23 տարեկան Թագուհին այրիացել է 2023թ. սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հետևանքով, այնուհետև կորցրել ծննդավայր, տուն ու տեղ։ Այժմ հանուն իր մեկ տարեկան որդու փորձում է ուղիներ գտնել անորոշության մեջ։ Զոհված զինծառայողի կինը ծննդով Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է։ Ուսանողական տարիներին է ծանոթացել ապագա ամուսնու՝ մարտակերտցի Լավրենտ Հայրիյանի հետ։
«Առաջին իսկ հանդիպման ժամանակ Լավրենտը խոստովանեց, որ ժպիտս գերել է իրեն ու միանգամից սիրահարվել։ Այդ ժամանակ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանող էի ու ընթացքում ծանոթացանք Լավրենտի հետ և հետո նշանվեցինք։ Որոշել էինք ամուսնանալ 2020թ., սակայն սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը խաթարեց մեր բոլոր ծրագրերը։ Լավրենտն ընդգրկված էր մարտական դիրքերի պաշտպանությանը։ Հրադադարից հետո Լավրենտը որոշեց, որ պետք է առանց հարսանյաց հանդեսի ամուսնանանք, իսկ ես վիճեցի՝ ուզում էի մի փոքր նշեինք, իհարկե, առանց երաժշտության։ Արցախում ընդհանուր իրավիճակը դեռ հուսադրող չէր, բայց մենք ամուսնացանք նույն տարվա դեկտեմբերի 14-ին»,-հուզված վերհիշեց Թագուհին։
Նորապսակները սկզբնական շրջանում վարձով են ապրել, այնուհետև հարազատների օգնությամբ տուն են կառուցել, որ երեխաներ ունենան ու երջանիկ ապրեն։ Լավրենտը շատ էր փափագում որդի ունենալ ու միշտ կնոջն ասում էր, որ պետք է շատ տղաներ ունենան։ Անդրանիկ որդու ծննդին երիտասարդ ամուսիները սպասեցին 2 տարի։ Շրջափակման ծանր պայմաններում հարազատները ով ինչ սննդամթերք հայթայթում էր՝ հղի կնոջն էր բերում։ Ամուսինը դիրքերում էր, իսկ իրավիճակն օրեցօր ծանրանում էր։ Երեխայի ծնվելու ժամանակ Թագուհիենք վառելիք չունեին, քաղաքապետարանի կողմից հատկացված վառելիքով կնոջը հունիսի 27-ին տեղափոխել են ծննդատուն։ Լիակատար շրջափակման պայմաններում ծնվեց նրանց առաջնեկը՝ Կարենը և իր ծննդով մեծ ուրախություն պարգևեց ընտանիքին։
«Օգոստոսի վերջին Լավրենտը համար 1 կանչով պաշտպանական դիրքեր է մեկնել։ Խնդրել էի չգնալ, երեխան փոքր էր, որ միասին էլ ժամանակ անցկացնեինք։ Մեկ շաբաթից հետո վերադաձավ, սակայն սեպտեմբերի սկզբին կրկին գնաց, որ արդեն սեպտեմբերի 14-ին իջներ դիրքերից։ Կապի խնդիր կար ու դժվարությամբ էր կարողանում զանգել։ Տեղս չէի գտնում, խիստ անհանգիստ էի։ Սահմանված ժամանակին չեկավ ու միայն սեպտեմբերի 18-ին մի կերպ կարողացավ զանգել և մենք երկար զրուցեցինք։ Սեպտեմբերի 19-ի լույս գիշերվա ժամը 5-ի կողմերը գրեց. «ինչո՞ւ չես քնում»։ Պատճառաբանեցի, որ տղադ չի թողնում։ Գրեց, որ երեխային շատ է կարոտել։ Նա այդպես էլ չհասցրեց որդու հետ ժամանակ անցկացնել, միշտ դիրքերում էր։ Դա մեր վերջին զրույցն էր ու մինչև հիմա չեմ կարող մոռանալ, որ դիրքում ուտելու բան չկար, սոված էր ու ստիպված չսիրած քաղցր թեյն է խմել»,-լացակումած պատմեց 24-ամյա այրին։
Շարունակելով վերհիշել անցած տարվա ողբերգությունը, Թագուհին նշեց, որ սեպտեմբերի 19-ի կեսօրին առաջին արկի պայթյունից սկեսուրն ահազանգեց, որ պատերազմ է սկսվել։ Նրանք անմիջապես իջել են նկուղ։ Լավրենտից էլ լուր չունեին։ Կապ չկար, մարդիկ սարսափած այս ու այն կողմ էին վազում։
«Ով ներս էր մտնում ՝ Եղնիկների դիրքերից էինք հարցնում։ Ոչ ոք տեղեկություն չուներ։ Շատերի ամուսինները գալիս էին կամ տեղեկություն էին փոխանցում, բայց Լավրենտից լուր չկար։ Գիշերը վերջապես նա կարողացել է զանգել, որ ամեն ինչ կարգին է։ Մի քիչ թեթևացանք և առավոտյան տուն գնացինք, որ երեկոյան կրկին վերադառնանք հիվանդանոցի նկուղային հարկ։ Արդեն բուժհաստատություն հասնելով լսվեցին լացուկոծի ձայներ, մոտեցանք՝ իրարանցում էր։ Մեզ հայտնեցին, որ Լավրենտի քրոջ ամուսինը՝ Ռոբան, զոհվել է, իսկ ամուսինս՝ վիրավորվել։ Որդուս մի կերպ քնեցրի, և սպասում էի, որ էսա վիրավոր ամուսնուս կբերեն, բայց լավ չէի զգում, դողում էի, դեղ տվեցին, որ հանգստանամ։ Հանկարծ մի ուժեղ, աղեկտուր ձայն լսեցի։ Անմիջապես բարձրացա վերևի հարկ…պարզվեց սկեսուրս է զոհված որդու բոթից աղիողորմ ճչում։ Իսկ ես քարացել էի՝ չէի խոսում ու շարժվում ու միայն երբ մայրս եկավ՝ չկարողացա զսպել հուզմունքս ու բարձրաձայն լացեցի»,-հուզված ներկայացրեց Թագուհին։
2015-2023թթ. Լավրենտ Հայրիյանը պայմանագրային զինծառայող էր։ Մեկօրյա պատերազմի ժամանակ եղել է Եղնիկներ կոչվող դիրքերից մեկում։ 26-ամյա դիպուկահարն ընկել է 2023թ. սեպտեմբերի 20-ի թեժ մարտերում։
Տեղահանության օրերին Լավրենտի և մարտակերտցի մյուս զոհերի մարմինները տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղից էլ՝ Հայաստան։ Թագուհու խոսքով՝ մյուսների նման ստիպված բռնեցին տեղահանության ճանապարհը և Արցախից դուրս եկան ամուսնու մարմինը տեղափոխելու օրը։ Ճանապարհին՝ սեպտեմբերի 27-ին, լրացավ իրենց որդու 3 ամիսը։ Բազում նեղություններ կրելուց հետո մի կերպ հասել են Երևան ու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորել ամուսնուն։ Այժմ յոթ հոգով վարձով բնակվում են Չարենցավանում, երկու սենյականոց բնակարանում։ Տալն ամուսնու զոհվելուց հետո ևս իրենց հետ է ապրում։ Երկուսն էլ զոհվել են նույն օրը։ Երիտասարդ այրիներն անորոշության մեջ են, ցավին ու կորստին զուգահեռ նրանք զբաղվածության խնդիր ունեն ու չեն պատկերացնում իրենց ապագան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան