Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի երկօրյա հարձակումից և հազարավոր  մարդկանց հայրենազրկումից մեկ օր անց, Անկախության օրը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, անդրադարձել է ԼՂ-ում հաստատված հրադադարին ու դրանից հետո արձանագրված խախտումներին։

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զինծառայողներ չկան։

«Մեր տեղեկություններով՝ այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են: Տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը և այլն, և այդպես շարունակ: Այդպիսի բան չկա: Իհարկե, կան որոշակի կոմունիկացիայի դժվարություններ և բարդություններ», – նշել է վարչապետը:

Իրականությունը, սակայն այլ է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ից հետո «Լրագրողներ հանուն մարու իրավունքների» կազմակերպությունը հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձանց հետ, որոնք վկայում էին, որ ադրբեջանցիները ոչ միայն ներխուժել են հայկական բնակավայրեր, նաև Ստեփանակերտ, այլև ծեծի ու բռնության են ենթարկել բնակիչներին, նույնիսկ սպանություններ են կատարել, վախի և ճնշումների հոգեբանական մթնոլորտ է տիրել Արցախի քաղաքներում և գյուղերում, դեպի Հայաստան գաղթի ճանապարհին։

Forrights.am-ը ի մի է բերել այդ տվյալները, որոնք ներկայացնում ենք ստորև։

Ճարտարի բնակիչ Մարտա Սահակյանը մեզ պատմել է, որ իր երեք երեխաների հետ մեծ դժվարությամբ է լքել իր հայրենի Ճարտարը, ճանապարհներին զինված ադրբեջանցիներ են եղել, որոնք վախի մթնոլորտ են ստեղծել. «Ամուսնուս հայրն էր մեքենան վարում, ինքն էլ տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, ես վախենում էի, մտածում էի երեխաների մասին՝ ողջ կհասնե՞ն, թե չէ։ Ադրբեջանցիք կանգնացնում էին, իրենց կերպարը շատ վախենալու էր»։

Ճարտարից Ստեփանակերտ տեղահանվելու ճանապարհին անդրբեջանցի զինվորականների կողմից ծեծի է ենթարկվել Կամո Բալայանը։ Ադրբեջանցի 3 զինվորականներ ծեծի են ենթարկել նրան։ Այդ ճանապարհին ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ից հետո երկու անցակետ է տեղադրել։

Կամո Բալայանը սարսափելի դրվագներ է ներկայացնում ադրբեջանցի զինված  զինծառայողների գործողություններից, թե ինչպես են իրեն բռնության ենթարկել՝  գցել են գետնին և հինգ րոպե շարունակ ոտքերով հարվածներ հասցրել։

«Մեկը՝ սև հագուստով, քացով խփեց մեջքիս, դռան մոտ էի, որ խփեց դոշս տվեցի դռանը։ Մի քանի անգամ էլ դրանից հետո են խփում՝ զենքի պրիկլադով (խզակոթ), համ խփում էին, համ ասում էին ավտոմեքենայի եղածը դատարկի։ Այդ ամբողջ դատարկել, լցնելու ընթացքում խփում էին, միաժամանակ երեք հոգով էին խփում։ Մի պահ գետնին ընկա երեք հոգով՝ քացով սկսեցին խփել։ Վզիս էին խփում, մեջքիս էին խփում, երիկամներիս», — պատմել է ադրբեջանցիների կողմից բռնության ենթարկված տղամարդը և նշել, որ իրեն սկսել են դաժան հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ առաջարկել է, որ իր հետ ռուսերեն կամ հայերեն խոսեն, քանի որ ադրբեջաներեն չի հասկանում։

«Մի հոգին էր ռուսերեն խոսում, հասկանում էի, որ երկուսն ադրբեջաներեն քֆուր են տալիս, ռուսերենով ասում եմ՝ կամ հայերեն խոսացեք, կամ՝ ռուսերեն։ Առաջին անգամ էդ բառի վրա են խփել։ Հենց դա ասում եմ՝ խփում են»,-վերհիշում է Կամոն։ Նա նաև նշել է, որ տարածքում արցախցիների անվտանգության երեշխավոր համարվող ռուս խաղաղապահներ չեն եղել։

Այդ անցակետից չորս կիլոմետր այն կողմ ադրբեջանական ևս մեկ անցակետ է եղել, որտեղ ֆիզիկական բռնության Կամոն չի ենթարկվել, սակայն, հոգեբանական ճնշումներ են եղել։ Շուրջ կես ժամ սահմանափակել են նրա և մեքենայում գտնվող երեք այլ արցախցիների տեղաշարժը, թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ Կամո Բալայանի մոտ գլխի, մեջքի, երիկամների շրջանում սուր ցավեր են եղել։

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի ժամանակ երկու որդիներին կորցրած Իրինա Գրիգորյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիների կողմից սպանվել է ընտանիքի պապը` Շաբո Գրիգորյանը:

43-ամյա Իրինա Գրիգորյանը Ասկերանի Սարուշեն գյուղից է: Նա ասում է, որ

դադարել է որեւէ բան հասկանալ կամ զգալ, չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։

«Սեպտեմբերի 19-ին ժամը 14:10 առաջին ռմբակոծությունը լսեցինք, մոտակայքում էր: Մենք խուճապի մատնվեցինք, երեք ժամ գյուղում մնալուց հետո գյուղապետը տեղեկացրեց, որ պետք է գնանք մոտակա մարզադաշտը, որ տղամարդիկ կարողանան գյուղը պաշտպանեն: Հետո ասեցին` չէ, մարզադաշտը ապահով չէ, պետք է գնանք անտառներ: Անտառների միջով երկար ճանապարհ գնացինք, մանուկ, երեխա, կին, անցանք, երկու ժամ մնացինք  անտառում, բոլորով հավաքվեցինք, որ հասկանանք, թե ինչ է լինում, հնարավոր չէր երկար մնալ, գետինը խոնավ էր, որոշեցինք հասնել մոտակա գյուղ: Անցանք հասանք մոտակա գյուղ, գիշերվա կեսին  գյուղապետը ավտոբուսներով եկավ, թե պետք է գնանք քաղաք, էլ ճար չկա: Շատ զոհեր ունեինք, բայց գյուղը էլ չէր լինի պահել, գյուղը դատարկ էր: Եկանք քաղաքի նկուղներ, գիշերը մնացինք, հետո տարան օդանավակայան, այնտեղ էլ օրը չթամամած ասացին` ով բարեկամ ունի, թող գնա, ով էլ չունի, թող մնա, տեսնենք, թե  ինչ է լինում: Մամաս քաղաքում էր, գնացինք իր տուն, մնացինք:  Հետո իմացանք, որ մեր պապիկին սպանել են… Նա մեծ մեքենա ուներ, դրանով ուզում էր գար մեր հետեւից, երբ մենք անտառներում էինք: Չգիտեր, որ դեպի քաղաք տանող ճանապարհը արդեն թուրքերը վերցրել էին: Հետո ենք իմացել, որ նրան հենց ճանապարհին սպանել են»,- պատմում է Իրինան:

Սարուշեն գյուղի բնակիչները՝ շուրջ 400 հոգի, հրաշքով են դուրս եկել ադրբեջանական շրջափակումից ու փրկվել։ Սարուշենն Ասկերանի շրջանում է։ Հարձակումը դիրքերի ուղղությամբ սկսվել է առավոտյան 11:00-ից։ Դիրքերը գյուղից հեռու են 200-300 մետր։

Սարուշենի բնակիչներից Ալիսա Առուստամյանը պատմել է, որ ադրբեջանցիները հարձակվել են գյուղի վրա, բնակիչները խուճապահար, կրակոցների տակ փախել են անտառ։  «Չգիտեմ՝ ինչպես, բայց հասանք անտառ, մութն արդեն ընկել էր։ Երեխաները ձեռքներիս սպասում էինք, թե ինչ պետք է ասեն՝ հույս ունեի, որ էլի տուն եմ վերադառնալու։ Եկան ասեցին, որ արդեն մտել են գյուղ, գնացեք»,- ասել է նա։

Բռնի տեղահանվող խաղաղ բանակիչները ճանապարհին էլ ավելի դաժանությունների են ականատես եղել։ Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են Սարուշենի դիրքերից հոսպիտալ տեղափոխվող վիրավորներին։ «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել։ Երեք վիրավոր էին։ Դիահերձարանում տեսել են, որ գլուխների կեսերը չկային, տղաս էլ է տեսել»,- նրա փոխանցմամբ վիրավորները 33, 40, 70 տարեկան էին։ «Եթե մի քիչ ուշ դուրս եկած լինեինք, կմտնեին մեզ էլ կկոտորեին, կրակոցիների միջով անցանք»։

Ադրբեջանցիները Սարուշենի երեք խաղաղ բնակչի են սպանել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո՝ Սարուշենից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Այս տեղեկությունը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչ 64 տարեկան Մխիթար Գասպարյանը։

«Իմ հարևաններին են սպանել, ճանաչում էի նրանց»,- ասաց 64-ամյա տղամարդը՝ մանրամասնելով, որ սպանվածներից մեկը գյուղի տարեց բնակիչներից է եղել՝ բռնի տեղահանվող։

«Սպանվածներից մեկը վիրավոր է եղել, մյուսը՝ վիրավորի բարեկամն է եղել, իր մեքենայով հիվանդանոց էր տեղափոխում, իսկ երրորդը տարեց մարդ է եղել, որը ցանկանում էր իր մեծ մեքենան տաներ Ստեփանակերտ, որպեսզի հնարավոր լինի շատ մարդ տեղափոխել Հայաստան․․․ Թշնամին, որ հարձակվեց բոլոր գյուղացիք մտան կռվի մեջ, պատերազմն այդպես էլ սկսվեց, ահագին զոհեր տվեցինք, 10 հոգի զոհվեց»,-ասաց նա՝ նշելով, որ ոտքից վիրավոր է եղել։

Մխիթարին Սարուշենի գյուղապետն իր մեքենայով երկու այլ վիրավորների հետ փորձել է տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։ «Գյուղից դուրս եկանք դեպի Խաչմաչի (գյուղ Ասկերանի շրջանում,-հեղ․) ճանապարհին ադրբեջանցիները ճանապարհը կտրեցին, կրակոցների տակ ընկանք, շատ կրակեցին, ոնց-որ ավտոյի վրա կարկուտ թափեր, գյուղապետը մեջքից վիրավորվեց։ Մեքենան շուռ տվեցինք, գնացքին Սարուշեն»,- պատմել է նա։

«Զանգեցին ասացին, որ գյուղացիներին մորթում են, զանգեցի մորս անհասանելի էր, սաղ օրը գժված էի։ Մերս սեպտեմբերի 20-ին կեսօրից հետո նոր  կապի է դուրս եկել»,- պատմել է սարուշենցի Արթուր Առուստամյանը։

28 տարեկան Ռոբերտ Բադասյանը Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի դիրքերում էր, երբ թշնամին հարձակվել է Արցախի վրա։ Մեկ օր աննահանջ մարտերից հետո բոլոր զինծառայողների նման նա էլ զենքը վայր դնելու հրաման է ստացել՝ չնայած ադրբեջանական կողմը շարունակում էր կրակել ոչ միայն դիրքերի, այլ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

«Իմացանք, որ ադրբեջանցիները մտել են Մարտակերտ, գյուղերի բնակիչներն անտառներով գնում էին, խառը իրավիճակ էր, Կաշենի հանքի մոտի գյուղերի ժողովուրդը ոնց կարողանում էր, գնում էր»։ Ռոբերտը «Ուրալ» մեքենայով մոտ 300 հոգու դուրս է բերել Գյուլաթաղ գյուղից։ «Երեք անգամ գնացել, եկել եմ, ադրբեջանցիները գյուղ էին մտել։ Ժողովուրդն անտառներում էր, երեխաներ ու տարեցներ էին, սաղ հավայի ընկած, սնարյադը խփում էր, լաց ու կոծ էր։ Օբշի մի 300 հոգի մարդ եմ հանել, խառը նստում էին կուզովը։ Հետո այդ Ուրալով զորքին բերեցի Ստեփանակերտ․․․ Ժողովուրդը, եթե կես ժամ ավել մնար այնտեղ, սնարյադի տակ էին, զոհվելու էին կամ էլ ադրբեջանցիներն էին գալու մորթելու։ Այդ պահին դա եկավ գլխիս, այդպես օգնեցի մարդկանց»,- Forrights.am-ի հետ զրույցում ասել է նա:

Խաղաղ բնակիչներին տեղափոխելու ամբողջ ընթացքում կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, կրակոցների անցքերը պահպանվում են մեքենայի վրա։ «Այդ ընթացքում, որ մարդկանց էի տեղափոխում հրետանին աջ ու ձախ կողմերը տրաքում էր, ժողովուրդը գոռում էր պայթյունի ձայներից»։

«Գյուղերից գալիս էին մեր հայաթը, լացում էին, ասում էին՝ թուրքերը կրակել են, սպանել են, մենք ասեցին բենզին ճարենք, դուրս գանք, եթե դուրս չգայինք հասնելու էին Ստեփանակերտ, մեզ կոտորեին»,- պատմել է Ստեփանակերտի բնակիչ Սոնյա Մարտիրոսյանը։ Նա հիշում է, թե ինչպես է քրոջ որդին հասել տուն ու տեսել, որ թշնամին արդեն տան դռան առջև կանգնած են․

«Թշնամին հասել էր Աջափնյակ, քրոջս տղան գնացել էր, որ կնոջ հետ շորերը վերցներ, տեսել էին, որ թուրքը դռան դիմաց կանգնած է։ Էրեխեքը վախաեցել են, չեն թողել իրենց տուն մտնեն, ասել են՝ դուրս եկեք, զանգեցին մեզ էլ ասացին՝ շուտ արեք, դուրս եկեք, թուրքերը հասնում են։ Հիմա երեխաները վախից գիշերները չեն կարողանում քնել, վախեցել են»։

Արցախցի Ստելլա Մկրտչյանն ասում է, որ իր ամուսինը հրադադարից երկու օր անց է միայն կարողացել տուն գալ, պատմել է այն սարսափը, որի միջով անցել է։

«Ասում է, որ արդեն դուրս էին գալիս, միամիտ տեսել է, որ դիմացն ադրբեջանցիներ են դուրս եկել։ Մարտեր են եղել, ամուսնուս մոտ ավտոմատ է եղել, հազիվ է փրկվել, քանի որ ադրբեջանցի զինծառայողը դանակով հարձակվել է իր վրա, ամբողջ ձեռքերին դանակի հետքեր են»,- վկայել է նա։

Թշնամու հարձակումից հետո` սեպտեմբերի 19-ի գիշերը, Մարտունու շրջանի Ննգի  գյուղից որոշել են տարհանել բնակիչներին։ Գյուղացիները չեն համաձայնվել, քանի որ սահմանին զինվորներ ունեին։ Ահա, թե ինչ են նրանք պատմում․

«Երեխաներին էինք տանում ապաստարան, բայց մեծերով նստած էինք գյուղի ճանապարհին, թե որտեղից պիտի մի նորություն լսենք։ Գնում, գալիս էին, ամենքը ասում` հեսա կվերջացնեն։ Եկան մեր գյուղի տղերքը մնացած երիտասարդներին վերցրին, որ գյուղը պաշտպանեն։ Որ բարձրացրել են դիրքեր, ասում ա` իմացանք, որ արդեն ճեղքած մի հիսուն հոգով գյուղ են մտնում։ Էնքան խելոք են գտնվել, որ չեն կրակել։ Եթե կրակեին, սաղ գյուղը կոչնչացնեին․․․ Փոքրերը լացում էին, ասում էին՝ թուրքերը, որ եկան, մեզ սպանելու են։ Եկողները հույս էին տալիս, ասում էին՝ մի վախեցեք, ոչ մի բան չի լինի, մենք ձեզ հետ ենք։ Գյուղը զինաթափված, թուրքը գյուղում, ո՞նց կարող ա ապահով լինես։ Էլի չէինք ուզում գնայինք գյուղից, սպասեցինք մինչև ամսի 25-ը, դրանից հետո մեր գյուղապետը կազմակերպեց, ասեց` ժողովուրդ ինչի՞ եք սպասում, ուզում եք մնա՞ք, թե՞ գնաք … ո՞վ կարա մնա, թեկուզ հա, որ մնաս, կարաս ինքնասպան լինես, բայց երեխաների համար սաղ դուրս եկան, մի մարդու նման։ Թողեցինք ամեն ինչ, գերեզմանները, մանկության հուշեր, ապրած օրեր։ Դուրս եկանք ու չգիտեինք ` ուր ենք գնում, ինչի ենք գնում, ոնց պիտի մնանք … դուրս եկանք, թողեցինք մեր տղաների արյունն էնտեղ», — պատմում է տեղահանվածներից Ալվարդ Ավագյանը։

Արցախից բռնի տեղահանվող 22-ամյա Էրիկ Հակոբյանին Ադրբեջանի բանակի զիննծառայողները կողոպտել են։ Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղակայված զինյալները շրջապատել են նրան և պահանջել թանկարժեք ոսկյա շղթան։ Այս մասին Forrihgts.am-ի հետ զրույցում ասել է Էրիկ Հակոբյանը։ «Մեկը կանչեց ինձ ու ասաց՝ ցեփդ հանի, չհանեցի, երկու անգամ ասեց, չհանեցի, երրորդ անգամ ձեռքով ցեփս ցույց տվեց, հանեցի տվեցի իրեն, ասաց՝ գնա։ Ադրբեջաներեն էր խոսում, չէի հասկանում, թե ինչ էր ասում։ Ես էլ բան չէի ասում, քանի որ երեխաներ կային, ուզում էի անցնել»,- Forrights.am-ին պատմել է երիտասարդը։

Բոլոր նկարագրված դեպքերով պետք է զբաղվեին իրավապահ մարմինները, և անգամ եթե ենթադրել, որ բոլոր այս անձինք ստում են, նրանց հաղորդած տեղեկությունները պետք է ստուգվեին։ Սակայն մեր զրուցակիցներից ոչ մեկին Հայաստանի քննչական մարմինները չեն հրավիրել իրենց տեսածի, լսածի ու վերապրածի շուրջ ցուցմունքներ չեն  տվել։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest