Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը բոլորովին ուրիշ պատմություն է, ներքինը՝ լրիվ ուրիշ: Ներքին քաղաքականություն չկա: Այսինքն, գոնե այդ քաղաքականության տնտեսական էֆեկտը աղետալիից էլ վատ է: Եվ ահա թե ինչպես: Փիլիսոփայությունը թաքնված է այն բանում, որ Փաշինյանը գիտի, որ գնացող է: Իսկ գնացողը միշտ ուզում է միջոցներ ձեռք գցել: Ինչպե՞ս: Շատ պարզ: Խաղում է բանկերի հետ:
Փաշինյանը տեսնում է, որ իր կառավարումից ոչ մի լավ բան դուրս չի գալիս, որքան կայանում է բանկային համակարգը, այսինքն «Խ. Սուքիասյան & ընկերները», այնքան կյանքը վատանում է: Որովհետև Փաշինյանի ագահությունը իրականում չի տարբերվում Քոչարյանի ու Սերժի ագահությունից: Նրանք ագահությամբ են հարազատ, բայց դերասանությամբ Փաշինյանը գերազանցում է նրանց, կարողանում է աղքատ խաղալ: Բայց դրանից ում ի՞նչ: Ոչինչ: Որովհետև խնդիրը մեկի հարուստ ու մյուսի աղքատ լինելը չէ, խնդիրն այն է, որ ոչ մեկի իշխանության օրոք ճռռալու պայմանները չեն փոխվել: Ամբողջ Հայաստանը հանքագործ է, որի շեֆը մի օր մարդասպան է, մեկ այլ օր խեղկատակ: Ու դրանից ոչինչ չի փոխվում:
Ֆոկուսը հենց այն է, որ Սերժը չկա, բայց գյուղացուն դրանից ոչ տաք է, ոչ սառը: Որովհետև Սերժը գյուղացուն ուղղակիորեն չէր կողոպտում, օլիգարխներին ասում էր՝ գյուղացիներից առավելագույն ցածր գներով առեք, առավելագույն բարձր գներով ծախեք: Եթե դա էլ չէր կշտացնում ու չէր փակում, ասենք, Աբրահամյան Հովիկի կազինոների ծախսերը, էլի էին գին բարձրացնում: Ֆոկուսի բանալին այն էր, որ գյուղացին ընտրություն չուներ, պիտի վաճառեր:
Նիկոլի օրոք օլիգարխներն ավելի հեռու գնացին, արդեն սեփական ցանքսերն ունեին, գյուղացին էլի պիտի գին իջներ: Ու Նիկոլը տեսնում է, որ կյանքը գոնե 0,0001 տոկոսով չի լավանում, եթե նույնիսկ տնտեսական աճը 111 տոկոս է: Այսինքն, թալանած փողերի հալալ կեսը, ախպեր, բերել եմ բյուջե, բայց կյանքը չի լավանում: Այո: Ու չպիտի լավանա: Որովհետև քո, այսինքն, այս երկրի ամեն քաղաքացու կյանքը բանկերի ձեռքին է: Բայց ի տարբերություն Սերժի, Նիկոլը «չգիտի», թե ինչու չի լավանում: Ահա ինչու է գործի դնում Ամուլսարի ասեղը:
Պիտի անկեղծ լինեմ, ես Ամուլսարի դեմ ոչինչ չունեմ, եթե երաշխավորում են բնապահպանական անվտանգությունը, թող շահագործեն: Բայց նույնիսկ սա չէ սարսափելին, այլ այն, որ Փաշինյանը երբեք չի փորձի խոստովանել, թե ինչ խայտառակ տոկոսներով բանկային համակարգ ունի ինքը, որը ողորմելի տնտեսության ցուցիչ է: Այդ տոկոսները կեղծ չեն: Դրանք հենց քո տնտեսության ողորմելիությունն են ներկայացնում: Էդ տոկոսների բարձրությունից է վարչապետը հասկացել, որ Հայաստանը շատ խորը և համապարփակ կեղտի մեջ է, որից ինքը կարող է դուրս պրծնել, ինչպես նախորդ բոլոր իշխանությունները, որոնք ստեղծեցին այդ համակարգը: Բայց ժողովուրդը, ասում եմ ձեզ, կորած է:
Ու դու հլը որպես վարչապետ փորձիր դիպչել այդ տոկոսներին: Բանկերը քեզ կբզկտեն: Չես էլ փորձի: Որովհետև հասկացել ես նաև, թե ինչպես էին ուտում նախկինները: Նախկիններն ուտում էին բանկերի միջոցով: Խաչատուր Սուքիասյանը սա մանրամասն բացատրել է Փաշինյանին: Ասել է՝ դու մեր վարկային տոկոսներին մի կպիր, քո ու սերունդներիդ կյանքը դարերով կապահովենք: Իսկ որ Հայաստանը խելքի չի գալու, մենք հասկացանք, Փաշինյանին հետաքրքիր չէ: Մա փող է աշխատում:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: