ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը: Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի  տեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով:

ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:

Օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Forrights-ը անդրաարձել էր այս օրենքի նախագծին։ «Առանց ոստիկանությունը էապես բարեփոխելու, այս պահի դրությամբ նպատակահարմար չենք գտնում  նման լիազորություն տալ ոստիկանությանը»։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասել էր Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին։

Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաև համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ գործող գործիքակազմը հնարավորություն տալիս է ոստիկանությանը օպերատիվ և արագ հանցագործությունները բացահայտելու համար, իսկ օրենքի ընդունումը  «պետք է արվեր մի փոքր ուշ»։

Փոխնախարարը տեղեկացրել էր, որ 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։

«Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- նշել էր Սրբուհի Գալյանը։

Pin It on Pinterest