2015-ի ամռանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնացել էր Գեղարքունիքի մարզի մի գյուղ, որտեղ գյուղացիներից մեկը բառացիորեն մուննաթ էր գալիս վարչապետի վրա: Վարչապետը այդպես էլ հարցրեց. «Բայց ինչի՞ ես իմ վրա մուննաթ գալիս»: Ու սա հարցնում է վարչապետը, որը էդ պաշտոնը գրավել էր հենց նրա խնդիրները լուծելու համար ու չէր լուծել: Այսինքն, գյուղացին իրավունք ուներ մուննաթ գալու: Որովհետև ուրիշ ոչ մեկը չէր կարող պատասխանել նրա հարցին:
Վարչապետ Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նրան բառացիորեն մեղադրեց այն բանում, որ իր «վարած քաղաքականության պատճառով արցախահայերը կանգնած են ցեղասպանության ռեալ վտանգի առաջ»: Լրագրողը նաև հրահանգում է վարչապետին Ղարաբաղն անվանել Արցախ: Հրահանգում է:
Հիմա ո՞րն է Հովիկ Աբրահամյանի հետ մուննաթով խոսող գյուղացու և Նիկոլ Փաշինյանին մեղադրող լրագրողի տարբերությունը: Տարբերությունն այն է, որ գյուղացին այն մարդն է, ում համար Հովիկ Աբրահամյանը վերջին «ինստանցիան» է, որը կարող է լուծել իր, շեշտում եմ, իր՝ գյուղացու հարցերը: Ուրիշ մեկը չկա: Գյուղացին վարչապետի հետ լուծում է անձնական հարցեր ու վարչապետը նաև դրանք լսելու համար է գնացել գյուղ: Հովիկ Աբրահամյանը գնացել է գյուղ ոչ միայն հասկանալու գյուղացու խնդիրները (բացառված չէ, որ հոգու խորքում թքած ունի այդ խնդիրների վրա, ուղղակի ձև է տալիս, թե հետաքրքիր է), այլ որովհետև լրատվամիջոցների հաղորդածով լավ չի հասկանում խնդիրը (զուտ ինտելեկտի հարց է):
Փաշինյանին հարց ուղղող լրագրողը գյուղացի չէ: Վարչապետն էլ կարծես չի թաքնվում լրագրողներից (այլ հարց, որ լրագրողներին չեն բավարարում նրա պատասխանները կամ Փաշինյանը չգիտի դրանց պատասխանները, կամ Փաշինյանը կատարյալ անգրագետ է ու նույնիսկ չի հասկանում, թե ինչ հարց են ուղղում իրեն): Եվ եթե նույնիսկ Փաշինյանը բառացիորեն մեղավոր է արցախահայերին ցեղասպանվելու վտանգի առջև կանգնեցնելու համար, լրագրողն ունի խոսափող և կարող է զուտ էթիկայի սահմաններում փաստարկել վարչապետի մեղքը:
Լրագրողը չի կարող իր առաքելության մեջ լինել իշխանամետ կամ ընդդիմադիր, քանի որ նա այսպես թե այնպես բարձրաձայնում է իշխանության ստեղծած կամ անտեսած խնդիրները: Նա պիտի խոսի բուն խնդրից, որտեղ կերևա վարչապետի մեղքը և ոչ թե մեղադրի վարչապետին, պաշտոնյային: Լրագրողը հանձին լրատվամիջոցի ունի ամբիոն, որտեղ ներկայացնում է վարչապետի անգործությունը ՓԱՍՏԵՐՈՎ: Լրագրողը չի կարող, չպետք է, իրավունք չունի պետական պաշտոնյայի կամ իր զոհի հետ հարցազրույցին ներկայանալ ատելությամբ: Որովհետև նրա զենքը իր վերաբերմունքը չէ, այլ՝ ՓԱՍՏԸ: Եթե ՓԱՍՏԸ կիսատ պռատ է, այսինքն, դրա մի մասը իշխանությունը թաքցրել է հասարակությունից, լրագրողը պետք է փորձի ստանալ մյուս կեսի պատասխանը: Հարցերի իրավունքը նրան տրված է դրա համար:
Եթե լրագրողն ավելին չէ, քան՝ Հովիկ Աբրահամյանի վրա իրավացիորեն մուննաթ եկող գյուղացին, նա խախտում է խաղի կանոնները: Այսինքն, նրա վարքը ստվերում է մյուս լրագրողին, որը գուցե նույնիսկ մուննաթ գալ չգիտի, որը մեղադրելուց ավելի լավ բաներ կարող է անել, ինչպես, ասենք, դա անում են հետաքննող լրագրողները:
Հովիկ Աբրահամյանի վրա մուննաթ եկող գյուղացին ներկայացնում էր զուտ իրեն, նա թքած ուներ, թե իր պահվածքից հետո գյուղացիները, համայն մարդկության գյուղացիությունն ինչ կմտածի իր մասին, լրագրողը զուտ իրեն չի ներկայացնում և չպիտի թքած ունենա, թե իր մասին ինչ կմտածի իր իմացած ամենաանտաղանդ լրագրողը: Լրագրողը չպետք է նեղանա, որ լրագրողական հանրությունը չի հասկանում իրեն: Եվ չպետք է ոգևորվի, որ մեկ այլ հանրություն ողջունել է իր արարքը: Որովհետև մեկ այլ հանրությունն, այնուամենայնիվ, ողջունել է իր արարքը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ դեմ, ոչ թե մարդու:
Մհեր Արշակյան