«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում: Նշվում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված։

«Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»,- գնահատել է միջազգային կազմակերպությունը:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ: «Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում», — ասված է զեկույցում: Իրավապաշտպանները նկատում են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ:

Որպես անկախ լրատվամիջոցներ զեկույցի հեղինակներն առանաձնացրել են Civilnet.am, hetq.am, Factor.am և Azatutyun.am կայքերը, որոնք «իրականացնում են ժողովրդավարության համար կարևոր վերահսկողական դեր»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում դիրքերն ավելի է վատթարացրել հարևան Վրաստանը՝ 114-րդ տեղից իջնելով 135-րդը: Ադրբեջանն ու Ռուսաստանը 180 երկրների վերջին տասնյակում են բռնապետական ռեժիմների շարքում՝ Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի, Աֆղանստանի հետ: Ամենաազատ մամուլ ունեցող երկրների եռյակը գլխավորում են Դանիան, Նիդերլանդները և Էստոնիան:

Pin It on Pinterest