Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի և Արտակ Ավետիսյանի բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների և ստացված ահանզանգի կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժիններ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական և Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքներին առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Պարզվել է, որ Մանուել Մանուկյանը և Արտակ Ավետիսյանը վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Առանձնազրույցի ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված անձինք տեղեկացրել են, որ մինչև իրենց ազատությունից զրկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, վարչական ձերբակալման ենթարկելիս իրենց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, իրենց չեն պարզաբանել վարչական ձերբակալման հիմքերն ու պատճառներն, ինչպես նաև իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Առանձնազրույցի ընթացքում Մ. Մանուկյանը նշել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորել են և բիրտ ֆիզիկական ուժի կիրառմամբ նստեցրել Ոստիկանության տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով զգում է ուժեղ ցավ: Զանգվածային լրատվության միջոցներով համացանցում հասանելի տեսագրությունների ուսումնասիրությունից ևս պարզվել է, որ Մանուել Մանուկյանը Ոստիկանության ծառայողներին տեղեկացնում է ձեռքի վնասվածքի մասին և խնդրում ձախ ձեռքը չքաշել: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից պահանջ է ներկայացվել Ոստիկանության բաժին հրավիրել շտապ բժշկական օգնության խումբ:

«Արմենիա» բժշկական կենտրոնում Մ. Մանուկյանը ենթարկվել է բժշկական հետազոտության: Ավելի ուշ, Մ. Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում իր մոտ ոսկրային կոտրվածք չի արձանագրվել, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ: Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ ոստիկանություն:

ՄԻՊ աշխատակազմ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest