«Ես անդադար դիմել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որ գան ոտքս պրոթեզավորեն։ Ինչքան ժամանակ է արդեն Զարուհի Բաթոյանն ինձ հետ միայն թղթաբանության մեջ է՝ գրում են, հարցնում հայրանանունս, ախր թղթերի մեջ կա հայրանունը․ դա ինչ հարց  է, ուզում եմ պրոթեզս լինի, որ կարողանամ քայլել, իմ կարիքները հոգալ, բայց հնար չկա ես միայնակ 1-ին կարգի հաշմանդամ եմ, դուք պատկերացնում եք իմ վիճակը։ Իմ հասարակ կարիքները չեմ կարողանում հոգալ․․․»,-Forrights-ին իր բողոքն է հայտնում անկողնում գամված առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Արթուրը Հովսեփյաը։

51-ամյա Արթուր Հովսեփյանի կյանքը 9 ամիս առաջ դժբախտ պատահարի արդյունքում կտրուկ փոխվեց։ Չարաբաստիկ օրը՝ 2018 թվականի մարտի 25-ին նա փողոցում ընկել և ոտքը կոտրել է։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, բուժօգնություն տրամադրել և վիրահատել, սակայն հաջորդող  6 ամիսները Արթուրն անցկացրել է տառապանքների մեջ․«Սկսվեց իմ տառապանքի ուղիները և արդեն 9 ամիս է գամված եմ անկողնուն»։

Վիրահատություններն անհաջող են եղել․ «Վանաձոր ԲԿ-ում ասեցին՝ երկաթով պետք ա վիրահատեն, դիմեցի մարզպետին, առավ երկաթը, դրեցին, մի ամիս հետո հանեցին, գցեցին աղբարկղը։ Վիրահատությունից հետո՝ վիրակապի ժամանակ շուրուբը մեջից դուրս էր գալիս․պատկերացրեք՝ ի՞նչ ձևի էին վիրահատել։ Տենց բան տեսել եք, որ  վիրահատեն հետո երկաթը հանեն․․․ տեսան որ սխալ վիրահատություն են արել»,-վրդովված և քմծիծաղով Forrights-ին  պատմում է Արթուր Հովսեփյանը։

Անհաջող 2 վիրահատություններից հետո Արթուրը դիմել է իրավապահ մարմիններին և քրեական գործ է հարուցվել։

«Ես բողոքեցի և արդյուքնում՝ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին հետով, բժշկական սխալ։ Հիմա գործը գտնվում է Լոռու մարզի քննչականում, բայց դատաբժշկական փորձաքննության է ուղարկված արդեն մի քանի ամիս է․ եզրակացությունը դեռ չկա»,-դժգոհում է Արթուրը, իսկ այդ նույն բժիշկները շարունակում են իրենց գործունեությունը․

«Քանի ճակատագրեր «կխեղեն», դեռ հարց է»,-մտահոգ ասում է Արթուրը։

Նրան տրամադրվել է հանրային պաշտպան։ Արթուրը, սակայն դժգոհում է, այս ամիսների ընթացքում փաստաբանն ընդամենը մեկ անգամ է այցելել քննիչին։ ․

«Ես դիմել եմ փաստաբանների պալատին,  որ ինձ ուրիշ  մեկին տրամադրեն, քանի որ կասկածում եմ նրա անաչառության վրա։ Ինձ ասում են՝ քանի որ գործը գտնվում է փորձաքննությունում, դրա համար ինքը չի միջամտում։ Ես էլ հարցնում եմ ե՞րբ պետք ա միջամտի,  չէ որ ես հայցապահանջ ունեմ ներկայացնելու, գործի համար էական  նշանակություն ունեցող փաստեր ունեմ»,-դժգոհում է փաստաբանից Արթուրը, հավելելով, որ վերջինս զանգերին էլ չի պատասխանում։ Մենք ևս փորձեցինք կապվել նրա հետ, սակայն չհաջողվեց։

Անհաջող երկու վիրահատություններից հետո, Արթուրին երկու անգամ վիրահատել են Իզմիրլյան բժշկական կենտրոնում, ինչպես ինքն է ասում «որոշ չափով փրկում են ոտքը», քանի որ մեծ էր հավանականությունը, որ մյուս ոտքն էլ կվնասվեր․

«Երկու անգամվա վիրահատության արդյուքնում փրկեցին ոտքս՝ մի քիչ կարճացավ, բայց դե էլի փրկեցին։ Դուք իմ ոտքը գիպսի մեջ տենայիք՝ ի՞նչ վիճակում էր․ էդ մարդիկ քանդեցին գիպսը, արդեն ոտքս փտում էր»,- տառապանքներն է վերհիշում արդեն 1-ին կարգի հաշմանդամ դարձած Արթուրը։

Արթուրը 1-ին կարգի հաշմանդամ է դարձել, այս ընթացքում  2 ինսուլտ է տարել, հիմա անկողնում գամված է, չի կարողանում իր տարրական կարիքները հոգալ․ խնդիր ունի պրոթեզավորման․ սակայն ամիսներ է ձգվում է այս հարցը։

«Քաղաքացուց ստացել ենք երկու դիմում, որից մեկին՝ հունվարի 13-ին պատասխանել ենք, իսկ մյուսը ընթացքի մեջ է, գտնվում է համապատասխան վարչությունում, պետք է ուսումնասիրեն հասկանան և պատասխանեն, մյուս շաբաթվա մեջ կտեղեկացնենք»,-տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Մանուկյանը։

Հարցին, թե արդյո՞ք քաղաքացու պրոթեզ տրամադրելու հարցը կկարգավորի, Գայանե Մանուկյանը նշեց, որ համապատասխան վարչության մասնագետները միայն թղթերը ուսումնասիրելուց հետո կկարողան տալ հստակ պատասխան՝ հասնում է, թե՞ ոչ։

 «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նկատմամբ հավատս կորցրել եմ՝ ես ի՞նչ օրն են գցում միայնակ հաշմանդամիս»,- հուսահատ ասում է Արթուրը։

Հուսանք, որ Սոցապ նախարարությունն առաջիկայում կտրամադրի պրոթեզը 1-ին կարգի միայնակ հաշմանդամին։ Forrights-ը հետևելու է այս ընթացքին։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest