Համացանցը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին դատախազությունը «հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ»՝ մայրը 9-ամյա դստերը մազերից քաշելով դպրոցից բերել է տուն, ապա կիսամերկ 2.5 ժամ պահել ցուրտ ու մութ խորդանոցում։
Բնավ էական չէ, թե ինչ «պատճառներ» է ունեցել մայրը, քանի որ խոսքը 9-ամյա երեխայի մասին է։ 9-ամյա երեխան ԱՆՊԱՏՃԱՌ է։ Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն հաճախ է դստեր հանդեպ այդպիսի գործողություններ արել։ Ինչո՞ւ է արել։ Պատասխանն իրականում շատ պարզ է՝ կամ իր հանդեպ էլ են այդպես արել, կամ տեսել է, թե ինչպես են ուրիշներն այդպես վարվում իրենց երեխաների հետ, գտնվում է սոցիալական ծայրահեղ և անհաղթահարելի պայմաններում, որոնք քայքայել են նրա նյարդային համակարգը կամ էլ հոգեկան խանգարում ունի, որը աղջիկ երեխային համարում է անեծք, բայց «ձեռքդ չի գնում» սպանի, դեռ համապտասխան նոպայի մեջ չի ընկել։
Երեք դեպքում էլ, ընկերներ, մայրը մեղավոր չէ։ Այսինքն, քննությո՞ւնը պիտի պարզեր, որ մայրը հաճախ է բռնացել փոքրիկ աղջկա նկատմամբ։ Ոչ։ Քննությունը վերջում պիտի տեղ հասներ, ոչ թե ամենասկզբից, երբ երեխան հոգեկան և ֆիզիկական բոլոր տանջանքներն արդեն ապրել է։ Այս դեպքն անկասկած ունի մեղավորներ։ Եվ մեղավորներից առաջինը դպրոցն է։ Նույնիսկ մեղադրանքում կա դպրոցի «մասնակցությունը»՝ ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց, որտեղ նրան պահել է մոտ 3 ժամ։ Եթե անգամ ոստիկանություն դպրոցն է դիմել, միևնույն է, պարզվել է, որ դա առաջին դեպքը չէ։
Երեխան մի՞շտ է աշխույժ ու անդարդ եկել դասերի։ Ոչ մեկին չի՞ հետաքրքրել, թե հոգեկան ինչ խնդիրներով է նա գալիս դպրոց։ Այդ երեխան իր մոր զոհը չէ, այլ՝ իր շրջապատի անտարբերության։ Հլը պատկերացրեք, թե այդպիսի քանի՞ երեխա կա Հայաստանում։ Դպրոցը, ընկերներ, միայն չի կրթում, այն իր էությամբ նաև ապաստարան է այն իմաստով, որ եթե երեխան տանը ենթարկվում է բռնության, ու ոչ միայն ենթարկվում է, այլև չգիտի, որ կարող է ինչ-որ մեկին պատմել իր տանջանքների մասին, դպրոցը պիտի փորձի հասկանալ՝ նա ունի՞ խնդիրներ։
Երեխան 9 տարեկան է։ Այսինքն, 3 տարի արդեն հաճախում է դպրոց։ Պարզ է, որ մայրը շատ վաղուց է այդպես վարվել իր դստեր հետ։ Կարելի է ասել, որ 3 տարի այդ երեխան տանջվել է դպրոցի աչքի առաջ։ Դպրոցն ունի հոգեբան կամ պիտի ունենա։ Այդ հոգեբանը պիտի իմանար այս աղջկա մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև աղջիկը պիտի, պարտադիր պիտի տարբերվեր մյուսներից, քանզի բոլոր երեխաների մայրերը չէ, որ «ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից երեխային տեղափոխում են իրենց բնակարան»։
Բայց ահա հարցերի հարցը՝ վերջին 5 տարում այս երկրում ոչինչ չի փոխվե՞լ։ Երեխաները շարունակում են անպաշտպա՞ն մնալ։ Ի՞նչ կարևոր է, թե ովքեր են նրա ծնողները։ Դպրոցը և մանկական բոլոր ինստիտուտները նրա համար են, որ անհավասարակշիռ ծնողներ ունեցող երեխան պաշտպանված լինի այլ գործիքներով։ Եթե այս երեխան պաշտպանված չէ, ուրեմն ոչ ոք պաշտպանված չէ, ուղղակի ոչ բոլոր դեպքերում է մայրը կամ հայրը իր երեխային հենց դպրոցի դռնից ծեծելով տանում տուն։
Մհեր Արշակյան