«Չափազանց ընկերասեր, անսահման համեստ, խելոք ու հասնող տղա է», -Ջրվեժի դպրոցի աշակերտ Շավո Սամսոնյանին այսպես է հիշում նրա առաջին ուսուցչուհին՝ Աստղիկ Առաքելյանը ու անմիջապես հավելում. «Ինձ համար նա միշտ ներկա է»:
Իր աշակերտներից Շավոյին ու Գոռին է պատերազմում կորցրել ընկեր Աստղիկը: Հիշում է՝ բոլոր հատուկ դասերի ժամանակ երեխաներին Արցախի դրոշով համազգեստ էր պատրաստում ու նվիրում: Նրա հիշողություններում Շավոն մնացել է որպես փոքրիկ Արցախիկ. «Արցախում չէին եղել, բայց Արցախի մասին ամեն ինչ գիտեին իմ երեխեքը՝ քարտեզից սկսած, բոլոր շրջաններով ու գյուղերով վերջացրած»:
44-օրյա պատերազմից անցել է երկու և ավելի տարի, սակայն ազգությամբ եզդի Սամսոնյանների ընտանիքում 19-ամյա Շավոյի կորստի ցավը թարմ է. մայրը՝ տիկին Թամարը տարբեր հիվանդություններ է ձեռք բերել, հայրը՝ Երջանիկ Սամսոնյանը երջանկության մասին չի էլ մտածում: Նրանց ուրախության փոքր պահեր պարգևում են մյուս որդու երեխաներ, բայց միևնույն է՝ ծնողները լիարժեք հանգստություն գտնում են Շավոյի մոտ, նրա գերեզմանաքարի շուրջը հատուկ պատրաստած հանգստի գոտում: «Շաբաթը երեք օր ընդեղ ենք ես ու Թամարը», -ասում է Շավոյի հայրը:
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում էր ապրում Շավոն: Մի քանի ամիս էր մնացել, որ վերադառնար: «Իջևանի հետախույզների վաշտում էր ծառայում, ու շատ գոհ էր ծառայությունից», -ասում է հայրը:
44-օրյա պատերազմի ընթացքում Շավոն պարբերաբար զանգել է ծնողներին, խոսել նրանց հետ, հանգստացրել՝ չանհանգստանաք: Այդպես մինչև հոկտեմբերի 18, երբ վերջին անգամ զանգել է հորը՝ Երջանիկին ու ասել՝ «Մամային չասես, մենք արդեն Արցախում ենք: Էդ ա եղել վերջին զանգը, ֆսյո, էլ զանգ չի եղել»:
Շավոյի հետ միասին գումարտակի շուրջ 50 զինծառայողները հոկտեմբերի 19-ին անօդաչուների հարվածներից զոհվել են Իշխանաձորի մոտակայքում: Հրահանգ են ունեցել՝ տարածքից վերադարձնել վաշտի հրամանատարի դին, այն դեպքում երբ նույն տարածքը հոկտեմբերի 16-ին ծանր մարտերի հետևանքով անցել է թշնամու տիրապետության տակ: «Ինձ պատմել են հենց ծառայողները. փաստորեն գրաված տեղ ա եղել, երեխեքին ուղարկել են գրաված տարածք, որպես ի՞նչ եք երեխեքին ուղարկում գրաված տարածք, ինչի՞ եք մսաղացի մեջ գցում», -հարց է բարձրացնում որդուն կորցրած հայրը:
Ծնողներով են գնացել որդիների մասունքները որոնելու: «Երեխեքին սաղին վառել էին, հարվածել էին ԱԹՍ-ով սաղին վառել էին: Գտել ենք բանկային քարտը, որի վրա գրված էր՝ Շավո ու ազգանունի կեսը», -վերհիշում է հայրը:
Որդու մարմինը հագուստով ամբողջությամբ այրվել է: Երջանիկն ասում է՝ իրենց մարմնի մասունք չեն տվել: Թաքուն մի հույս սրտում է՝ գուցե որդին կենդանի է. «Եսիմ, էհ, գժված եմ: Առոք-փառոք, սիրուն-սիմպատիչնի ճանապարհըմ ես, բերում են, մի հատ յաշիկ են դեմ տալիս, չգիտես՝ ով ա, ի՞նչ ա: Երազումս տեսել եմ, հարցրել՝ չես գալո՞ւ, ասեց՝ գալու եմ, գալու եմ ու գնաց: Մինչև հիմա, ճիշտն ասած, իմ աչքը ճամփին ա: Գիշերը տան մոտով մեքենա էլ անցնի, ասում եմ՝ Շավոս եկավ»:
Հ․ Գ․ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն/ www.forrights.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են պատերազմին և հերոսաբար զոհվել հայրենիքի համար։
Նախորդ պատմությունները- Որդու մահվան մասին Քալոյաններին հայտնել է նրա մանկության ընկերը․ «Զանգեց, ասեց՝ առյուծդ ընկավ»
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: