Երանի Արայիկ Հարությունյանին, «պապ չես սպանել, տերտեր չես սպանել, խիղճդ էլ մաքո՜ւր, մաքո՜ւր»։ Այնքան մաքուր, որ նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ գներ ունեն հայկական ապրանքները։
Այսօր այս մարդը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ։ Հետո ավելացրել է՝ որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին։
Կարճ ասած՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի կոչ է անում՝ գնիր հայկականը։ Այսինքն, գնիր հայկական բանան, հայկական գուավա, հայկական կոկորդիլոսի միս, հայկական նարինջ, հայկական մանդարին, որը ամանորի խորհրդանիշ է։ Իսկ ամանորի սեղանին հայկական ծիրան լինո՞ւմ է ամանորի օրերին, անձամբ ես շատ եմ ուզում գնել։
Իսկ եթե մի քիչ լրջանանք, պիտի հիշենք, թե ինչ գներ են «թափառում»Հայաստանի բոլոր շուկաներում։ Այդպիսի գներով արտասահմանում շուկաներ կառնես, ոչ թե ինչ-որ ապրանք շուկայից։ Ամանորի օրերին այդ գներն ընդհանրապես թռնելու են ու, ասենք, Մասկի Սթարշիփերի գներին հասնեն։ Ուրեմն կառավարման 5 տարիներին էս մարդը և իր իշխանությունը ոչ մի կարգին շուկա չի գտել Լարսով անցնող շուկաներից բացի, հիմա մեզ կոչ է անում ի հեճուկս ԼԱՐՍԻ հայկական մթերք գնել։ Երևի կյանքում չի էլ լսել, որ ամանորյա սեղաններ գցելու համար իր հայրենակիցները բանկերից վարկեր են վերցնում։ Իսկ եթե մի քիչ էլ լրջանանք՝ մեր խանութներում ոչ հայկական շատ սննդամթերք կա։ Իսկ դրանց հետ ի՞նչ անենք։ Հատկապես եթե դրանք մի քիչ ավելի էժան են, քան՝ հայկականը։
Էս մարդը իշխանության իր աստղաբաշխական աշխատավարձի բարձունքներից հասկանո՞ւմ է ինչ է ասում։ Քաղաքացին գնում է միայն իր ԳՐՊԱՆԻՆ համապատասխան ապրանք՝ լինի դա թուրքական, ադրբեջանական, ուզբեկական, հոլանդական, ֆրանսիական, ամերիկյան, թե բրազիլական։ Հայկական գնելու կոչ ես անում, որ ի՞նչ։ Հասկացանք, որ ռուսները մեզ պատժելու ձևեր են գտնում և «նոյեմբերի 23-ից Լարսում ուժեղացված հսկողություն են իրականացնում շուտ փչացող ապրանքների՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և բժշկական ապրանքների նկատմամբ»։ Սա հասկացանք։ Բայց խիղճդ էնքան «մաքուր» լինի, որ չիմանա՞ս ինչ կոչեր ես անում։
Այսինքն, մենք մինչև հիմա ոչ հայկականն էինք գերադասում ու քո ասելով պիտի անցնենք հայկականի՞ն։ Գնա ու ինքդ քո հաշիվները մաքրիր ռուսների հետ։ Փակե՞լ են Լարսը, նոր շուկա փնտրիր Թուրքիայում, Ադրբեջանում, Իրաքում, որի նախագահին մի քանի օր առաջ պատվով ընդունեցիք, Աֆրիկայում, Արգենտինայում, Սաուդյան Արաբիայում, այնքան շուկա գտիր, որ ռուսները ոչ միայն ստիպված Լարսը բացեն, այլև հենց Պուտինի ինքնաթիռով էստեղից տանեն մեր ապրանքները։ Բայց մենք գնելու ենք այն, ինչը մեր ԳՐՊԱՆԻՆ հարմար է՝ հատկապես, եթե նարնջի ու մանդաևինի հայկականը չի լինում։
Իսկ քո սեղանին՝ պարոն աշխատակազմի ղեկավար՝ վիսկին, տեկիլան ու բուրբոնը հայկակա՞ն են լինելու, թե էս 5 տարվա մեջ այդպես էլ չիմացար, թե ինչ են դրանք։ Գործուղումների գնալիս հետդ հայկական խոհանո՞ց ես տանում, կամ երբ քեզ դրսում հյուրասիրում են, հայկական մթե՞րք ես պահանջում սեղանին։ Էդ ի՞նչ ապուշ պոպուլիզմ է, պարոն Հարությունյան։
5 տարի առաջ պաշտոնյա դառնալուդ առաջին օրը խոստացար, որ միայն մետրոյով ես երթևեկելու։ Հետո ի՞նչ եղավ։
Մհեր Արշակյան