Հունիսի 1-ին հասարակական գործիչ Գեղամ Օհանյանը սկսել է անժամկետ նստացույց՝ պահանջելով ազատ արձակել արցախցի ընդդիմադիր գործիչ Արթուր Օսիպյանին։Ինժեներ, «Բարձունք» կրթական շարժման անդամ Գեղամ Օհանյանն անժամկետ նստացույցով նախագահից պահանջում է միջնորդել գլխավոր դատախազին, որ ազատ արձակի արցախցի երիտասարդին:

«Օսիպյանը հայտնվել է բանտում զուտ նրա համար, որ ինքը Արցախից տեղահանված մարդ է, ով որ համարձակվել է՝ վարչապետի թեկնածուին հարց ուղղել»,- ասում է նստացույց հայտարարած Գեղամ Օհանյանը:

Օսիպյանն արդեն 14 օր գտնվում է հացադուլի մեջ։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած բանավեճից հետո։ Օսիպյանը Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել իր և արցախցիների հասցեին հնչեցրած «փախածներ» արտահայտության համար։

Կալանավորված  Օսիպյանը քարոզարշավին մոտեցել էր Փաշինյանին, հարցեր տվել ղարաբաղյան բանակցությունների մասին ու արժանացել վիրավորանքների ու բղավոցի: Վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել պատերազմում:

«Թալանչի, անասուններ…Դու խի ես կենդանի, այ տականք»,- բղավել էր վարչապետը:

Վարչապետի հետ չստացված երկխոսությունից հետո Օսիպյանը մի քանի ժամ անց հայտնվեց բանտում, նրան մեղադրանք առաջադրեցին բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Pin It on Pinterest