Ռազմական լուրեր պատրաստող և հրապարակող Razm.info կայքը ֆինանսավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կողմից: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքում տեղադրված «Զորակն» գիտա-կրթական երիտասարդական հիմնադրամի հաշվետվությունից: Հենց այս հիմնադրամին է պատկանում Razm.info կայքը: «Զորակն»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներից են Կարեն Վրթանեսյանը և Վահագն Մխոյանը:

Այսպես՝ ըստ հիմնադրամի հաշվետվության՝ 2016 թվականին Razm.info-ին ռուսական բանակը տրամադրել է 720 000 դրամ: Razm.info-ի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ 2015–16 թվականներին ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի հետ օրինական պայմանագիր են կնքել. «համաձայն որի հարևան որոշ երկրների (!!!) էլեկտրոնային մամուլի շաբաթական տեսություն ենք կազմել, ուղարկել»,- Վրթանեսյանը պատրաստ է ցուցադրել այս մասին հավաստող պայմանագրեր։ Ի դեպ, թեմայի շուրջ քննարկումներում երբեմն Վրթանեսյանի նյարդերը տեղի են տալիս: Քննադատություններին ի պատասխան՝ նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում կարծիք արտահայտող քաղաքացիների հասցեին:
azdarar.am կայքում տեղադրված հաշվետվություններում ռուսական ռազմաբազան որպես «Զորակն» հիմնադրամին ֆինանսավորող կողմ այլևս չի նշվում: Սակայն նշվում է «ծառայությունների մատուցում» տողը: Չի բացառվում, որ հետագա տարիներին ռուսական ռազմաբազայի ու Razm.info-ի համագործակցությունը շարունակվել է, և ստացված ֆինանսական միջոցները տեղավորվել են «ծառայությունների մատուցում» տողի տակ: Ինչպես երևում է «Զորակն»-ի հաշտվետվությունից, հիմնադրամի ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են անհատ բարերարների և նվիրատվությունների հաշվին: Մշտական նվիրատուների շարքում են Կարեն Վրթանեսյանը և Վահագն Մխոյանը:
Ստացվում է՝ նրանք տարիներ ի վեր անձնվիրաբար սեփական միջոցներն են տրամադրում հիմնադրամին: Թե ինչն է ստիպում առանց դրամական շահ հետապնդելու աշխատել, թերևս հայտնի է միայն իրենց:
Ի՞նչ ծառայություններ է մատուցում Razm.info-ն ռուսական բանակին  
Razm.info լրատվամիջոցի ու ռուսական բանակի միջև համագործակցությունը որոշակի ռիսկեր է պարունակում: Գլխավոր հարցը հետևյալն է՝ իրականում ի՞նչ ծառայություն է մատուցում այս լրատվամիջոցը ռուսական բանակին: Ենթադրելի է՝ 2 տեսակի. առաջին՝ քարոզչական-լրատվական ճակատում սպասարկվում է ռուսական ռազմաբազայի շահերը, հրապարակվում տեղեկատվություն, և երկրորդ՝ ռազմաբազային փոխանցվում է ռազմական նշանակության տեղեկատվություն:
Սկսենք երկրորդից: Հայտնի է, որ ռուսական փողերից սնված կայքը վայելում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վստահությունը: Razm.info-ի վերլուծաբան-փորձագետներն անարգել այցելում են Հայաստանի Զինված ուժերի մարտական հենակետեր, շփումներ են ունենում զինվորականների հետ: Վստահաբար տեղեկություններ են ստանում Հայաստանի բանակի զինվածության, թվաքանակի, սահմանում դիրքերի տեղակայման վերաբերյալ: Այդ տեղեկությունները կարող են լինել ոչ հրապարակային և փակ՝ երկրորդ կողմի համար:
Գաղտնիության տարրեր պարունակող տեղեկատվություն Razm.info-ն կարող է ստանալ ինչպես զինվորականներից, այնպես էլ անձամբ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս գուցե տեղեկատվություն փոխանցում է  հակաադրբեջանական քարոզչությանն աջակցելու համար, սակայն չի բացառվում, որ այն փոխանցվի նաև երրորդ կողմին: Ի՞նչ երաշխիք կա, որ Հայկական Զինված ուժերին վերաբերող տեղեկատվություն Razm.info-ն չի փոխանցում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային:
Ո՞վ է վերահսկում ռուսներին հասցեագրվող տեղեկությունների հոսքը: Բնական է՝ պաշտոնական հաշվետվությունում կամ պայմանագրում չի ամրագրվելու Հայկական Զինուժին վերաբերող տեղեկատվության փոխանցման մասին պարտավորություն, բայց գործնականում՝ փաստաթղթային գրագրություներից դուրս այդպիսի հոսք հնարավոր չէ բացառել: Որքան էլ Արծրուն Հովհաննիսյանը հիացած է Razm.info-ով, անհրաժեշտ է սահմանափակել Զինված ուժերին վերաբերող բացառիկ տեղեկատվության հասանելիությունն այս լրատվամիջոցի առաջ:
Փանիկի միջադեպը Razm.info կայքը չի լուսաբանել
Բավարար է Google որոնողական համակարգում հավաքել «102-րդ ռազմաբազա site:razm.info» բառերը և ընթերցողի առաջ կհայտնվեն Գյումրու ռազմաբազային վերաբերող հարյուրավոր հրապարակումներ: Տպավորություն է՝ չկա ռազմաբազայում անկցացվող մի միջոցառում, որ չլուսաբանվի: Իսկ ի՞նչ ռակուրսից է Razm.info-ն լուսաբանում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներին առնչվող միջադեպերը: Լրատվամիջոցի մարտավարությունը հասկանալու համար որպես օրինակ վերցնենք ամենաթարմ՝ Փանիկ գյուղի դեպքը:
Հուլիսի 17-ին ռուսական ռազմաբազայի զինծառայողները առանց զգուշացման և թույլտվության զորավարժանք էին անցկացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Ռուս զինծառայողները տարբեր տեսակի զենքերից օդ էին կրակել, պայթեցրել ռազմամթերք: Հնչած ձայներն ու պատերազմական տեսարանն ահաբեկել էին փանիկցիներին, որոնք փակել էին ռազմական շարասյան ճանապարհը և ռուսներից պահանջել բացատրել իրենց գործողությունները: Միջադեպին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով իբրև սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հանդիպելու էին շտապել ռուսական ռազմաբազայի ղեկավարները, Ռուսաստանի դեսպանը, որոնք ներողություն էին խնդրել: Որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանը ցնցած Փանիկի միջադեպը տեղ չի գտել Razm.info-ի էջերում: Չհրապարակվեց ո՛չ բուն միջադեպի մասին լուր, ո՛չ էլ հայ և ռուս պաշտոնյաների հանդիպումներն ու հրապարակային խոսքը: Ինչո՞ւ Razm.info կայքը չհրապարակայանացրեց ռուս զինծառայողների սանձարձակ գործողությունները: Պատասխանը պարզ է՝ լրատվամիջոցը պարզապես խուսափել է հրապարակել ռուսական ռազմաբազան հայաստանցիների աչքում վարկաբերկող տեղեկատվություն կամ թեմայի շուրջ որևէ վերլուծություն: Հավանաբար մտավախություն են ունեցել հետագայում զրկվել ռուսական բանակի հետ հնարավոր նոր գործարքից:
Razm.info կայքը՝ ատելություն տարածող 
Razm.info կայքը պարբերաբար հրապարակում է Ադրբեջանին և Թուրքիային վերաբերող տեղեկություններ: Այդ պետություններն ընթերցողին ներկայացվում են իբրև «թշնամի»: Պրոֆեսիոնալ լրատվական խմբագրություններն ադրբեջանական բանակին անդրադառնալիս սովորաբար օգտվում են «հակառակորդ» տերմինից, որը պակաս ատելություն սերմանող է, քան «թշնամի»-ն: Սա կարելի էր վերագրել ոչ պրոֆեսիոնալ գործելակերպին, եթե չարվեր միտումնավոր և պարբերաբար: Հայերի, ադրբեջանցիների ու թուրքերի միջև թշնամանքի հարուցումը աշխարհաքաղաքական համատեքստ ունեցող գործոն է:
Եթե ուշադիր լսենք ռուսական գումարներով սնվող փորձագետներին ու լրատվամիջոցներին, նրանց համար սկզբունք է հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանքի խորացումը: Քարոզչական տրյուկների արդյունք է հայաստանցիների գիտակցության մեջ մտցված այն միտքը, որ եթե Գյումրու ռուսական ռազմաբազան չլինի, թուրքերը կգան մեզ կուտեն: Եթե ռուսական ռազմաբազայի գոյությունը Հայաստանում դեռ շարունակվում է, դա նշանակում է, որ այն անհրաժեշտ է Հայաստանին: Սակայն նրա գոյությաըն կյանքի ու մահվան երանգ հաղորդելը, ծառայում է բացառապես Ռուսաստանի Դաշնության շահերին: Եթե Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունենա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ դաշնակցությունը պակաս կկարևորվի: Հասկանալի է, որ թշնամանքի խորացման մթնոլորտում Հայաստանն իր հարաբերությունները երբեք չի լավացնի հարևանների հետ:
Razm.info-ի հիմնադիրների էջերը զարդարում է անձամբ Սերժ Սարգսյանը
azdarar.am կայքում տեղադրված ֆինանսական հաշտվետվություններում «Պետական բյուջեից դրամական մուտքեր» տողը լրացված չէ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Razm.info-ին հիմնական ֆինանսավորողներից է եղել ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Razm.info-ն Սերժ Սարգսյանին լուսաբանել է բացառապես դրական լույսի ներքո: Լրատվամիջոցը ղեկավարող Կարեն Վրթանեսյանի ու Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջերը զարդարում են  Սերժ Սարգսյանի լուսանկարները:
Ի դեպ, Թավշյա հեղափոխության օրերին Կարեն Վրթանեսյանին պարբերաբար կարելի էր նկատել ցուցարարների շարքերում: Ոչ, նա հեղափոխական չէ, պարզապես լուսանկարում էր ցուցարարներին, արձանագրում հնչող կոչերը: Եթե հեղափոխությունը տապալվեր, հավանաբար Վրթանեսյանը վերլուծություն կպատրաստեր, թե հեղափոխության օրերին արևմտյան կեղտոտ ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել, ինչ դեր է ունեցել Սորոսը: Բայց սպասված հոդվածն այդպես էլ լույս չտեսավ:
Ռոբերտ Անանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest