Հուլիսի 26-ին երեկոյան Մարտակերտի զորամասերից մեկի կրակային դիրքում մահացել է ժամկետային զինծառայող, Արմավիրի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանը:

Քննչական կոմիտեն գործը հարուցել է «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը». հոդվածով /Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ/:

Ինքնասպանության վարկածը, որը քննչական կոմիտեն հապճեպ տարածեց, ընտանիքը ընդունում է որպես անձնական վիրավորանք, մոր դեմքին նետված: Տղան հերոսաբար մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել է, ոտքի և մեջի վնասվածքներ է ստացել: Պատերազմից հետո ապաքինվել է, ապա նրան ուղարկել են Վայքի զորամաս: 15 օր այնտեղ ծառայելուց հետո Սարգիսն ինքնակամ մեկն ել է Արցախ, մորն ասելով.

«Ընկերներս այնտեղ են, ես պետք է գնամ: Ու էս ամեն ինչի միջով անցնելուց հետո երեխիս սպանեն զորամասի դիրքերո՞ւմ: Նման բան չի կարող լինել», — վրդովվում է Հռիփսիմեն ու հիշում, որ որդու մահից կես ժամ առաջ խոսել է նրա հետ, Սարգիսը ուրախ-ուրախ խոսում էր, որևէ խնդրի մասին չի ասել: 

«Երեկոյան զանգեց, ուղիղ 10-ին 15 պակաս: Մամ ջան, ասեց՝ իմ հեռախոսը առե՞լ ես, հեռախոս էի ուղարկելու իրեն, մեկ էլ ֆլեշկա, երգեր գցելու համար, ասեց՝ ինձ կուղարկես մի բլոկ սիգարետ, շոկոլադ չուղարկես, շուշա կանֆետ: Իր մոտ չկար ընկճվածություն: Նույն Սարգիսն էր, ոնց կար: Նույն օրը խոսել է քրոջ հետ, հոր հետ, մենք ոչ մեկս չենք նկատել, որ նա նեղված լինի: Նման բան չկար: Նույնիսկ ծիծաղեց, ասեց՝ ֆլեշկի վրա դու երգեր չգցես, դու ուղարկի, ես կգցեմ: Ամսի 29-ին պետք է ուղարկեի ծանրոցը, բայց նույն օրը բացեմ, տեսնեմ տարածվում է, որ Սարգիս Գրիգորյանը ինքնասպան է եղել: Նման բանն անհնար է»։

Որդու մահվան հանգամանքների մասին Հռիփսիմեն ոչինչ չի կարողացել իմանալ: Միայն Սարգիսի ընկերներն ասել են, որ ինչ-որ վիճաբանություն է ունեցել սպաներից մեկի հետ: «Ինձ ասեցին, որ ունեցել է կոնֆլիկտ դիվիզիայի նաչալնիկի ,շտաբի հետ, բայց ինչ կոնֆլիկտ է, ես չեմ իմացել: Մի բան եղել է», — նշում է Հռիփսիմեն մեզ հետ զրույցում: 

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Գրիգորյանը կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել: Այդ նույն զորամասում, հուլիսի 27-ին, Սարգիսի մահվան հաջորդ օրը, մեկ այլ զինծառայող է մահացել՝ Պարգև Մարգարյանը: Նրան նույնպես ինքնասպան են համարում:

ՔԿ-ն այս մյուս զինվորի մահվան մասին հաղորդել է ուշացումով՝ միայն օգոստոսի 2-ին, չնայած դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին:

«2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով: Ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի /զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը/ 1-ին մասով և 235-րդ հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/1-ին մասով»։

Երկու ինքնասպան մեկ զորամասում, մեկ օրվա տարբերությամբ՝ սա խիստ կասկածելի է թվում Հռիփսիմեին: Նա համոզված է, որ Սարգիսի և Պարգևի մահերը մեկը մյուսի հետ կապ ունեն, իսկ քննչական մարմինը և զորամասը կոծկում են այդ կապը:

Հռիփսիմեն ոչ մի ցանկություն չունի ծառայության ուղարկելու իր կրտսեր որդուն: Ասում է. « Իրենք իմ փոքրին չեն ստանա: Ես թույլ չեմ տալու, որ իմ որդին գնա, ծառայի, մինչև որ էդ ինքնասպանություն բառը հանվի որդուս վրայից»: 

Զորամասից, զինկոմիսարիատից, ՊՆ-ից զինվորի ընտանիքին ոչ ոք չի զանգել, ընտանիքին ցավակցելու չեն եկել: Նախաքննության մարմինը մինչ օրս նրան տուժողի իրավահաջորդ չի ճանաչել:

Սարգիսի հայրը՝ Ժիրայր Գրիգորյանին էլ զորամասի հրամանատարը ասել է, որ որդին ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով: Ոչ ոք այս վարկածին չի հավատում: Հայրը պատմում է. « Զորամասից դիահերձարան եկած փոխգնդապետ Մխիթարյանը, մի քանի այլ սպաներ ասեցին՝ երեխեն իրեն խփել է, հոգեկան շեղում ունի: Ես ասեցի՝ իրեն խփողը պատերազմի ժամանակ դա կաներ: Ես ինքս երեք պատերազմ եմ անցել: 44-օրյա պատերազմում էլ իր կողքն եմ եղել: Տեսել եմ նրա խիզախությունը, մարտական ոգին: Մի 20 կիլոմետր այն կողմ եմ ես կռվել: Նա զգույշ էր, նահանջող չէր: Իմ տղային սպանել են».:

Սարգիս Գրիգորյանի հուղարկավորությանը մի երկու զինվոր են եկել գյուղ: Թաղել են նրան առանց զինվորական կարգի, կարծես, ոչ թե 44-օրյա պատերազի մասնակցի, հերոս-տղայի են թաղում, այլ 90 տարեկան ծերունու:

«Թող տղայիս թաղեին որպես պատերազմի մասնակցի, ոչ թե 4 զինվորով գային, ասեին՝ ողորմի: Գոնե զորամասից գային, սպա գար, ենթասպա, գային, ինձ ասեին՝ մայրը ես էի: Ցավը գիտեք, ո՞րն է: Եղբայրը ուզում է դրոշ դնի գերեզմանին, մի երկու հոգի ասում են՝ ինքնասպանին ի՞նչ դրոշ»:

Հրամանատարներից մեկը թաղման ծախսեր հոգալու համար մեկ միլիոն դրամ է բերել-տվել Մյասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասրայանին: Երբ մայրը գնացել է գյուղապետարան մահվան վկայականի համար, գյուղապետն ասել է. «Ասեց՝ ըտենց: որ լինի, բոլոր զինվորներն իրենց կխփեին, որ ծնողները իրենց փողերով լավ ապրեն».  44-ամյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանի մայրը սա ընդունել է որպես ծաղր:

Գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը Forrights.am-ի հարցերին պատասխանելով, ասաց, որ նման բան չի եղել: «Ես նման բան չեմ ասել, մայրը եկել է, տեղեկանք է վերցրել, գնացել է»։  

Գյուղապետը  չժխտեց, որ ինքն է վերցրել զինվորի հուղարկավորության գումարը: «Հայրը կողքս է եղել, ես կազմակերպել եմ թաղումը, տակն ինչ մնացել է, տվել եմ հորը: Մարդը սգի մեջ, մեկը կողքը չլինե՞ր». — ասաց նա:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest