Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը: Մասնավորապես, օրենքը նախատեսվում է՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնեն, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ․

«Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է օրենքը՝ գտնելով, որ օրենքի գործողության ընթացքումՍսահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը»,- անդրադառնալով ՝ արդյո՞ք իր նկատմամբ որևէ ճնշում եղել է՝ օրենքը ստորագրելու հարցում, պատասխանում է նախագահի աշխատակազմը։

Օրենքի նախագիծը միայն իշխող կուսակցության՝ «Իմ քայլը» դաշինքի հավանությանն արժանացավ։ Ընդդիմադիր կուսակցություններն ընդվզեցին՝ նախագծով իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը։ Ինչպես «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, ամբիոնից հայտարարեց՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի խոսքով՝ սա աբսուրդի հասնող օրինագիծ է․

«Դատական իշխանությունների հետ կապված փոփոխությունները պետք է միայն քննարկել դատավորների անփոփոխելիության սկզբունքի համատեքստում, այլապես կունենանք պատկեր, որ  ցանկացած իշխանություն կարող է գալ, Սահմանադրություն փոխել, ձեռքի հետ էլ իր ցանկությամբ փոփոխել դատական իշխանությունը։ Արտաքուստ շատ իրավաչափ է երևում, սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ կա դատարանների անփոփոխելիության սկզբունք։ Դուք բարեփոխում եք, լավ եք անում, բայց դա չի նշանակում, որ հենց հաջորդ օրն էլ պետք է դատավորներին փոխեք, կենսաթոշակի ուղարկեք կամ աշխատանքից ազատեք, ասելով՝ մենք նոր պահանջներով ենք ընդունում դատավորներին։ Դա աբսուրդ է, նման բան լինել չի կարող»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը։

Ըստ նախկին նախարարի, օրենքում գրված «կենսաթոշակ» տերմինն իրականում սխալ է և իրականությանը չի համապատասխանում։ Դանիելյանի դիտարկմամբ՝ հրաժարականի դեպքում առաջարկվող գումարը կենսաթոշակի համար բարձր է , ըստ էության, աշխատավարձ է․

«Կենսաթոշակը չի կարող աշխատավարձին հավասարաչափ լինել, ինչը խտրականության արգելքի հետ լրջագույն աղերսներ ունի։ Չի կարող Սահմանադրական դատարանի դատավորների հետ խտրականություն նախատեսել։ Օրենքի համաձայն՝ այժմ հրաժարական կարող է ներկայացնել և՛ մեկ ամիս աշխատած, և՛ 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորը և երկուսն էլ կստանան նույն գումարը։ Արդյո՞ք սա արդար է, արդյո՞ք իրավաչափ է»,- նշում է Արդարադատության նախկին նախարարը։

Հատկանշական է, որ օրենքը նախատեսում է նման կենսաթոշակ ստանալ այն դատավորներին, որոնք նշանակված են եղել մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը: Փաստաբան, սահմանադրագետ Արա Ղազարյանի դիտարկմամբ, սա բացահայտ խտրական վերաբերմունք է; Հավասար իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունք է ցուցաբերվում։՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի․

«Իշխանությունը բացեիբաց ցույց է տալիս, որ օրենքի ընդունումը քաղաքական պատճառով է, սակայն քաղաքական պատճառը չի կարող որպես իրավաչափ նպատակ համարվել դատավորի անփոփոխելիության սկզբունքի համեմատ։ Այդ սկզբունքը կոչված է ապահովել դատարանի անկախությունը։ Եթե գործադիր իշխանութունը դատավորներին ասում է ՝հեռացեք, որովհետև դուք նախկինի կողմից եք ընտրված, ապա դա չի կարող լինել օբյեկտիվ, դա քաղաքական նպատակ է»,- Forrights-ին ասաց փաստաբանը։

Արդյո՞ք այս պահին Հայաստանին անհրաժեշտ էր նման օրենքի ընդունումը, փաստաբանը մեր հարցին հակադարձեց՝ դեռ հարց է՝ հանրային շահ այստեղ կա՞, թե ոչ․

«Միգուցե միայն գործադրի կամ օրենսդիրի շահն էր, բայց դատելով հրապարակային արձագանքներից, սա պայմանավորված է ՍԴ դատավորների անձով։ Սա ապացուցում է, որ այստեղ կա խտրական մոտեցում և թիրախավորում։ Եթե դատավորը չի հարում այսօրվա իշխանությունների հայացքներին, ապա նրան չեզոքացնելու եղանակ են փնտրում։ Դատավորին կարելի է միայն փոխել կարգապահական վարույթով կամ քրեական։ Այսինքն, դատավորը պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք պատժելի են»,- հավելեց Արա Ղազարյանը։

Հրաժարական ներկայացնելու մասին ՍԴ դատավորները մինչ օրս որևէ դիրքորոշում չեն ներկայացրել։ Forrights-ը փորձեց կապ հաստատել ինը դատավորներից չորսի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց միայն մեկը՝ Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս հայտարարեց, որ հեռախոսազանգով որևէ հարցի պատասխանել չի ցանկանում․

«Օրենքի մասին չեմ կարող կարծիք ասել, քանի որ հնարավոր է նախագահը չի ստորագրում և բերում են Սահմանադրական դատարան։ Իմ այսօրվա խոսելը կնշանակի, որ նախնական կարծիք եմ հայտնում»,- նշեց Գյուլումյանը։

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 75 «կողմ» և 34 «դեմ» ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով: Կառավարությունը դեռ մեկ ամիս առաջ էր հավանություն տվել օրենսդրական փաթեթին և այն ներկայացրել Ազգային ժողով:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե Սահմանադրական դատարանի 7 դատավորները որոշեն օգտվել արտոնյալ պայմաններից և հրաժարական ներկայացնեն, ապա պետբյուջեի համար այդ որոշումը ավելի քան 600 միլիոն դրամ կարժենա։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest