20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով նրա երկու համածառայակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։ Վերջիններս ձերբակալվել են, և քննիչը դատարան է դիմել նրանց կալանավորելու միջնորդությամբ։
Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Պաշտոնապես չէր հաղորդվել՝ կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Քննչական կոմիտեն ու Պաշտպանության նախարարությունը երկու օր շարունակ հրաժարվում էին մանրամասներ հայտնել։
Մինչ այդ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ զինծառայողը հնարավոր է՝ ծեծի է ենթարկվել և հասցվել ինքնասպանության։ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ «Ազատությանը» հայտնել էր, որ իրեն հասած տեղեկություններով՝ խոսքը, հավանաբար, ինքնասպանության մասին է, սակայն մանրամասների չէր տիրապետում։
Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, սովորում էր Ռուս-հայկական համալսարանի լրագրության բաժնի 4-րդ կուրսում և երազում էր սպորտային լրագրող դառնալ։ Նա բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին՝ ուսման ավարտից մի քանի ամիս առաջ, ծառայել է Ճամբարակում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: