ՝ մարդուժի բացակայությամբ պայմանավորված։ «Ասացի՝ Գևորգ, մի գնա, քո վեց երեխուն ո՞ւր ես թողնում, ասաց՝ մամ ջան, ես տունը նստեմ, թաքնվեմ, բա մեր պոստերը ո՞վ պիտի պահի, հայրենիքը ո՞վ պետք է պաշտպանի, ոչինչ գնում եմ, ոչ մի բան չի լինի»,-Forrights.am-ի հետ զրույցում որդու հետ՝ դիրքեր բարձրանալուց առաջ տեղի ունեցած խոսակցությունն է հիշում մայրը։
Լավրենտ Հայրիյանը պայմանագրային զինծառայող էր։ Մեկօրյա պատերազմի ժամանակ եղել է Եղնիկներ կոչվող դիրքերից մեկում։ 26-ամյա դիպուկահարն ընկել է 2023թ. սեպտեմբերի 20-ի թեժ մարտերում։ «Նա այդպես էլ չհասցրեց որդու հետ ժամանակ անցկացնել, միշտ դիրքերում էր»,- ասում է Լավրենտի կինը՝ 23 տարեկան Թագուհին։ Այս պատերազմում զոհվել է նաև Լավրենտի քրոջ ամուսինը՝ Ռոբան։
Արայիկ Մաթևոսյանը Եղնիկների նվիրյալներից է։ Ընտանիքն ասում է՝ անգիր գիտեր ամեն քար ու թուփ, որի պաշտպանության համար մեկ տասնամյակից ավելի պայքար է մղել։ Սեպտեմբերի 19-ին թշնամին ավիացիայով հարվածներ է հասցնում Արայիկ Մաթևոսյանի դիրքերից մեկին, տղաները զոհվում են։ «Եթե չեմ սխալվում մեկ հոգի է ողջ մնում։ Ակին շտապում է այդ դիրքը, հետևից գնում է զինվորներից մեկը՝ Էդոն, հետևից վազում է, չնայած, որ ջղայնանում է, ասում է մի արի։ Ակին ու Էդոն հասնում են հիմնահատակ քանդված դիրք, փլատակները քանդում են, որ մարմինները դուրս բերեն, ավիացիան երկրորդ անգամ է հարվածում։ Երկուսն էլ զոհվում են»,-ասաց Ակիի եղբայրը՝ Աբելը։
Էդոն՝ Էդուարդ Դանիելյանը դիպուկահար էր, ծառայում էր Եղնիկներում, զոհվել է 21 տարեկան հասակում։ Այս պատերազմում զոհվել է նաև Դանիելյանների 23 տարեկան փեսան՝ Գրիշան։ Նա Օմարում էր ծառայում։ Էդուարդի հայրը և Գրիշայի հայրը միմյանց պատահական հանդիպել են դիահերձարանի բակում և տեղեկացել, որ երկուսի որդիներն էլ զոհված են։
Վրեժ Բաղդասարյանը 47 տարեկան էր, պայմանագրային զինծառայող է։ «Ամուսնուս սնայպերով են խփել, ճակատին են խփել»,-ասում է կինը՝ Դոնարան և նշում, որ դիրքը հայտնվել է շրջափակման մեջ, ամուսնու դին չեն կարողացել հանել։ Հինգ օր դին մնացել է ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։
Հերիսիլեի ամուսինը՝ Նվերը, զինծառայող էր։ 19-ին առավոտյան էր եկել տուն, մեկ ժամ անց դիրքերից կանչել էին, արագ հագել է զինվորական համազգեստն ու գնացել՝ հրաժեշտ չտալով դստերնն ու կնոջը։ 30-ամյա զինվորականը զոհվել է թշնամու դեմ պայքարում։
Սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների հետևանքով զոհվել են Բելլայի երկու եղբայրները՝ Սասունը և Արայիկը։ Նրանք պայմանագրային զինծառայողներ էին։ Եղբայրները մահացել են նույն օրը։
Եղնիկներում է զոհվել Էդուարդ Ադամյանը։ Մայրը պատմում է` որդին ծառայության հանդեպ սերն ու անվախությունը հորից` Ադամյան Համբարձումից էր ժառանգել։ Համբարձումը Եղնիկներում էր ծառայում, 2020թ.-ի պատերազմից հետո` ավտովթարի ժամանակ զոհվում է, իսկ Էդուարդը, մնալով հայրենիքում, շարունակում է հոր գործը։
Վիտալի Աբաղյանն Արցախի բանակում ծառայել է 18 տարի։ Սեպտեմբերի 20-ին՝ հրադադարից շուրջ կես ժամ առաջ զոհվեց «Լուսնյակ» կոչվող տեղանքում։
Սեպտեմբերի 19-ն էր, երբ ադրբեջանցիները սկսեցին Արցախի վրա զինված հարձակումը: Հենց նույն օրը 19-ամյա Յուրի Օհանջանյանը զոհվել է Ասկերանի դիրքերի պաշտպանության ժամանակ։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին լինելով ПК գնդացրորդ մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ՝ գնալով գիտակցված մահվան, վայր չդնելով իր զենքը։ Տիգրանի և իր ընկերների կատարած սխրանքների մասին գիտեն իր հրամանատարները և ծառայակից ընկերները»,-պատմում է Տիգրան Ավետիսյանի հայրը։
Նույն պատերազմում զոհվել է նաև Տիգրանի քեռու որդին՝ 18-ամյա Արսեն Առուստամյանը։
44-ամյա Գևորգ Ավանեսյանը պայմանագրային զինծառայության էր անցել 44-օրյա պատերազմից հետո։ Սեպտեմբերի 19-ի մարտերի ժամանակ զոհվել է՝ հակառակորդի կրակոցից։
Սեպտեմբերի 19-ին զոհվել են տիկին Ալլայի երկու որդիները՝ Արսենը և Սամվելը։ Եղբայրները պայմանագրային զինծառայողներ էին։ 21-ամյա Սամվելը ծառայում էր Եղնիկներում, 19-ամյա Արսենը՝ Դրմբոնի զորամասում։ «Նույնիկս 20 տարեկան չկար, նոյեմբերին 5-ի 20 տարեկան դարձավ»,- ասում է մայրը։
Վանիկ Հայրապետյանը երեք տղաների հայր էր, երազում էր աղջիկ ունենալու մասին։ Երազանքը կատարվեց, բայց երջանկության օրերը, կամ ավելի ճիշտ է ասել ժամերը, կարճ տևեցին։ Վանիկի դուստրը՝ Արիանան ծնվեց սեպտեմբերի 11-ին։ Ութ օր անց սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Հայրը դստերը միայն երկու օր տեսավ։ Նա զոհվեց մեկօրյա պատերազմում։
Հայաստան Պետրոսյանը զոհվեց Արցախում։ Սեպտեմբերի 19-ին պաշտպանում էր Մարտակերտի շրջանում գտնվող Նարշտար կոչվող դիրքերը։
Տիգրան Ավետիսյանը 19 տարեկանում է որոշել անցնել պայմանագրային ծառայության, երբ լրացել է ժամկետային ծառայության մեկ տարին։ Բարդ փուլում է նման որոշում կայացրել, սակայն, հիմքում եղել են 44-օրյա պատերազմի մարտական ուղին։ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանից մեկնել է Արցախ՝ դիրքերը պաշտպանելու, զոհվել է սեպտեմբերի 19-ին։
Իգոր Գալստյանը 27 տարվա սպա է եղել, պայքարել է Թալիշի, Մատաղիսի, Ասկերանի համար, իսկ վերջին օրերին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող Ցորի զորամասում էր։ Նա զոհվել է 26 պոստում՝ թշնամու դիպուկահարի կրակոցից։