Մարդու իրավունքների պաշտպանության և մասնավորապես Զինված ուժերում զոհված զինծառայողների վերաբերյալ քրեական գործերի քննության մեջ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ներգրավվածության երկարամյա փորձը ցույց է տվել, որ ինքնասպանություն որակված քրեական գործերը այդպես էլ չեն բացահայտվում: Այդ մասին այսօր խաղաղ պայմաններում զինվորների մահվան թեմայով «Մեդիա կենտրոնի» քննարկմանը ասել է ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ձեր տղան ինքնասպան է եղել, ասում են ընտանիքին, ինքնասպանության բեռը դրվում է ընտանիքների վրա: Քննչական կոմիտեն այդ գործերի շրջանակում ակտիվորեն համագործակցում է հրամանատարության հետ և միասին որոշում են գործի ելքը հենց մահվան դեպքից հետո: Քննչական կոմիտեն չի զգում նման քրեական գործերը բացահայտելու պատասխանատվություն», -հավելել է Ալեքսանյանը:

Նրա խոսքով, միևնույն է, եթե գործով ի հայտ են եկել այլ հանգամանքներ, քննչական կոմիտեի առաջադրած վարկածը չի փոխվում, և «վատագույն ավանդույթները այսպես կոչված գեներալ Քյարամյանը» շարունակում է իրականացնել:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության փաստաբան Մոնիկա Մարգարյանի վարույթում կա 3 զինծառայողի մահվան վերաբերյալ երեք քրեական գործ, որոնց վերաբերյալ քննությունը նախաքննական մարմինը կամ արհեստականորեն ձգձգում է, կամ քննության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքները չի ընդունում:

Առաջինը 18-ամյա զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան վերաբերյալ քրեական գործն է: Ռադիկի մահվան քրեական գործին Forrights.am-ը մի քանի անգամ անդրադարձել է: Բանակում տոտալ անտարբերության պայմաններում երիտասարդի մահվան դեպքից անցել է երկու տարուց ավելի, սակայն քրեական գործով ո’չ կասկածյալ կա, ո’չ մեղադրյալ։  Մահվան պաշտոնական վարկածն է՝ սրտի սուր միոկարդիտ, քովիդի հարցական ախտորոշում: Ավելին, վերջերս քրեական գործը տվել են ծնողներին ու ասել, որ պատրաստվում են կարճել: Ծնողները գործի նյութերն ուսումնասիրել են ու բացահայտել, որ Ռադիկի մարմնի վրա եղել են կապտուկներ, և Թաթոսյանը մահացել է 2021-ի հունվարի 12-ին, պատերազմի ավարտից երկու ամիս անց։ «Այս գործով ծնողներն են իրենց անհատական նախաձեռնությամբ հետաքննություն անցկացնում և հատուկ ուզում եմ ընդգծել Քննչական կոմիտեի անհարգալից վերաբերմունքը ոչ միայն զինվորների հիշատակի նկատմամբ, այլև նրանց ընտանիքների. ծաղրում են, ուղարկում մի տեղից մյուս տեղը: Օրինակ՝ Ռադիկի ծնողներին ուղարկել են դատաբժշկի մոտ, ասել՝ գնացեք, էնտեղից վերցրեք լուսանկարները», -ներկայացրել է Ժաննա Ալեքսանյանը:

Այս գործով փաստաբան Մոնիկա Մարգարյանը հատուկ ընդգծել է նախաքննության ողջամիտ ժամկետների խախտման հանգամանքը՝ մատնանշելով, որ Թաթոսյանը մահացել է 2021-ի հունվարին, սակայն մահվան դատաբժշկական փորձաքննությունն ստացվել է 2022-ի դեկտեմբերին: «Բացատրությունն այն է, որ փորձագիտական կենտրոնները աշխատում են ծանրաբեռնված և առաջնայնությունը տրվում է կալանավորված մեղադրյալ ունեցող քրեական գործերին: Ապացույցների ձեռքբերման անհապաղությունը չապահովելը հանգեցնում է նրան, որ մենք չենք ունենում արդյունավետ քննություն»-, հավելել է փաստաբանը:

Ապացույցների ձեռքբերման անհապաղությունը չի ապահովվել նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի մահվան գործով. Կարենը մահացել է 2022-ի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, սակայն մինչ այժմ որևէ փորձաքննության եզրակացություն չի տրամադրվել:

Ի դեպ, մահվան այս դեպքի մասին ևս Forrights.am-ը բավական մանրամասն գրել է: Հատկանշական է, որ Կարենի մահվան դեպքի մասին ԱԱԾ-ն պաշտոնապես չի հայտարարել և սկսել են խոսել միայն լրագրողների հարցապնդումներից հետո: Կարեն Դանիելյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության դրդելու հանգամանքով։ Կարենի վնասվածքը եղել է գլխի շրջանում, նրա դին ծնողներին փոխանցվել է գլուխը փակ։ Կարենի հայրն ու մայրը պաշտոնական վարկածը բացառում են։

«Փորձաքննության պատասխաններ չկան, և նախաքննական մարմինը ևս չգիտի Կարեն Դանիելյանի մահվան հանգամանքները, սակայն հապճեպ առաջ են քաշում վարկած՝ ինքնասպան է եղել», -նշել է Մոնիկա Մարգարյանը:

Մյուս քրեական գործը, որը ներկայացրել է փաստաբանը, 19-ամյա զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործն է: Հայկի մահվան մասին ՊՆ-ն տեղեկացրել էր 2023-ի փետրվարի 19-ին զինծառայող: Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից։ Հայկ Պետրոսյանի մահվան դեպքով ազատազրկվել են համածառայակիցները՝ դիրքի ավագի օգնականը՝ շարքային զինծառայող, և դիրքի պատասխանատուն՝ պայմանագրային զինծառայող։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նրանք ձերբակալվել են զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, զինծառայողին վիրավորանք հասցնելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով։ Forrights.am-այս քրեական վարույթին ևս բավական մանրամասն անդրադարձել է, խոսել Հայկի հարազատների հետ, որոնք չեն հավատում ինքնասպանության վարկածին:

Մոնիկա Մարգարյանն ասել է, որ Հայկ Պետրոսյանի մահվան վերաբերյալ փորձաքննության արդյունքները ճիշտ է, ներկայացվել են, սակայն դրանից նոր հարցեր են առաջացել տուժող կողմի մոտ:

«Այս ընտանիքները անպաշտպան են քննչական կոմիտեի հետ հարաբերություններում: Դե, պատկերացրեք՝ ինչ վերահսկողություն է իրականացնում գլխավոր դատախզությունը, այսպես կոչված՝ բարեփոխված գլխավոր դատախազությունը: Զրո վերահսկողություն, տեսե՞լ եք, որ Աննա Վարդապետյանը խոսի զինվորական գործերից», -ասել է Ժաննա Ալեքսանյանը:

Ասուլիսին ներկա էր նաև Հայկ Պետրոսյանի քույրը: Իրինան պատմել է, որ ընտանիքում վերջինն ինքն է խոսել Հայկի հետ: «Ձայնը կոտրված էր, բայց այնքան կոտրված չէր, որ գնար ինքնասպանության: Ես մեր խոսակցությունից հասկացա, որ Հայկը ինձ ասելու բան ուներ, քանի որ ասաց՝ ես հետո քեզ կզանգեմ ու կպատմեմ՝ ինչ է եղել: Մարդը որը գնում է ինքնասպանության, ինչու պետք է զանգի ու քրոջը պատմի ինչ-որ բան», -նշել է Իրինան:

Ուշագրավ է, որ Հայկ Պետրոսյանը հրազենային հարվածն ստացել է ճակատից: «Պատկերացնո՞ւմ եք ինքնասպանության կրակոցը ճակատից է, ընդ որում՝ ինքնաձիգով: Պատկերացնո՞ւմ եք մարդը այնպես է հարմարացնում ինքնաձիգը իր հասակին, որ կարողանում է այդ երկար զենքով կրակոցի հարված հասցնել ինքն իր ճակատին: Դրանք Քննչական կոմիտեի նոր ֆանտազիաներն են ու հավանաբար թելադրված Քյարամյանի կողմից: Ես կարծում եմ, որ սա բացահայտ սպանություն է», -ընդգծել է Ժաննա Ալեքսանյանը:

Զինված ուժերում մահվան դեպքերի ուսումնասիրության երկար տարիների փորձ ունեցող իրավապաշտպանն ասում է՝ բանակում սպանության դեպքերը ինքնասպանություն ներկայացնելու հարցում կոռուպցիոն մեծ ռիսկ կա. «Շատ դեպքեր կան, որ անմեղ զինծառայողների են բերում որպես մեղադրյալներ»:

Հասմիկ Համբարձումյան

Մանրմասները՝ տեսանյութում

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest