ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը այսօր Հակակոռուպցիոն դատարանում մասնակցել է «քիմիկների զորամասի» հայտնի գործով դատական նիստին: Նիստը հենց Գասպարյանի միջամտությամբ ընթացել է դռնակ, և տեսալուսանկարահանումն արգելված է եղել:

«Քիմիկների զորամասի» հայտնի գործին Forrights.am-ը բազմիցս անդրադարձել է: Այս քրեական վարույթի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը, «Քիմիկների զորամասի» հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Արմեն Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Գեներալ Անդրանիկ Մակարյանը, ըստ մեղադրանքի, այս խմբին հավաքել է Կապանի զորամասում ու հրահանգել «սանրել» Կովսական մտած 12-15 հոգանոց ադրբեջանական խմբին։ Նաև նշել է, որ ինքը նույնպես անձամբ մասնակցելու է գործողությանը։ Սակայն արդեն նշված վայրում են 62 հայ զինծառայողները պարզել, որ իրենց 500-ից ավելի ադրբեջանական խումբ է սպասում։

2020-ի հոկտեմբերի 20-ի առավոտյան «Քիմիկների» զորամասի հրամանատար, փոխգնդապետ այժմ ամբաստանյալ Արսեն Աբգարյանի ուղեկցությամբ, երեք ավտոբուսով այդ 62 զինծառայողները շարժվել են դեպի Կովսական։ Ժամը 07։00 սահմաններում խումբը հասնում է Կովսականի սկիզբ, սակայն տեղի դպրոցից 500-600 մետրի վրա հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ։

Նկատելով աջ բլրի վրա հակառակորդի զինված խմբերին և դպրոցի վրա ադրբեջանական դրոշը՝ ավտոշարասյունը կանգնում է, զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Արմեն Բադեյանը տալիս է շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման, և անձնակազմը դիրքավորվում է շրջակայքում։ Աջ բլրից ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայ զինծառայողների ուղղությամբ։ Հակառակորդը, ունենալով թվային և տեխնիկական միջոցների առավելություն, աստիճանաբար նրանց առել է օղակի մեջ։ Փաստացի, մարտի մեջ բռնված 62 հոգանոց անձնակազմից միայն 22 զինծառայողի է հաջողվել դուրս գալ, իսկ 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, մնացած 30-ից ավելին անհայտ կորած են համարվում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest