Ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքում չեն հաշտվում 44-օրյա պատերազմում 22-ամյա Օթարի մահվան հետ։ «Չեմ համակերպվում, մտածում եմ հեսա կամ կզանգի, կամ դուռը կբացի, ներս կմտնի իրա ծիծաղը դեմքին», -Օթարի եղբայրն է ցանկությունը ձևակերպում։
31-ամյա Ամար Ամարյանը եղբորը բանակ ճանապարհել է 2020-ի հունվարին։ Ասում է՝ Ռուսաստանից եկավ, ասաց՝ պետք է գնա, պարտքը տա հայրենիքին, ուրախ, զվարթ գնաց, իսկ Հադրութում 8 ամսյա ծառայությունը հանգիստ ու սահուն է անցել, մինչև կսկսեր 44-օրյա պատերազմը։
«Տնից ճամփել ենք իրան զինկոմիսարիատ, վիճակահանութամբ ընկավ Հադրութի զորամաս։ Ամեն ինչ լավ էր իրա հետ, բողոք չուներ ծառայությունից, նույնիսկ ուրախ էր։ Մինչև պատերազմը սկսելու օրը դիրքերում է եղել, իջել է դիրքերից սեպտեմբերի 25-ին։ Մինչև սեպտեմբեի 29-ը լուր չունեինք, չէր զանգում։ Բայց 29-ին զանգեց, ու բոլորիս սիրտը տեղն ընկավ։ Տխրություն չկար ձայնի մեջ, շատ ուրախ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, չնեղվեք։ Խնդալով էր խոսում։ Ինքն էլ էր ուրախ, որ մեզ հետ խոսում էր», -պատմում է Ամարը։
Օթարը պատմել է, որ հարձակման սկզբից Հադրութում տեղակայված զորամասից զորքը բաշխվել է տարբեր ուղղություններով, և Օթարն ու մյուսները՝ փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանի (ստացել է «Արցախի հերոս» կոչումը-հեղ․) հրամանատարությամբ երկար ժամանակ պահպանել են իրենց բաժին հասած տարածքը։
«Գիտեինք, որ Հադրութում թեժ էր, բայց ինքը չէր ուզում շատ բան պատմեր։ Վերջում ենք իմացել, որ Հադրութում մեր զորքը չորս կողմից շրջափակման մեջ ա եղել։ Համարյա ամեն օր զանգում էր, իսկ եթե չէր զանգում, ընկերների միջոցով փոխանցում էր՝ ամեն ինչ լավ ա, չնեղվեք։ Մի անգամ զանգեց ասեց՝ մեզ առաջադրանք են տվել, պետք ա գնանք առաջին գիծ, թեժ ա լինելու։ Հաջորդ օրը մինչև իրիկունը զանգեց, թե բա հետ ենք վերադարձել, մեր դիրքեր, հարցրի՝ ինչ ա եղել, ինչի հետ եկաք, ասեց՝ առաջադրանք էր, պետք ա կռիվ տայինք, տվեցինք։ Ասեց, որ թշնամու զորքը տեսա՝ էնքան շատ էր, վախ մտավ մեջս, բայց մեկ ա, առաջադրանքը կատարել են, թշնամու զորքին որոշ ժամանակով հետ են ուղարկել։ Սակայն նահանջի հրամանը անխուսափելի ա եղել», -հիշում է Ամարը։
Նահանջել են Մարտունի, այստեղ թշնամու ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու ոտքից զրկվել է հրամանատարը՝ Հայկ Կիրակոսյանը։ Ամարը պատմում է՝ Օթարն է շտապել հրամանատարին օգնության ու նրան տեղափոխում շտապ օգնության մեքենայի մոտ, բայց հոսպիտալի ճանապարհին Կիրակոսյանը մահանում է։
«Օթարը վերադառնում ա դիրք, զինակից Հովհաննես Ղամբարյանի հետ շարունակում են կռիվը, բայց դա երկար չի տևում։ Երկուսն էլ զոհվում են հակառակորդի հրետանու կրակոցներից։ Երբ մարտը կանգնում ա, կարողանում են դիերը տանել Ստեփանակերտ»,- ասում է Ամարը։
Ամարյանները հոկտեմբերի 31-ին իմանում են, որ Օթարը վիրավորվել է։ Սակայն եկել են Ստեփանակերտ տեսել են՝ զոհված է։ Նոյեմբերի 1-ին Օթար Ամարյանի դին տեղափոխել են Երևան։
Օթարը ծնվել է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, 3 տարեկան էր, երբ ընտանիքի հետ եկել է Հայաստան։ 17 տարեկանում գնացել է Ռուսաստան, սակայն կարոտը վերադարձրել է նրան Հայաստան․ 22 տարեկանում եկել ու անմիջապես մեկնել է զինծառայության։
Ամարյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Երևանում, Սիլիկյան թաղամասում։ Երկար տարիներ Շվեդիայում ապրելուց հետո Ամարն ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան ու այժմ աշխատում է շինարարության ոլորտում, պահում ընտանիքը։ Պատմում է՝ եղբայրը երազում էր ինքն էլ աշխատել ու օգնել ծնողներին։ «Բանակ գնալուց առաջ սիրտը մի բան զգում էր, ասեց՝ ինձ թվում ա, որ գնամ, էլ հետ չեմ գա։ Չգիտեմ, ընենց ենք ապրում, ոնց որ ոչ մի բան չի եղել, մեզ թվում ա՝ հեսա, դուռը կբացի, խինդ ու ծիծաղով կմտնի ներս, կլսենք իրա հումորները։ Շատ ընկերասեր, ազնիվ ու բարի մարդ էր, իմ կյանքի ընթացքում տենց բարի մարդ չեմ տեսել ես», -եղբորն է ներկայացնում Ամարը։
Օթարի կորստից հետո Ամարյանների ընտանիքում մխիթարություն են գտել պատերազմից հետո ծնված Ամարի 2-ամյա փոքրիկ որդու մեջ․ «Կորստի ցավը ահավոր էր, բայց որդիս ծնվեց, անունը դրեցինք Օթար, ու միանգամից մեր կյանքում ամեն ինչ փոխվեց։ Դե իհարկե, ոչ ոք չի կարա լրացնի եղբորս, բայց փոքր Օթարը մեզ համար մխիթարություն ա։ Պատկերացնում եք, ոչ ոքի չեմ կարոտում, էդ զգացումը տարել ա Օթարը իրա հետ, ես մենակ իրեն եմ կարոտում»։
Հ․ Գ․ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն/ www.forrights.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են պատերազմին և հերոսաբար զոհվել հայրենիքի համար։
Նախորդ պատմությունները- Որդու մահվան մասին Քալոյաններին հայտնել է նրա մանկության ընկերը․ «Զանգեց, ասեց՝ առյուծդ ընկավ»
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: