Բաց նամակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

Հարգելի պարոն Տոնոյան, ես զինվորի մայր եմ: Որդուցս բացի ոչ մեկը չունեմ այս աշխարհում: Հունվարին որդիս զորակոչվել է բանակ՝ Արցախ: Ուրախությամբ եմ ճանապարհել: Զորակոչվելուց չորս օր հետո, սակայն որդիս զանգահարում և օգնություն էր խնդրում ինձանից: Նա զորամասում բռնության էր ենթարկվել: Բռնության ենթարկողները մինչև հիմա անպատիժ են: Հարուցվեց քրեական գործ և արդեն սկսվել է դատական գործընթաց: Որդիս այս ամբողջ ընթացքում. 8 ամիս, գտնվել է Ռազմական Ոստիկանությունում՝ նախ տուժողի ապա մեղադրյալի կարգավիճակում: Որդիս գտնվել և ներկայում էլ գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Նա իրեն անպաշտպան է զգում և ես էլ նրա հետ միասին անցնում եմ շատ դժվար օրեր:

Ես ակնկալւմ էի և հույս ունեի, որ բռնության այդ միջադեպից հետո որդուս կտեղափոխեն Հայաստանի զորամասերից մեկը: Բազմիցս դիմել եմ ՊՆ Մարդու Իրավունքների վարչություն, ցանկացել եմ հանդիպել Ձեզ հետ, բայց ապարդյուն, որևէ կերպ աջակցություն չեմ ստացել և մեր տառապանքները որդուս հետ շարունակվում են, իսկ խնդիրները լուծում չեն ստանում:

Օրերս էլ որդուս Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունից տեղափոխեցին Մատաղիսի զորամաս, որը մոտ է իր նախկին զորամասին, սակայն նա իրեն այնտեղ անվտանգ չի զգում, գիշերները չի քնում, նա, իրոք անվտանգության խնդիր ունի և ամենալավը ինքը կարող է դա զգալ: Որդիս չի հրաժարվում ծառայությունից, նա պատրաստ է շարունակել ծառայությունը: Պարոն Նախարար խնդրում եմ ձեր միջամտությունը, տեղափոխեք որդուս Հայաստանի զորամասերից մեկը, դարձրեք նրա ծառայությունն անվտանգ::

Նշեմ նաև, որ որդիս տառապում է տարբեր հիվանդություններով: Նա պիտի ազատվեր զինվորական պարտականություններից կամ արձակուրդ տրամադրվեր նրան, և միայն բուժումից հետո կարող էր ճանաչվել պիտանի զինվորական ծառայությանը: Նրա զինվորական գրքույկում նշված են հետևյալ հոդվածները՝ ՊՆ 410-13 36գ, 39դ, 89դ, 86զ, հարկ եմ համարում նշել նաև այն հանգամանքը, որ ռազմաբժշկական հանձնաժողովը մի քանի շաբաթ առաջ հրաժարվել է արձանագրել նրա մոտ առկա սրտի հետ կապված խնդիրը, որը նա ձեռք է բերել զինակոչվելուց հետո։ Այժմ նրա համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ նման առողջական խնդիրներով նրան ոչ միայն հրաժարվում են տեղափոխել ՀՀ Երևանի զինհոսպիտալ, այլև այդպիսի վիճակով նրան ցանկանում են ուղարկել դիրքեր։

Նշեմ նաև, որ մոտ երկու ամիս առաջ որդուս տեղափոխել են Ստեփանակերտի ու Խոջալուի զինհոսպիտալներ, որտեղ իրականացված հետազոտությունների արդյունքները մինչ օրս չեն տրամադրվել։

Պարոն նախարար, հույս ունեմ, որ կմիջամտեք և անհապաղ լուծում կտաք որդուս Հայաստան տեղափոխելու հարցին և երաշխիքներ կտաք նրա անվտանգության հետ կապված խնդրին, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը մնում է ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների վրա:։

Հարգանքներով՝ զինվորի մայր
Հասկանալի պատճառներով մեր անունները չեն հրապարակվում

Pin It on Pinterest