Հուլիսի 26-ին երեկոյան Մատաղիսի զորամասի դիրքում մահացել է ժամկետային զինծառայող, Արմավիրի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանը:

Քննիչները դեպքը որակեցին ինքնասպանություն և քրեական գործ հարուցեցին «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը» հոդվածով /Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ/:

Հինգ օր անց՝ հուլիսի 31-ին, նույն զորամասի մոտակայքում, անտառային տնակում հայտնաբերվեց երկրորդ դին աջ դաստակի վնասվածքով, կրծքավանդակի և որովայնի շրջաններում մահացու վերքերվ: Սպանվածը Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայող Պարգև Մարգարյանն էր: 

Այս մահը քննչական կոմիտեն նույնպես որակեց ինքնասպանություն:

Ըստ ՔԿ տվյալների, Մարգարյանը հուլիսի 29-ին ինքնակամ լքել է զորամասը և նռնակով պայթեցրել է ինքն իրեն:

Պարգև Մարգարյանի և Սարգիս Գրիգորյանի մայրերը չեն հավատում ինքնասպանության վարկածին: Տղաները երկուսն էլ մասնակցել են 44-օրյա պատերազմին, հերոսական օրեր են անցել, և ըստ հարազատների, չէին կարող ինքնասպանություն գործել:

Նրանց կասկածելի է թվում այն հանգամանքը, որ նույն զորամասում երկու զինծառայողներ գրեթե միաժամանակ որոշել են վերջ տալ կյանքին: 

«Ես կասկած չունեմ, որ այս դեպքերն իրար հետ կապ ունեն», — ասում է Պարգևի մայրը՝ Վարդուհի Մարգարյանը:

Հուլիսի 29-ին, տեղեկանալով, որ իր որդին ինքնակամ լքել է զորամասն ու անհետացել, նա մեկնել է Արցախ, որդու որոնումներին մասնակցելու: 

«Որոնումները այնքան էլ ակտիվ չէին, ինձ թվաց, որ դրանք կեղծ են», — ասում է Վարդուհին: Նա Forrights.am-ի հետ զրույցում շեշտեց, որ որդին հեռացել է զորամասից հուլիսի 29-ին, ժամը երեքի սահմաններում, սակայն նրա մահվան մասին հայտնեցին միայն 3 օր անց:

«Հունիսի 29-ին, իր մահվան օրը, առավոտյան 7.30 Պարգևը նամակ ա գրել՝ մայրիկ ջան, բարի լույս: Ինքը այդ օրը գնացել էր Սարսանգի ջրամբար՝ ինժեներական աշխատանքներ կատարելու, — պատմում է Վարդուհին այն, ինչ լսել է, զորամասում հարցուփորձ անելով, — Մեզ լուրեր են հասել, որ իրեն զանգ է եկել, և ինքը հեռախոսով խոսել է, դրանից հետո իր տրամադրությունը կտրուկ ընկել է, նա դուրս է եկել զորամասից: Նրա ձեռքին ոչինչ չի եղել՝ ոչ նռնակ, ոչ այլ բան: Ժամը երեքին մոտ է եղել: Դուրս է եկել ու գնցել է անհայտ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանի մորն էլ նրա մահացած որդու ընկերները պատմել էին, որ նա ինչ-ինչ վիճաբանություն է ունեցել սպաներից մեկի հետ: Ճանաչում էին արդյո՞ք Սարգիսն ու Պարգևը իրար և ի՞նչ հարաբերություն ունեին:

Վարդուհի Մարգարյանը ստույգ չգիտի այս հարցերի պատասխանը, սակայն վստահ է, որ որդուն սպանել են: «Հնարավոր է, որ իրար չճանաչեն: Բայց դա ի՞նչ բացիթողի  վիճակ է, ո՞նց կարող եք դուք չտեսնել զինվորի հոգեվիճակը, ուրեմն, ինչ որ բան է, չ՞է կատարվել, եթե անգամ ինքնասպանություն է կատարվել»:  

Forrights.am-ը մի քանի հարց ուղղեց Սարգիս Գրիգորյանի և Պարգև Մարգարյանի հրամանատարին՝ Արթուր Դարբինյանին:

— Ինչո՞ւ է Սարգիս Գրիգորյանը ինքնասպան եղել: Ամբողջ պատերազմն անցավ, հիմա, իբր, ինչնասպա՞ն եղավ:

— Ինքը ինքնսպան ա եղել: «Իբր» չկա:

_ Դուք վստա՞հ եք:

— Հետաքննություն է գնում, ես վստահ եմ քննչականի վարած քննության վրա, որ ինքնասպանություն է, այո:

— Այսինքն՝ պատերամզն անցավ, ինքնասպան չեղավ, եկավ, խաղաղ պայմաններում  իրեն սպանե՞ց:

— Եկավ, խաղաղ պայմաններում ընտանիքի հետ կապված հարցերով ինքն իրեն խփեց:

— Իսկ մի երկու օր անց էլ էն մյուս տղան ինքն իրեն նռնակով պայթեցրե՞ց: Այդպես լինո՞ւմ է:

— Այո, նա էլ այդպես, էլի, նույն կերպ, ընտանեկան, նեղ ընտանեկան պատճառներով:

— Բայց դա հավանական եք համարում, երկու օրում  երկու հոգի իրենց սպանում են, իրարից անկախ, դա շատ անհավանական է:

— Ծառայությունից ոչ մի թերություն, կամ պատճառ չեն ունեցել:

— Ոչ մեկի հետ կոնֆլիկտ, վեճ չե՞ն ունեցել:

— Եթե այդ հարցը նոր է ձեր մեջ առաջանում, մենք հենց առաջին վարկյանից այդ հարցի պատասխանը փորձել ենք գտնել ու գտել ենք: Երկուսինն էլ ընտանեկան է, շատ նեղ ընտանեկան բարոյականության հետ կապված: Դուք ծանոթ չեք, կողքից եք նայում, բայց իրականում մենք պարզել ենք, ինչից ա հարցը, բայց դրանք բարձրաձայնելու հարցեր չեն:

Պարգև Մարգարյանի մայրը այլ վարկած ունի: Նա ասում է, որ որդին ազնիվ էր, արդարամիտ, և, հնարավոր է, ինչ- որ բան է լսել, կամ տեսել, որ չպետք է տեսներ: «Չեմ հավատում, նման պատերազմն անցած հայրենասեր մարդիկ չեն կարող ինքնասպան լինել: Ես միշտ գրում էի իրեն՝ սիրում եմ քեզ աշխարհի չափ: Նա էլ պլաններ ուներ, ասում էր՝ գալու եմ, գիտությամբ եմ զբաղվելու, դա ասել է զինվորներին: Ես համոզված եմ, որ իմ որդուն սպանել են»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest