44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները այսօր առավոտյան փակեցին Բաղրամյան պողոտան, այնուհետև հայտարարեցին անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Բողոքի ակցիա իրականացնողները «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներն են․ նրանք դժգոհում են, որ դատական նիստերը անընդհատ հետաձգվում են, ամբաստանյալը ազատության մեջ է, իսկ իրենց տղաներից որևէ լուր չկա, թեպետ կան վկայություններ, որ գերության մեջ են։

Ծնողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել փողոցը, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունի իրենց։ «Խաբելով հո չի։ Մի շաբաթ առաջ էր՝ եկանք, պահանջեցինք հանդիպում, ասեցին օրակարգը կկազմեն ու հանդիպում կլինի, հիմա էլի եկանք ու չեղավ հանդիպում», -ասաց կանանցից մեկը։

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ, հուլիսի 19-ին այս կանայք դարձյալ փակեցին փողոցը, բայց նրանց խոստացան մեկ շաբաթվա ընթացքում կապվել ու հրավիրել հանդիպման Փաշինյանի հետ։ Սակայն այդպես էլ հանդիպումը չի կայացել, և նրանք որոշել են կրկին փորձել փակել փողոցը։

Ծնողները նկատեցին, որ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում հաճախ լսում են՝ աշխատում են գերիների ու անհետ կորածների հետ կապված հարցերը լուծելու ուղղությամբ։ Բայց նրա խոսքով, իրենք ոչ մի արդյունք չեն տեսնում։ «Ո՞ւր ա աշխատածդ, ցույց տուր տեսնեմ, մենք էլ ասենք՝ էսքան աշխատել են, ո՞ւր ա։ 2 տարի 9 ամիս ա աշխատո՞ւմ են», -ասաց Անահիտ Ադոյանը։ Նրա խոսքով, Զանգելանը գրաված է եղել, իրենց տղաներին ուղարկել են «թշնամու բերան»։ «Որ գրաված էր, Մակարյան Անդո, ինչի՞ ուղարկեցիր մեր երեխեքին», -հարց հնչեցրեց Ադոյանը։

Նկատենք, որ խոսքը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի մասին է։

 

Առնչվող հրապարակումներ- «Քիմիկների» զորամասի գործը՝ փակուղում․ Ինչպես է գերեվարվել 5 զինծառայող, անհայտ կորած համարվում 30-ից ավելին

«Բացեցինք տոպրակը, տեսանք երեք ոտք ա». Հակոբյաններին դիահերձարանից 3 ոտք են տվել որպես որդու մասունք

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest