Մեր երկրում կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչներից շատերը նախկինում ընդդիմադիր էին ու ՀՀԿ-ին մեղադրում էին պետական գնումների մի ստվար մասը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով կատարելու համար։

Հիշեցնենք՝ այս պարագայում մրցույթ չի հայտարարվում, գնումը կատարվում է մեկ անձից, և բնականաբար  կարող են կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գալ։

Մեկ անձից կատարվող գնումների ցանկում կան այնպիսիք, որոնք գերթանկարժեք են  և ուշագրավ։  Օրինակ՝  2019 թվականի ապրիլի 16-ին  կնքված պայմանագրով  ՀՀ նախագահի աշխատակազմը Ա/Ձ Տիգրան Մարկոսյանից 350 հազար  դրամ արժողությամբ  1 դրոշաձող է գնել։ Պայմանագրում նշված է, որ մետաղե դրոշաձողն ունի 100 միլիմետր տրամագծ, 6 մետր բարձրություն, ներկված է բարձրորակ սպիտակ ներկով, իսկ  վաճառող կազմակերպությունը պարտավորվում է այն զոդել, տեղադրել շենքի տանիքին։ 

2019 թվականի հուլիսի 2-ին կնքված մեկ այլ պայմանագրով ԱԺ-ն 225 հազար դրամի սուրճ է գնել  «Փարիզյան սուրճ ֆակտորի»  ՍՊԸ-ից։ Պայմանագրում նշված է, որ  ապրանքի ձեռքբերման վերջնաժամկետ է սահմանվում 2019 թվականի դեկտեմբերի 25-ը։

Անդրադառնալով ճոխ գնումներին՝  նշենք մեկ այլ ուշագրավ փաստ․ ԱԺ-ն նախորդ տարի տարբեր արժեքների կոնյակներ է գնել՝  ընդհանուր առմամբ ծախսելով 14,5 մլն դրամ: Կոնյակների ամենախոշոր խմբաքանակը Ազգային ժողովի աշխատակազմը գնել է 2019 թվականի դեկտեմբերին՝ Ամանորից առաջ՝  ծախսելով  ՝ 13,4 մլն դրամ: Միայն մեկ պայմանագրով գնվել է 1030 շիշ կոնյակ: Կա մինչև 30 տարվա հնացում ունեցող 4 կոնյակ, ամենաթանկարժեքը 82 500 դրամ   է: Թեև  այս գնումները  մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով չեն իրականացվել, բայց,  ինչ խոսք, ուշագրավ են։

Հիշեցնենք՝ մեկ անձից կատարվող գնումների ընթցակարգով պարբերաբար պետական գնումներ կատարելու՝ այս իշխանության ձգտումները   մամուլի և ընդդիմադիր քաղաքական գորիչների ուշադրության կենտրոնում հայտնվեցին նախորդ տարի՝  Քաղաքացու օրը նշելու համար իրականացված պետական գնումների հետ կապված։ 124 մլն դրամի հասնող գնումները կատարվել էին առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով։

Վարչապետի աշխատակազմը սա բացատրել էր ժամկետների սղությամբ

2019-ի ապրիլին մեկ անձից  կատարվող գնումների ընթացակարգով Քաղաքացու օրը Երևանում միջոցառումների կազմակերպումը՝ մասնավորապես  պաստառների դիզայնի մշակման աշխատանքները վստահվել էին  «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը նաև 2019-ի հունվարին Երևանում Ամանորի միջոցառումներն էր  կազմակերպել՝  դարձյալ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով: Հովհ.Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշն»-ին էր վստահվել։ 

Պետք է շեշտել՝  գնումների համակարգում  խնդիրներ կան նաև թափանցիկության հետ, այսինքն՝ գնումների մասին տեղեկություններն օրենքով սահմանված կարգով՝ հրապարակայնորեն չեն հայտնվում համապատասխան կայքերում։

Նմանատիպ աղմկահարույց լուր տարածվեց նաև 2018-ին, երբ այն ժամանակ Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը հայտարարեց՝ «Էրեբունի–Երեւան» 2800–ամյակի տոնակատարության միջոցառումների գնումը մեկ անձից կատարելով եւ չհայտարարելով համապատասխան մրցույթներ, Երեւանի քաղաքապետարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ավելին՝  պայմանագրեր էին կնքել մի շարք ընկերությունների հետ, ընդ որում,  այդ պայմանագրերը չէին կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ։

Այդ պայմանագրերը չէին ուղարկվել armeps համակարգ և չէին հրապարակվել gnumner.am համակարգում։ Նույն խնդիրն էր առաջացել նաև Ամանորի տոնակատարությունների   պարագայում։ Այս երկու միջոցառումների հետ կապված՝  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացրած  բացատրությունը, թերևս, նման է վերևում՝ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացրած «հիմնավորմանը», այն է՝ չհասցնելու պատճառաբանությունը, երկու դեպքում էլ, հետևաբար՝  գնումները կատարվել  են մեկ անձից։ Այսպիսի օրինակները շատ են:

Մի քանի ուշագրավ տեղեկություն էլ՝ կապված դիմակներ գնելու հետ:։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս  մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով  համավարակի տարածումից հետո՝  տարբեր ժամանակահատվածներում  տարբեր ընկերություներից դիմակներ է գնել՝   ընդհանուր առմամբ ծախսելով  21 մլն 460 հազար  դրամ:

ՀՀ կադաստրի կոմիտեն մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով  տարբեր ժամանակահատվածներում  3մլն 564 հազար դրամ է ծախսել՝ գնելով եռաշերտ։

Վարչապետի աշխատակազմն էլ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով  տարբեր ժամանակահատվածներում 3 մլն 894 հազար 900 դրամ է ծախսել դիմակներ ու ձեռնոցներ գնելու համար՝ գումարած ևս մեկ խոշոր գնում՝  61 մլն 200 հազար դրամով  «Hunan Machinery and Equipment Imp.»  ընկերությունից  բժշկական դիմակ է  գնել։ 

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշում է՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում խրթին եզրույթներ ու խնդիրներ կան։ «Այդ խնդիրների մի մասը վերաբերում է գնումներին մասնակցող փաթեթներին  ու բանկերում երաշխիքային գումարներ դնելու պարտադիր պայմանին։ Կան ընկերություններ, որոնք  ինչ-որ մրցույթի մասնակցելու համար   տվյալ գնման արժեքի չափով (կամ մի քիչ ավելի) պետք  է բանկում երաշխիքային ապահովագրում անեն,  բայց ոչ բոլոր ընկերություններն ունեն   այդ ֆինանսական հնարավորությունները, ուստի ոչ բոլոր ընկերություններն են կարողանում մասնակցել գնումներին, այսինքն՝  նախապես ֆիլտրման գործընթաց է տեղի ունենում, և թողնվում են ավելի քիչ ընկերություններ, և մրցակցային հնարավորությունները նվազում են», —  նշում է  Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ պետական ապարատում գնումներ իրականացնող բազմաթիվ անձինք նույնիսկ ալարում են գնումների մասին համապատասխան փափեթներ պատրաստել  ու մրցույթ հայտարարել։

«Մեկ անձից գնումներ կարող են կատարվել մի քանի պատճառներով, առաջին՝ ժամանակ չի լինում, փաթեթ չի կազմվում,  ուղղակի գնում է կատարվում, բայց նույնիսկ այս պարագայում կարող էին լինել  այնպիսի չափորոշիչներ, որ ուղղակի գնումը կատարվի ճիշտ, այսինքն՝  խելամիտ գնով գնվի այն ապրանքը, որն անհրաժեշտ է։ Ուղղակի գնումների մյուս պատճառն էլ այն է, որ կան ընկերություններ, որոնց ղեկավարները  մրցույթ հայտարարողի «ախպերությունն են»։ Կան  երիտասարդներ, որոնք աշխատում են պետական ապարատում ու իրենց ընկերների՝ նոր գրանցված ընկերություններից են պետական գնումներ անում», —  նշում է Գագիկ Մակարյանը։

Նրա պնդմամբ՝  մեկ անձից կատարվող գնումներ կատարելով՝ պատկան մարմինները հաճախ խախտում են «Գնումների մասին» ՀՀ օրենքը,  ավելին՝ գնումների թափանցիկության, հաշվետվողականության հետ կապված՝ լուրջ խնդիրներ կան, բացի այդ՝  մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգը  հղի է կոռուպցիոն ռիսկերով։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ընդգծում է՝ գնումների համակարգի հիմնական խնդիրն այն է, որ այստեղ կան օրենսդրական բացեր․ խնդիրը մեկն է՝ պատկան մարմինները չեն ցանկանում աշխատել բաց ու թափանցիկ, և հաճախակի խախտում են «Գնումների մասին» ՀՀ օրենքը։

«Ոչ միայն մեկ անձից կատարվող գնումներ կատարելն է մեծ խնդիր, այլև այն տենդերները, որոնք հայտարարվում են, այնպես են գրված, որ հաղթի կոնկրետ ընկերություն։ Օրինակ՝ վերջերս Երևանի քաղաքապետարանը փոքր ավտոբուսների մրցույթ էր հայտարարել ու այդ տենդերի բոլոր պարամետրերը, անգամ անիվների հեռավորություննրեն այնպես էին գրված, որ հաապատասխանի գազելին, և պարզ է, որ այստեղ արդեն խնդիր կա։ Ավելի վաղ նման խնդիր առաջացավ, երբ  քաղաքապետարանը աղբատար մեքենաներ էր գնում ու որոշվեց անպայման կամազ գնել․ նմանատիպ պրոցեսները հղի են կոռուպցիոն ռիսկերով։ Չի բացառվում հովանավորչությունը, կարող են լինել նաև փոխադարձ պայմանավորվածություններ, շահերի բախումներ․ այդ ամենը պետք է ստուգել, բայց պատկան մարմինները այս խնդիրների հետքերով չեն գնում», — Forrights.am-ի հետ զրույցում նշեց պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest