«Կռվեց, պայքարեց, զոհվեց, բայց թուրքը հիմա իր տանն է։ Ինքը երևի չգիտի, որ թուրքն իր տանն է»,-որդու մասին է պատմում Մարինե Պետրոսյանը։ Մոր ցավն անբացատրելի է՝ բժշկուհի է, անհաշվելի են, թե նա քանի կնոջ է օգնել, որ կյանք պարգևեն իրենց երեխաներին, սակայն, ծանր պահին՝ մարտի դաշտում, ինքն անզոր է եղել որդու կողքին գտնվել։
Մարինե Պետրոսյանի որդին Սերգեյ Աթայանն է։ Վերջին անգամ դիրքեր բարձրացավ սեպտեմբերի 8-ին։ «Մի օր ասացի՝ շատ ես շուտ-շուտ գնում պոստեր, պատասխանեց՝ ուզում ես մի օր հելնենք, տեսնենք թշնամին մեր դարպասի մոտ կանգնած է»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է մայրը։
Ծնողներն ասում են Սերգեյը զգում էր, որ դիրքեր ծանր մարտի է գնում։ «Սեպտեմբերի 8-ին, որ գնաց, գիտեր, որ վիճակը վատ է։ Գնալուց առաջ ինձ տվեց մի թղթապանակ, որտեղ իր դիպլոմներն էին ու փաստաթղթերը։ Ասաց՝ պապա, վերցրու, ես գնում եմ։ Ինքը գիտեր, որ վիճակը շատ լուրջ է․․․»,-ասում է հայրը։
«Խելագարի պես սիրում էր իր հայրենիքը, առաջինն էր գնում սահմանը պահելու։ Անվախ էր, ընկերասեր»,-որդու նկարը թիկունքին պատմում է մայրը։
Մարտակերտցի Սերգեյ Աթայանը 2022 թվականից կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Յուրաքանչյուր ամիս հերթափոխով դիրքեր է բարձրացել, քանի որ մարդուժի պակաս է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին երկու շաբաթով բարձրացել է դիրքեր։ Աշխատում էր ինժիներական ընկերությունում, գործընկերները, երբ իմանում էին, որ Սերգեյը աշխարհազորի խմբում է, միանում էին առանց քննարկման։
«Սեպտեմբերի 19-ին, որ սկսվեց պատերազմը կես ժամից մի քիչ ավել ինտենսիվ հրետակոծություն էր իրենց դիրքի վրա։ Այդ հրետակոծության ժամանակ դիտակետի երկու տղաները վիրավորվում են։ Ինքը որպես դիրքի ավագ հասնում է վիրավորներից մեկին օգնության։ Նա ինժիներական ընկերությունում էր աշխատում, իր գործընկերների հետ կամավոր գնում էր դիրքեր։ Տնօրենին ասել է, որ վիճակը ծանր է, հակառակորդի ուժերը բազում անգամ գերազանցում է իրենց»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է հայրը՝ Նելսոն Աթայանը։ Նրա փոխանցմամբ՝ հրետակոծությունից հետո որդու դիրքի վրա հարձակվում են թշնամու հատուկ ջոկատայինները։
«Առաջին հարվածը հետ են մղում, կռվում են մինչև վերջ։ Դիրքում մնացել են յոթ հոգի, յոթն էլ զոհվել են, հանգչում են Եռաբլուրում»,-ասում է հայրը և նշում հնարավորություն է ունեցել դիտել մարտը, որին մասնակցել է որդին՝ ընկերների հետ։
«Տեսախցիկի նկարածը մի պահ տեսել եմ․ մոտավորապես 60-70 հոգանոց թշնամու ջոկատայինները գալիս էին իրենց վրա, իրենք մնացել էին չորս հոգով, բայց կռվում էին, չեն նահանջել։ Բլիժնի բոյ է եղել, ամենասարսափելին։ Իրենց ու թշնամու դիրքի հեռավորությունը 30-40 մետր է եղել։ Տղայիս դիրքը անբարենպաստ տեղում է եղել, հեռու չէին տեսնում։ Թշնամու մի դիրքը գտնվում էր բարձունքի վրա՝ իրենց հետևում։ Տղաները շրջանաձև մարտ են վարել, մինչև վերջին փամփուշտը տղաս կռվել է։ Մենք գիտենք, որ իրենց վարած մարտից հետո թշնամին ահագին դիակներ է հանել»,-պատմում է Նելոսն Աթայանն ու նշում՝ որդին ու զինակիցներն այնպիսի քաջությամբ են կռվել, որ թշնամուն դա հունից հանել է։
«Թշնամին այնքան են կատաղած եղել, որ դիակները վնասել են, դիակները հազիվ ենք ճանաչել։ Խոշտանգել են։ Մեկին շորերով ենք ճանաչել, մեկին՝ բեղերով, իմ տղային ԴՆԹ-ով ենք ճանաչել։ Իմ տղան արկի պայթյունից չի ցրիվ եկել, այլ բոլորի վրա փամփուշտի տեղեր է եղել, նրանք բեկորից չեն զոհվել, այլ թուրքի գնդակից՝ կռվել են։ Այլանդակել են, խոշտանգել են դիակները, էլ չեմ կարող մանրամասնել»։
Նելսեն Աթայանին որդու՝ մինչև վերջ կռվելու և հայրենիքի համար կյանքը չխնայելու որոշումից հետո, վշտացրել է զինվորականների վերաբերմունքը։ «Ինձ գիտեք ինչն է վառում, դիրքերը թշնամու կողմից գրավելուց հետո, երբ հրադադար տվեցին, թշնամին սպիտակ դրոշ էր բարձրացրել, իր զոհերին հավաքել, տղայիս գումարտակի հրամանատարությունը այդ գործողությունը չի արել։ Ամսի 23-ին թշնամին մեր տղաների դիերը հավաքում են, տալիս ռուսներին, նրանք էլ տանում ես Ստեփանակերտ։ Բրիգադի հրամանատարի հետ եմ խոսել, ասացի՝ դու տեղյա՞կ ես, քանի տղա ունես դիրքերում մնացած, պատասխանեց՝ գլուխս չի աշխատում, այդպիսի բան մի ասի։ Այդ մարդուն այսօր գովաբանում են, Քյոխն էր բրիգադի հրամանատարը»։
Սերգեյ Աթայանը 2016 թվականին մասնակցել է քառօրյա պատերազմին, հայրն ասում է, որ մարտերին մասնակցել է Ռոբերտ Աբաջյանի դիրքից մի քանի դիրք այն կողմ։ «Շատ վտանգավոր դիրք է եղել։ Մինչև հունիսի վերջը եղել է Թալիշ, Մատաղիսում, այդ ժամանակ ժամկետային զինծառայող չի եղել»։
44-օրյա պատերազմին կամավոր մեկնել է դիրքեր, բայց քանի որ աշխատում էր ինժիներական ընկերությունում, պետք է տեխնիկական աշխատանքեր իրականացներ։ «Անտառի միջով ճանապարհներ էին սարքում, Մատաղիսից տարահանված զինվորների համար Ալաշանում թաքստոցներ են սարքել, գիշերն էլ պաշտպանական գիծ էր կառուցում։ Մի քանի անգամ փրկվել է ԱԹՍ-ների հարվածներից, քանի որ տեխնիկաները նկատել էին»։
Սերգեյ Աթայանը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: