Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնություն է տվել այսօր ժամը 17։00-ին հանդիպել 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողների, հարազատների հետ։ Այդ մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից Կարինե Մանավազյանը։

Նա ներկայացրեց, որ երեկ Պաշտպանության ննախարարությունում լարված իրավիճակ էր ստեղծվել, և ծնողների ճնշման արդյունքում որոշվել է կազմակերպել հանդիպում նախարարի հետ։

«Երեկ անհետ կորածի օրը մենք ակցիա էինք իրականացնում Պաշտպանության նախարարության մոտ, և փոխնախարար Արման Սարգսյանի հետ հանդիպում եղավ։ Մենք մնացել էինք այնտեղ ու դուրս չէինք գալիս, մեր տղամարդիկ նույնիսկ լիժանկա էին պահանջում, որ մնան, մինչև հանդիպում կայանա։ Նույնիսկ քաշքշուք առաջացավ փոխնախարարի հետ, երբ հայտարարեց, որ մենք ոչ մեկս էլ տեղյակ չենք ձեր երեխեքից՝ որտեղ են, ինչ են։ Այ էդ ժամանակ ծնողները կատաղեցին, քաշքշուք առաջացավ, եղավ հայհոյանք նույնիսկ։ Բայց փոխնախարարն ասաց, որ անվտանգության աշխատողները թող չխառնվեն, ասաց՝ հասկանում ենք ծնողների վիճակը», -մեզ հետ զրույցում ներկայացրեց Կարինե Մանավազյանը։

«Քիմիկների խումբ» անունով (ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության/ՌՔԿՊ) զորախմբի կազմում եղել են 62 զինծառայողներ։ Այս տղաների անհետ կորելու, զոհվելու կամ գերեվարվելու վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, որն այժմ դատարանում է, սակայն երկար ժամանակ է՝ ընդմիջվել են նիստերը։

Ըստ վարույթի նյութերի, գեներալ Անդրանիկ Մակարյանը այս խմբին հավաքել է Կապանի զորամասում ու հրահանգել «սանրել» Կովսական մտած 12-15 հոգանոց ադրբեջանական խմբին։ Նաև նշել է, որ ինքը նույնպես անձամբ մասնակցելու է գործողությանը։ Սակայն արդեն նշված վայրում են 62 հայ զինծառայողները պարզել, որ իրենց 500-ից ավելի ադրբեջանական խումբ է սպասում։

2020-ի հոկտեմբերի 20-ի առավոտյան «Քիմիկների» զորամասի հրամանատար, փոխգնդապետ այժմ ամբաստանյալ Արսեն Աբգարյանի ուղեկցությամբ, երեք ավտոբուսով այդ 62 զինծառայողները շարժվել են դեպի Կովսական։ Ժամը 07։00 սահմաններում խումբը հասնում է Կովսականի սկիզբ, սակայն տեղի դպրոցից 500-600 մետրի վրա հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ։

Նկատելով աջ բլրի վրա հակառակորդի զինված խմբերին և դպրոցի վրա ադրբեջանական դրոշը՝ ավտոշարասյունը կանգնում է, զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Արմեն Բադեյանը տալիս է շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման, և անձնակազմը դիրքավորվում է շրջակայքում։ Աջ բլրից ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայ զինծառայողների ուղղությամբ։ Հակառակորդը, ունենալով թվային և տեխնիկական միջոցների առավելություն, աստիճանաբար նրանց առել է օղակի մեջ։ Փաստացի, մարտի մեջ բռնված 62 հոգանոց անձնակազմից միայն 22 զինծառայողի է հաջողվել դուրս գալ, իսկ 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, մնացած 30-ից ավելին անհայտ կորած են համարվում։

 

Առնչվող հրապարակումներ- «Քիմիկների» զորամասի գործը՝ փակուղում․ Ինչպես է գերեվարվել 5 զինծառայող, անհայտ կորած համարվում 30-ից ավելին

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

«Բացեցինք տոպրակը, տեսանք երեք ոտք ա». Հակոբյաններին դիահերձարանից 3 ոտք են տվել որպես որդու մասունք

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest