Տավուշի մարզի Բերդ համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Սամվել Հովսեփյանը, որը ընտրություններից մի քանի օր հետո կալանավորվել էր, հոկտեմբերի 6-ին դադարեցրել է հացադուլը:

Սահմանամերձ այս համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները ամենաինտրիգայինն էին: Դրանց արդյունքներով, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չունեցավ. Բերդի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ղեկավարած «Զորավոր համայնք» դաշինքը ստացել էր 5683 ձայն (11 մանդատ), իշխող ՔՊ-ն՝ 4297 (10 մանդատ), իսկ երրորդ՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 1095 ձայն (2):

Բերդի նախկին ղեկավար և փաստացի հաղթած թեկնածու Հարություն Մանուչարյանը այլ քրեական գործով արդեն 11 ամիս է՝ անազատության մեջ է: Նույն ցուցակում Բերդի քաղաքապետի հաջորդ հավանական թեկնածուն Մանուչարյանի նախկին տեղակալ Սամվել Հովսեփյանն էր: Սակայն ընտրություններից մի քանի օր անց իրավապահները մեղադրանք են առաջադրել, ու սեպտեմբերի 30-ին Հովսեփյանը կալանավորվել էր: Համաձայն չլինելով մեղադրանքի հետ՝ հոկտեմբերի 1-ին նա հացադուլ էր հայտարարել: Հոկտեմբերի 6-ին նա դադարեցրել էր հացադուլը և հայտնել ինքնաբացարկ:

Մեղադրանքը՝ քաղաքական ճնշո՞ւմ

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժի թեկնածու Սամվել Հովսեփյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարին հարկադրել են քարոզչություն իրականացնել «Զորավոր համայնք» դաշինքի օգտին, հակառակ դեպքում կլուծեն նրա հետ կնքած պայմանագիրը:

Ըստ աղբյուրի, Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 80 անձանց տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով ցուցակներ՝ հիշյալ անձանց ստորագրություններով, ինչպես նաև՝ Բերդ համայնքի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների՝ համայնքապետի տեղակալին հասցեագրված աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ, որոնց ընթացք չի տրվել:

Արդյունքում Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ «ծառայողական լիազորություններն օգտագործելով նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը»:

Հովսեփյանի փաստաբան Գոռ Սաղոյանն ասում է՝ իր պաշտպանյալը համաձայն չէ առաջադրված մեղադրանքին և այդ պատճառով էլ որպես բողոքի նշան, հացադուլ էր հայտարարել, որը հոկտեմբերի 6-ին դադարեցրել էր:

«Նա հացադուլ էր հայտարարել, որ ոչ թե իրեն կալանքից ազատեն, այլ հացադուլ էր հայտարարել՝ արտահայտելով իր բողոքը առաջադրված մեղադրանքի անհիմն լինելու համար, հարուցված քրեական գործի դեմ: Ես կարծում եմ, այդ առումով նա իր ուզածին հասել է», -Forrights.am-ին ասում է Հովսեփյանի փաստաբան Գոռ Սաղոյանը:

Նրա խոսքով, Սամվել Հովսեփյանի դեմ ցուցմունքներ չեն տվել, քրեական գործի շրջանակներում առերեսում չի իրականացվել: «Հովսեփյանը հարցաքննվել է, մեղադրանքն առաջադրել են ու վերջ: Իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել». -ասում է փաստաբանը:

Նա պնդում է՝ քրեական գործի՝ իրենց հասանելի նյութերում չկա որևէ անձ, որը Սամվել Հովսեփյանի դեմ ցուցմունք է տվել: Հարցին, թե այդ դեպքում ինչի՞ հիման վրա է առաջադրվել մեղադրանքը, փաստաբանն արձագանքում է. «Անկեղծ ասած, ես էլ չեմ կարողանում հասկանալ: Կալանքի հարցի քննության ժամանակ մեզ տրամադրել են գործի նյութերը, որոնց հիման վրա փաստացի մեղադրանք է առաջադրվել և այդ նյութերում ես Սամվել Հովսեփյանի դեմ որևէ ցուցմունք չտեսա»:

Փաստաբան Գոռ Սաղոյանն ասում է՝ իր պաշտպանյալը վստահ է՝ իր նկատմամբ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում: Ավելին, այս ամենն արվում է, որպեսզի Բերդ համայնքի ավագանու նոյեմբերի 10-ին կայանալիք նիստում քվորում չապահովվի և համայնքի ղեկավար չընտրվի: «Ավագանու նիստում ցանկացած պարագայում «Զորավոր համայնք» դաշինքի մանդատները շատ են՝ 11, և եթե նրանցից երկուսը չմասնակցեն, քվորում չի լինի, հաղթող ուժը չի կարող թեկնածու առաջադրել, և քաղաքապետն արդեն կնշանակվեր կենտրոնական իշխանությունների կողմից», -նշում է Սաղոյանը:

Նկատենք՝ նման նախադեպ արդեն եղել է Վանաձորում. նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ղեկավարած ընդդիմադիր ուժը հաղթել էր ընտրություններում, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում նա կալանավորվել էր և երկար ժամանակ Վանաձոր քաղաքի կառավարումը պարալիզացվել էր, ավագանին նիստ չէր կարողանում գումարել քվորումի բացակայության պատճառով: Արդյունքում կառավարությունը ելքը գտավ և «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում կատարած փոփոխություններով վարչապետը հընարավորություն ստացավ համայնքի ղեկավար նշանակել: Այդպիսով Վանաձորի կառավարման հարցը լուծվեց:

Նույնը կլիներ նաև Բերդում, սակայն հոկտեմբերի 6-ին արդեն հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի առաջին և երկրորդ համարները՝ Հարություն Մանուչարյանը և Սամվել Հովսեփյանը ինքնաբացարկ են հայտնել: Նրանց փոխարեն մանդատները կվերցնեն դաշիքնի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուները:

Հարցին, եթե պնդում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչո՞ւ է Հովսեփյանը հրաժարվում մանդատից. մեղադրանքը չէր հաստատվի, և նա կստանձներ իր լիազորությունները, փաստաբանը պատասխանում է. «Դա նրա որոշումն է և բացի այդ, մանդատը չվերցնելը, ավագանու նիստի քվորում չապահովելը կխաթարեր համայնքի ղեկավարի ընտրությունը, ինչն էլ վատ կանդրադառնար սահմանամերձ քաղաքի կառավարման վրա»:

Առայժմ հայտնի չէ՝ ով է լինելու ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշիքնի համայնքի ղեկավարի թեկնածուն:

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest