« «Ցմահ» բառը թող մեր վրայից հանեն, եթե չեն ուզում ազատ արձակեն, գոնե էդ բառի տակից դուրս գանք։ Շատ բաներ «ցմահ» բառը կտրում ա, փակում, չի թողնում գնանք դեպի ազատություն, տանում ա խորքը՝ մթություն, լույս չի երևում էդ բառից․․․»։

«Հիմա ես հա՞յ եմ, թե՞ թուրք, թուրքերի ձե՞ռքն եմ ընկել, որ տենց վճիռ կայացվեց»

49-ամյա Տիգրան Ավետիսյանին Forrights-ը հանդիպեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, որտեղ դատապարտյալը տեղափոխվել էր 5 տարի առաջ։ Նա ցմահ դատապարտյալներից երկրորդն էր, ում պատժի կրման ռեժիմը փակից փոխվեց կիսափակի։ Այն ժամանակ դա աննախադեպ երևույթ էր ցմահ դատապարտված անձանց համար։

25 տարի առաջ այս օրերին կատարված իրադարձությունների համար է Տիգրանն այսօր անազատության մեջ։ Դեպքերը մինչև օրս թարմ են նրա հիշողության մեջ, սակայն կրկին վերհիշել և պատմել՝ չցանկացավ․

«Անցած ա, իմաստ չունի էլի հետ գնանք»։

Հետ գնալ, այնուամենայնիվ, ստացվեց։ «Վահան Հովհաննիսյան + 30» քրեական գործի հատորների մեծ մասն այսօր ոչնչացված է։ Գործից որոշ նյութեր, փաստաթղթեր և թերթեր պահել է Տիգրանի քույրը՝ Սոնյան, ով սիրով մեզ տրամադրեց դրանք, խնդրելով մի քիչ զգույշ վարվել՝ 25 տարվա դեղնած թղթեր են։

1995 թվականի օգոստոսի 1-ի գիշերը Տիգրան Ավետիսյանը և իր ընկերները երկու ավտոմեքենայով անցնելիս են եղել Լենինգրադյան փողոցով, երբ նրանց կանգնեցրել է ոստիկականական խումբը, ինչին հետևել է վիճաբանությունը։ Բացի Տիգրանից, բոլորն իջնել են մեքենաներից՝ խնդրի եղելությունը պարզելու համար։ Հնչել է կրակոց, ինչից հետո Տիգրանը, լիցքավորելով իր մոտ առկա զենքը, իջնել է մեքենայից և տեսնել ոստիկանի՝ իրեն ուղղված ատրճանակը։ Տիգրանը գետնին է կրակել, ինչից հետո բոլորը դիմել են փախուստի։

Օրեր անց՝ թերթերից և հեռուստատեսությունից խումբն իմանում է, որ իրենք մեղադրվում են «հայրենիքին դավաճանելու մեջ»։ Իբր հունիս ամսից հավաքագրել են մարդկանց՝ իշխանությունը զավթելու նպատակով և հենց այդ օրն էլ տեղափոխել հավաքած զենք-զինամթերքը, սակայն մտադրությունը կանխվել է ոստիկանների կողմից, ինչի արդյունքում զոհվել է երկու, վիրավորվել՝ մեկ ոստիկան։

Տիգրանն ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժանմունք, որտեղ պնդել է, որ նման մտադրություն երբևէ չի եղել, իսկ ոստիկանների մահվան մասին իրենք իմացել են թերթերից։ Տիգրանին, սակայն, առաջադրվել է մեղադրանք՝ երկու ոստիկանների մահվան համար։

«Թե ոնց են ծեծել ու ջարդել Տիգրանին, էդ մենակ ինքը գիտի, ուղեղի ցնցում էլ ա ստացել։ Իր նախաքննական ցուցմունքների տակ անգիտակից վիճակում ա ստորագրել, չի էլ իմացել, թե ինչի տակ ա ստորագրել»,- Forrights-ի է պատմում դատապարտյալի քույրը։

Դատարանում Տիգրանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից, նշելով, որ իր կողմից կրակոց եղել է միայն մեկ անգամ, այն էլ՝ գետնին։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ ոստիկանը մահացու վիրավորում ստացել է ռեկոշետի հետևանքով, սակայն դատարանում այդ հանգամանքն անտեսվել է դատավորի կողմից, իսկ մյուս ոստիկանի մահվան մասին՝ իրենք ընդհանրապես չեն իմացել․

«Դատաքննությունը սխալ ա ընթացել։ Պատվերով էր, ամեն ինչ։ Ռեկոշետան, որ պետք ա ասեին, չեն ասել, իրենց ձեռք չէր տալիս, քանի որ էդ դեպքում անզգույշ սպանություն կորակվեր։ Դատավորն իրա բերանով ասում էր՝ ես հաշվի չեմ առում, որ գնդակը գետնից ա կպել։ Էդ ժամանակ ինչ էլ ասեինք մենք, մեկ ա չէին լսելու»,- այսօր վերհիշում  Տիգրանը։

Դատաքննությունը տևել է 2 տարի․ դատավճռի արդյունքում Տիգրան Ավետիսյանը և ևս 30 հոգի դատապարտվեցին ազատազրկման, ամենածանր պատիժը Տիգրանինն էր՝ մահապատիժ՝ գնդակահարություն։

«Հիմա ես հա՞յ եմ, թե թուրք եմ, թուրքերի ձեռքն եմ ընկել, որ տենց վճիռ կայացվեց»։

«Աղվան Հովսեփյանն ասում էր՝ մենք սխալ ենք արել, որ ցմահ ենք տվել

Տիգրան Ավետիսյանը մահապատժի իրականացմանը սպասել է 6 տարի, մինչև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այն փոխեց ցմահ ազատազրկման։ Այդ տարիներին ազատ արձակվեցին գործով անցնող բոլոր անձիք, բանտում մնաց միայն Տիգրանը։

«Պետությունն իր մարդասիրական քայլն արեց, բայց չհասկացավ, որ ծանրից փոխեց ավելի ծանր։ Չուզեցին գնդակահարել պատի տակ, բայց տարիների ընթացքում էդ ինքստինքյան արեցին։ Իրենք մտածում էին՝ հեսա կմեռնենք, վերջ, էլ խոսալու տեղ չենք ունենա, բայց վերևն Աստված կա, մեզնից չեք վախենում, Աստծո՞ւց էլ չեք վախենում»,- հարցնում է Տիգրանը։

Դատապարտյալը համոզմունք հայտնեց, որ օրենքի փոփոխումից հետո մահապատիժը պետք է փոխվեր ոչ թե ցմահով, այլ սահմանվեր այդ տարիների ամենախիստ պատժաչափը՝ 15 տարի ժամկետը, սակայն դա էլ տեղի չունեցավ․

«Էդ օրենքը չարեցին Հոկտեմբերի 27-ի գործի պատճառով, մեզ պոչ արեցին ու միացրին էս գործին։ Եթե օրենքն ընդունեին, պետք ա 27-ի գործով էլ 15 տարի տային՝ էդ էլ չէին ուզում։ Իրենք մահապատիժ էին ուզում, 27-ի գործի պատճառով վրեժխնդիր եղան, մեզ էլ հետը պահեցին։ Մենք 2003 թվականին պետք ա դուրս եկած լինեինք, բայց մինչև հիմա ստեղ ենք»,- պարզաբանում է ցմահ դատապարտյալը։

Ազատության մեջ հայտնվելու հույս Տիգրանի մոտ կրկին արթնացավ 2010 թվականին, երբ այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առաջարկեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենք ընդունել, որով սահմանվեց ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն: Օրենքի հիշյալ դրույթը մեղմացում էր նախատեսում հենց ցմահ դատապարտյալների պարագայում, սակայն այդ օրենքի ընդունումն էլ որևէ փոփոխություն․

«Աղվան Հովսեփյանն ասում էր՝ մենք սխալ ենք արել, որ ցմահ ենք տվել, կարող էինք տալ 18 տարի կամ 15 տարի․․․Դե ասում էիք, անեիք, ասեցին, բայց էդ էլ չփոխեցին։ Էդ ժամանակ էլ հո օրենք էր փոխվել ա, թող օրենքով անեին»,- վրդովվում է Տիգրանը։

»Պետությունը վախենում է, չի ցանկանում իր սխալների համար պատասխանատվություն կրել»

Ցմահ դատապարտյալը հոգնել է տարիներ շարունակ իշխանությունների կողմից լսել, որ շուտով իրենց գործերը վերանայվելու են։ Ըստ նրա, պետությունը վախենում է, չի ցանկանում իր սխալների համար պատասխանատվություն կրել։ Տիգրանը խնդրի լուծման այլ տարբերակ է առաջարկում՝ եթե պետությունը չի ցանկանում իրենց տեսնել ազատության մեջ, ապա թող գոնե իրենց վրայից հանի «ցմահ»-ի պիտակը․

«Շատ բաներ «ցմահ» բառը կտրում ա, փակում, չի թողնում գնանք դեպի ազատություն։ Մենք ցմահի արժանի չենք, ես ցմահի հանցագործություն չեմ արել։
Պետությունն ասում ա՝ ձեզ կյանք ենք շնորհել, բայց չի մտածում, որ տարել ա դեպի տանջալի մահվան։ Էս ի՞նչ կյանք ա, կյանք էն կլիներ, որ էդքան նստելուց հետո հետին ուժով մեզ պատժաչափ տային։ Ամբողջ աշխարհում էդ հետին ուժը գործեց, բացի Հայաստանից»։

Դատապարտյալն անդրադարձավ նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար ամիսներ առաջ սահմանված գնահատման համակարգին։ Նա ասում է, որ հիմնարկում՝ փակ ռեժիմում աշխատելն ուղղակի անհնար է, քանի որ համապատասխան աշխատանք չկա, այնինչ համակարգում մեծ տեղ են տալիս դատապարտյալի աշխատելուն․

«Ես էլ եմ դիմել պայմանականի համար, դիմումս ընթացքի մեջ ա, բայց էդ համակարգում, որ գրած ա՝ աշխատել, մտածե՞լ են, թե դատապարտյալը ոնց ա աշխատելու։ Ստեղ աշխատանք չկա, աշխատանքային գաղութ չի, կամ պետք ա թզբեհ սարքես կամ ճաշարան գնաս աշխատես։ Փակ ռեժիմային սիստեմ ա, սրա մեջ աշխատանք չկա»։

Քրեակատարողական ծառայությունը Տիգրանին հայտնել է, որ վաղաժամկետ ազատ արձակման դիմումի ընթացակարգի համաձայն, առաջիկայում նրան կայցելի Պրոբացիոն ծառայության աշխատակիցը, սակայն դատապարտյալն այստեղ ևս թերություն է տեսնում։ Ըստ նրա, դրսում գտնվող մարդիկ չեն կարող կարծիք կազմել ներսի մարդկանց մասին․

«Դատապարտյալին ամենալավը հիմնարկի աշխատակիցն ա ճանաչում, ինքն ա ամեն օր, ամեն պահ շփվում մեր հետ, ոչ նախարարն ա մեզ ճանաչում, ոչ Պրոբացիայի աշխատակիցը, ոչ էլ դուք։ Էդ Պրոբացիայի աշխատակիցը կարա գա, մի կես ժամ նստի, հետս, սիմպատիան չբռնի ու բացասական եզրակացություն տա գնա։ Էդ սխալ ա»,- ասում է դատապարտյալը։

Այսօր Տիգրան Ավետիսյանը կիսափակ ռեժիմում է, օգտվելով նոր օրենքից դիմել է կիսաբաց տեղափոխվելու համար, բացի դրանից՝ սպասում է նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի պատասխանին․

«Պետությունը մտածում էր, որ միայն դագաղով ենք դուրս գալու ազատության մեջ, բայց սխալվում ա․․․»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest