Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ որոշել է կալանքից ազատել Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Սամվել Հովսեփյանին կիրառելով գրավ՝ 1 միլիոն դրամի չափով: Այդ մասին տեղեկացնում է Սամվել Հովսեփյանի փաստաբան Գոռ Սաղոյանը:

Բերդում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու դրանում հաղթած թեկնածուին կալանավորելու հարցին Forrights.am-ը անդրադարձել է: Հովսեփյանը, որը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուն էր, համամասնական ցուցակում երկրորդը, ընտրություններից մի քանի օր հետո կալանավորվել էր ու նաև հացադուլ էր հայտարարել կալանավայրում:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ «ծառայողական լիազորություններն օգտագործելով նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը»:

Հովսեփյանի փաստաբան Գոռ Սաղոյանն ասել էր՝ իր պաշտպանյալը համաձայն չէ առաջադրված մեղադրանքին և ընդգծել է, որ նրա նկատմամբ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ավելի ուշ նա ինքնաբացարկ էր հայտնել, և Բերդի ավագանին համայնքապետ էր ընտրել «Զարթոնք» խմբակցության անդամ Աստղիկ Հակոբյանին:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest