«Առանց ոստիկանությունը էապես բարեփոխելու, այս պահի դրությամբ նպատակահարմար չենք գտնում  նման լիազորություն տալ ոստիկանությանը»։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար:

Ըստ փոխնախարարի՝ այդ հարցը պետք է համալիր կարգավորույմ ստանա, այսինքն դիտարկվի քրեադատավարական նոր օրենսդրության և ոստիկանության զարգացման ռազմավարության համատեքստում․

«Կառավարության դիրքորոշումը հետևյալն է, որ որպես քաղաքականություն մշակող մարմին նպատակահարմար ենք գտնում համակողմանի կարգավորումներ կանխատեսել հարցի կապակցությամբ  և նման հնարավորություն տալ ոստիկանությանը բարեփոխումների ռազմավարությունը պատրաստ լինելուց հետո»,-մանրամասնեց նա։

Նախագծի հեղինակների կարծիքով՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ գործող գործիքակազմը հնարավորություն տալիս է ոստիկանությանը օպերատիվ և արագ հանցագործությունները բացահայտելու համար, իսկ օրենքի ընդունումը  «պետք է արվեր մի փոքր ուշ»։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։

«Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, եթե Ազգային անվտանգության ծառայությունը ունի գաղտնալսման իրավունք և թույլտվություն, ապա ոստիկանությունը ևս պետք է ունենա․

«Պայմանով, որ և՛ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ Ոստիկանությունը պետք է օգտվեն միայն և միայն  դատարանի թույլտվությամբ»,-նշեց իրավապաշտպանը, հավելելով, որ եթե խնդիրը վերաբերվում է հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը, ապա նրանքն պետք է դիմեն դատարան՝ ստանան համապատասխան թույլտվությունը, ինչպես և պահանջում է օրենքը։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ նախկինում ոստիկանությունը ունեցել է նման իրավունք․ «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ իրավունքից Ոոստիկանությանը զրկել են, տալով այդ մենաշնորհը ԱԱԾ-ին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով, մի գուցե ոստիկանության որոշ գործընթացներ արագացնելու  համար գաղտնալսելու անհրաժեշտությունն ունի, սակայն մտավախություն կա՝ արդյո՞ք մենք երաշխավորված ենք լինելու, որ  նոր ապօրինի գաղտնալսող մարմին չենք ունենալու․

«Ես կարծում եմ, որ չբարեփոխված, լուստրացիա չանցած և վեթինգ չանցած ոստիկանությանը տալ նման գործիք, նշանակում է ունենալ մարդկանց իրավունքների խախտումների նոր և մեծ փափեթ»,- վստահեցրեց իրավապաշտպանը, հավելելով, որ պարզ չէ, թե ի՞նչ նպատակով կօգտագործվեն այդ գաղտնալսումները։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ չկա որևէ երաշխիք, որ ոստիկանությունը չի անի ապօրինի գաղտնալսումներ․

«Չբարեփոխված ոստիկանությանը նման գործառույթ տալը համարում եմ ճակատագրական սխալ»,-ասաց նա։

Հավելենք, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց երեկ՝  82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest