Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքական որոշում է ընդունել իր հավատարիմ կադր Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ: Նա նշանակվում է Քննչական կոմիտեի նախագահ: Այս նշանակումը, ինչպես նաև Հայկ Գրիգորյանին ՔԿ նախագահի պաշտոնից ազատելու հարցը քննարկվել է դռնփակ նիստում:
Փաստորեն, Արգիշտի Քյարամյանը վերջին մեկ տարում արդեն երրորդ անգամ է քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնում: Արդեն երկու անգամ նա կարճ ժամանակով ՔԿ նախագահի տեղակալ է աշխատել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին, Արթուր Վանեցյանին ԱԱԾ պետի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Քյարամյանին ընդամենը մեկ օրով նշանակեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Ապա կրկին վերադարձավ ՔԿ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո:
Սա ցույց էր տալիս, թե ինչ անլուրջ է վերաբերվում իշխանությունը Հայաստանի գլխավոր նախաքննության մարմնին, որ ՔԿ-ն ընդամենը միջանկյալ, հերթապահ օղակ էր, կեղծ ձևակերպումների, թղթաբանությունը ապահովելու համար, յուրօրինակ «շտռաֆբատ» այն հավատարիմների համար, որոնք ավելի լավ պաշտոններում իրենց ճիշտ չեն դրսևորել, և հիմա աքսորված են այդ երկրորդական մարմին:
Ի՞նչ արժանիքների համար է Արգիշտի Քյարամյանը նշանակվում ՔԿ պետ, չի բացատրվում, և ինչպես Քյարամյանի բոլոր նշանակումները, սա ևս ուղեկցվում է վարկածներով:
Ըստ այդմ, ընտրություններից հետո, երբ վարչապետի ու նրա թիմի շուրջ ատելության օղակը սեղմվել է, նրան ՔԿ պաշտոնում ակտիվ ու անվերապահորեն ծառայող մեկն է պետք, ինչպիսն էլ հանդիսանում է Քյարամյանը:
Հիշեցնենք, որ երբ Փաշինյանը մեկ օրով Քյարամյանին նշանակեց ՔԿ պետի տեղակալ, ԶԼՄ-ները Փաշինյանի այս քայլը բացատրեցին նրանով, որ Քյարամյանին պետք էր տալ գնդապետի կոչում, ԱԱԾ տանելուց առաջ: Այդ մեկ օրը մայիսի 4-ն էր, որից հետո Քյարամյանը 35 օր ԱԱԾ փոխտնօրեն աշխատեց, ապա զբաղեցրեց տնօրենի պաշտոնը:
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն իր ղեկավարի այս քայլը հիմնավորեց քաղաքական որոշմամբ, ասելով, որ այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։
Երբեք նախկինում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը պետության ամենակայուն կառույցը պետք է լինի, չէր եղել այնպիսի կադրային հոսք, որպիսին եղավ Նիկոլ Փաշինյանի օրոք: ԱԱԾ 4 տնօրեն փոխվեց 2018 թվականի մայիսից մինչ օրս՝ Արթուր Վանեցյան, Արգիշտի Քյարամյան, Միքայել Համբարձումյան, Արմեն Աբազյան: Պաշտոնանկությունների վերաբերյալ որևէ բացատրություն չտրվեց, կարծես, Փաշինյանը ոչ թե ԱԱԾ պետք էր փոխում, այլ քարտուղարուհի:
ԱԱԾ նախկին և ներկայիս տնօրեններին հանրությունը Հայաստանի համար օրհասական ու մութ այս ժամանակներում բազմաթիվ չփարատված հարցեր ունի: Ամենաշատ հարցերը ուղղվում ե ԱԱԾ նախկին պետին՝ 28-ամյա երիտասարդ, Շիրակի դատախազության նախկին աշխատող, ՊՎԾ պետի նախկին ԺՊ Արգիշտի Քյարամյանին, որը Նիկոլ Փաշինյանի հավատարիմ կադրերից է: Հենց նրա օրոք է Հայաստանը պարտություն կրել պատերազմում:
Արգիշտի Քյարամյանն ազատվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից հոկտեմբերի 8-ին, հասցնելով պաշտոնավարել ոչ լրիվ 5 ամիս:
Սպասվում էր, որ նրա պաշտոնանկությունը, հեռացումը պետական համակարգից, եթե ոչ բացատրված, ապա գոնե անվերադարձ կլինեն: Դրա փոխարեն վարչապետ Փաշինյանը Քյամրամյանին կրկին վերադարձնում է քննչական կոմիտե:
Ի՞նչ է արել Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում, ի՞նչ արժանիք ունի, ինչ՞ի համար են նրան կրկին հետ բերում համակարգ: Գուցե, Արգիշտի Քյարամյանը իրո՞ք, արժեքավոր մասնագետ է, պրոֆեսիոնալ կադր, առանց որի Հայաստանի իրավապահ ու հատուկ ծառայությունները չեն կարող աշխատել:
Զինվորական բազմաթիվ գործերով որպես տուժողի իրավահաջորդ ներգրավված փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասում է, որ ոչ մի բանի վրա չի զարմանում և լուրջ չի վերաբերվում քննչական կոմիտեին որպես մարմնի: «Պետական որևէ կոմպոնենտի մասին մենք չեն կարող այսօր խոսել, քանի որ պետություն գոյություն չունի: Իսկ Քննչական կոմիտեն պետության առանձին գործառույթ կատարելու համար նախատեսված մարմին է, և եթե պետություն գոյություն չունի, բնականաբար, առանձին մարմինն էլ չի կարող գոյություն ունենալ և գործուենություն իրականացնել», — նշում է Մուշեղ Շուշանյանը:
Հ.Գ. Փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ զրուցել էիք դեռ հոկտեմբերին, երբ Արգիշտի Քյարամյանին նշանակեցին ՔԿ պետի տեղակալ: Այն ժամանակ Ճարոյանն ասաց, որ մոտ ժամանակներս նրան ավելի բարձր պաշտոնի նշանակեն քննչական կոմիտեում, օրինակ, ՔԿ նախագահի, այն դեպքում, եթե հանկարծ ՔԿ պետը հրաժարական տա, քանի որ Քյարամյանը Փաշինյանի վստահելի մարդն է: «Չի բացառվում նաև, որ որոշ գործեր այնպես չեն քննվում, ինչպես կցանկանար իշխանությունը, և Քյարամյանի նշանակումը արվում է ավելի խիստ վերահսկելու համար այս մարմինը», — ասել էր Հակոբ Ճարոյանը: Նրա կանխատեսումը, փաստորեն, իրականություն դարձավ:
Forrights.am-ի հարցին, թե արդյո՞ք Արգիշտի Քյարամյանին մեկ տարում երկու անգամ ՔԿ-ում բարձր պաշտոնի նշանակելը չ՞ի վարկաբեկում այդ մարմինը, պատասխանեց. «Եթե համարում եք, ո ր Քյարամյանը վարկաբեկված է, համարեք վարկաբեկում է»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: