39-ամյա Կարինե Վարդանյանը Հայաստանի զինված ուժերում 2021-ի հունվարին կորցրել է որդուն և մեկ տարուց ավելի է՝ սպասում է զինվորական քննչական մարմինների արդար քննությանը, մեղավորների հայտնաբերմանն ու նրանց պատժվելուն:

«Ես շատ դժգոհ եմ քննչական գործողություններից, ընթացող նախաքննությունից: Իմ բողոքները չեն ընդունում, պնդում են, թե դատաբժշկական ճիշտ եզրակացություն են տվել ինձ, չկա մեղավոր: Բայց էդպես չի կարող լինել: Կա՛ մեղավոր», -Forrights.am-ին ասում է տիկին Կարինեն:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում է ապրում Թաթոսյանների ընտանիքը: Կարինե Վարդանյանը որդուն՝ Ռադիկ Թաթոսյանին ՀՀ զինված ուժեր (Արցախ, Մարտունի 3-հեղ.) պարտադիր ծառայության է ուղարկել 2020-ի ամռանը, սակայն 2021-ի հունվարին ստացել որդու դին:

2020-ի պատերազմի սարսափներով անցած 19-ամյա Ռադիկի մահվան պատճառը, ըստ պաշտոնական նախնական տվյալի, եղել է սիրտ-թոքային անբավարարությունը, հետո սակայն, դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ Ռադիկի մահը վրա է հասել «միոկարդիտի ֆոնի վրա զարգացած սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով»:

Ըստ նույն եզրակացության դատաբժշկական ախտորոշում է դրվել՝ սրտանկանի ծանր դիստրոֆիա՝ դիֆուզ-օջախային թարախային միոկարդիտ, կարդիոմիոցիտների արտահայտված ալիքավոր դեֆորմացիաներ, ֆրագմենտացիա: «Ըստ բժշկական փաստաթղթերի, որոնց բովանդակությունը արտացոլվել է այդ փարձաքննություններում, տղայիս սկզբնական աշխտորոշումը եղել է երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, Քովիդ-19», -ասում է Կարինե Վարդանյանը:

Որդուն կորցրած երիտասարդ կինը պնդում է՝ իր երեխային զորամասի բուժկետում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել, մատնել են անտարբերության, ինչի հետևանքով Ռադիկի մոտ հիվանդությունը խորացել է: «Նրանք իրենց եզրակացության մեջ գրել են՝ սիրտ-թոքային անբավարարություն և միոկարդիդ: Բայց չեն ասել, թե ո՞ր փուլում է առաջացել, ինչի՞ց է առաջացել դա: Ես համարում եմ, որ այդ փորձաքննությունը թերի է եղել, նաև ես համարում եմ, որ սանչաստի բժիշկը լիարժեք, ճիշտ բուժօգնություն չի ցուցաբերել, ինչի հետևանքով տղաս մահացել է», -ասում է մայրը:

Անփութության մեղադրանքով առաջադրված քրեական գործի շրջանակներում Կարինեն իր համար հստակեցրել է մեղադրյալների շրջանակը՝ զորամասի հրամանատարություն, բուժկետի բժիշկ, սակայն քննչական մարմինները մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով դոփում են տեղում: Ավելին, եթե չլիներ արդար լուծում պահանջող մոր համառությունը, հնարավոր է՝ գործը կասեցվեր, ինչի մասին ակնարկել են նաև նրան:

«Հազարավոր միոկարդիդ ունեցող հիվանդներին փրկել են: Հնարավոր կլիներ փրկել եթե իմ երեխուն անմիջապես հոսպիտալացնեին: Նա (զորամասի բուժկետի բժիշկը-հեղ.) տեսել է իմ երեխու գույնը գցած է եղել, կապտած է եղել իմ երեխեն, ճնշումն ընկած է եղել, բայց ինքը մի կես ժամ գոնե չի պառկացրել, ուղարկել են ինժեներական աշխատանքների: Իմ երեխեն, որ պառկեր, բուժում ստանար, էդպես չէր լինի», համոզված է Կարինեն:

Կարինե Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Մոնիկա Մարգարյանը հստակեցնում է՝ նախաքննական մարմինը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակել, որտեղ իրենք դիտարկել են միայն Ռադիկի հիվանդության վերջին փուլը՝ միոկարդիդին, որը մահվան պատճառ է հանդիսացել:

«Մինչդեռ միոկարդիդը սրտի մկանի բորբոքումն է, որը չէր կարող առանց որևէ պատճառի տղայի մոտ առաջանալ: Այսինքն՝ ինչ-որ խթանիչ է եղել: Միոկարդիդը հիմնականում չբուժված, խորացած վիրուսների, թոքաբորբերի հետևանք է լինում: Այսինքն՝ նա ամենայն հավանականությամբ վիրուս է տարել, որը չենք կարող պնդել քովիդ է եղել, թե պարզապես գրիպ, պատշաճ բուժում չի ստացել, դիրքերում է եղել, իր զինվորական պարտականություններն է կատարել, ինչի հետևանքով բարդացումներ են առաջացել, դա էլ չի բուժվել, ոտքի վրա է տարել, ու բարդացած թոքաբորբի հետևանքով էլ միոկարդիդ է առաջացել: Ախտահարվել ու բորբոքվել է սրտամկանը: Վերջին օրը, երբ վատ է եղել, դիմել է բուժկետ, նրան դեքսամետազոն են ներարկել ու հետո ուղարկել են դիրքեր ծառայության: Անգամ այդ վիճակում չեն հոսպիտալացրել անմիջապես», -ներկայացնում է փաստաբանը:

Մարգարյանի խոսքով, Ռադիկ Թաթոսյանին պատշաճ բուժօգնություն ժամանակին չեն տրամադրել, թողել են բարդացել է վիճակը, իսկ վերջում էլ ասել են՝ անհնար էր: Քրեական գործի շրջանակներում իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որի համաձայն, ոչ մի թերացում չի հայտանբերվել բուժանձնակազմի գործողություններում, փաստաբանն ու իր վստահորդը չեն ընդունում: Այդ պատճառով նրանք միջնորդությամբ դիմել են քննչական մարմնին՝ պահանջելով անցկացնել նոր հանձնաժողովային փորձաքննություն, բայց որը կկատարեն այլ փորձագետներ:

Մասնավորապես, տուժող կողմը պահանջել է, որ փորձագետները պատասխանեն, թե ի՞նչ վիրուսով է հիվանդ եղել Ռադիկ Թաթոսյանը, ինչի՞ ետևանքով է նրա մոտ առաջացել թոքաբորբ և ամենակարևորը՝ արդյոք  Ռադիկ Թաթոսյանի մոտ առաջացած միոկարդիտի պատճառ հանդիսացած հիվանդության  (վիրուսի, թոքաբորբի կամ այլ հիվանդության) պայմաններում տղան կարո՞ղ էր իրականացնել իր զինվորական ծառայությունը և արդյոք հրամանատարական կազմը և զորամասի պատասխանատու բժիշկը չպետք է ժամանակավորապես մեկուսացնեին Թաթոսյանին և արյդոք նման հիվանդության պայմաններում 19-ամյա երիտասարդը չպետք է անհապաղ հոսպիտալացվեր:

Ռադիկ Թաթոսյանը բժշկական քոլեջի շրջանավարտ է եղել և մոր խոսքով, պատերազմի ընթացքում մարտի դաշտում օգնել է վիրավոր զինակիցներին: Սակայն հիվանդությունից Ռադիկին հնարավոր չեղավ փրկել:

«Քննիչին ասում եմ՝ կարող էր չէ՞ իմ երեխան էդ հիվանդությունը ձեռք բերել պատերազմի ժամանակ, ներսում պահել է, ցույց չի տվել մինչև նրա մոտ խորացել է՝ հասնելով գագաթնակետին՝ երկկողմանի թոքաբորբ: Նա խոշոր ինֆեկցիա է տարել, դա մեկ օրվա, մեկ շաբաթվա բան չէ», -նշում է Կարինե Վարդանյանը:

Հասմիկ Համբարձումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest