Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպական խորհրդարանը ձայների 476 «կողմ», 47 «դեմ», 48 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևի նախագիծը։

Բանաձևում ամրագրումներ կան ՀՀ-ում ընտրությունների համատեքստում աջակցության տրամադրման, ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումներին դիմակայելու վերաբերյալ աջակցության մասին։

Բանաձևով նաև կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Բանաձևով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր վստահությունը Հայաստանի իշխանությունների հանձնառության նկատմամբ՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, արտահայտում է իր աջակցությունը նրանց ջանքերին՝ պաշտպանելու ժողովրդավարական ինստիտուտները արտաքին միջամտություններից․ «Եվրոպական խորհրդարանն արտահայտում է իր լիակատար աջակցությունը Հայաստանում 2026-ի հունիսին նախատեսվող ազատ, արդար, մրցակցային և խաղաղ խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքը պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը»։

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո․ «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։ Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորված անձանց և պատանդների անարդար կալանավորումը, պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում, կոչ է անում իրականացնել վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ, լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները»։

 

Pin It on Pinterest