Այս օրերին ակտիվորեն քննարկվում է քաղաքացուն զենք կրելու իրավունքով օժտելու կամ չօժտելու հարցը: Կողմնակիցներն ասում են, որ պատերազմական իրավիճակում քաղաքացին պետք է ունենա ինքնապաշտպանության հնարավորություն: Դեմ արտահայտվողների համոզմունքն է, որ հայ մարդը կսկսի աջ ու ձախ մարդ սպանել:
Իսկապես, զենքը փողի նման բան է՝ փող ունեցողը չի կարողանում այն տնտեսել, զենք ունեցողն էլ չի կարողանում այն չօգտագործել: Հոգեբանական նորմալ ծառայություններ չունեցող պետությունում զենք կրելու թույլտվությունը աղետ է: Ու հոգեբանական ծառայությունների բացակայությունը դեռ ամբողջ աղետը չէ:
Հայաստանում գրեթե ոչ ոք դեռ չգիտի, որ զենքը պաշտպանվելու համար է, ոչ թե՝ սպանելու: Այսինքն, զենք կրելու թույլտվությունից առաջ դու պետք է առնվազն դպրոցական մեկ դասարանում լսես, թե ինչի համար է զենքը ոչ զինվորականի կամ ոստիկանի ձեռքին: Դու պիտի ոչ միայն սովորեցնես, որ վտանգն ամենուր է, այլև՝ որ դու միակը չես լինելու, ով կրելու է այդ զենքը: Այնպես որ քեզ արտոնյալ հանկարծ չզգաս: Բայց սրանք այբուբենային սկզբունքներ են:
Ամերիկայում մարդիկ զենք են կրում, թեպետ այնտեղ պատերազմական իրավիճակների սպառնալիք չկա, այնտեղ բազմազգ բանդաներն ու մաֆիան են աշխույժ: Այնտեղ բոլորը պաշտպանված լինելու կարիք ունեն միմյանցից: Ամերիկացին կարիք չունի որևէ մեկի վրա հարձակվելու, այնտեղ կան նաև հոգեբանական ծառայություններ, որտեղ, այսպես ասած, խախտված մարդուն տեղն են գցում: Կարճ ասած, մարդիկ զենք կրելու իրավունքի մասին մտածել են, որովհետև ոստիկանությունն ամենուր չի կարող լինել, դա խիստ տոտալիտարական կթվա ամերիկացուն:
Հայաստանի պարագան ուրիշ է: Հայաստանը, թեպետ իր արևին գնում է խաղաղության դարաշրջան, բայց հենց դա էլ վաղը կարող է վտանգել քաղաքացու կյանքը: Ճանապարհներ են բացվելու, ադրբեջանցին ու թուրքը ելք ու մուտք են անելու մեր երկրում, ով իմանա, թե ինչեր կարող են անցնել Հայաստան մտնող ադրբեջանցու մտքով, որի եղբայրը կամ որդին, դիցուք, սպանվել է 44-օրյա պատերազմում: Հայաստանցին պետք է դպրոցից սովորի զենքի հետ վարվելու կանոնները, որովհետև, իսկապես, նա պետք է ունենա զենք կրելու իրավունք: Դա անխուսափելի է:
Իշխանությունը դեռևս վախենում է այդ մտքից ու չի սխալվում: Բայց ինքը վախենում է զուտ մի պատճառով՝ մենք էմոցիոնալ ենք ու ավելի հաճախ կսկսենք հարցերը լուծել զենքով, զենքով ավելի հեշտ է, դիցուք, փողոցում մարդուն կանգնեցնել ու ասել՝ կյանքդ կամ քսակդ: Այստեղ բնավ էական չէ, որ դիմացինն էլ կարող է զինված լինել: Զենքը կողոպտիչին կարող է առավել ագրեսիվ ու անկառավարելի դարձնել:
Եվ ամենակարևորը՝ քաղաքացին պետք է ունենա զենք կրելու իրավունք: Դա ազդակ կլինի, որ ադրբեջանցին իմանա՝ եթե մտնի մեր երկիր, կռվելու է ոչ միայն բանակի դեմ, այլև յուրաքանչյուր քաղաքացու: Նա տուն առ տուն պետք է գրավի Հայաստանը, իսկ դա այդքան հեշտ չէ:
Մհեր Արշակյան
Լուսանկարը՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից