Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատավարության վերջը դեռ չի երևում։ Այս գործով դատավարությունն ընթանում է ավելի քան 8 տարի, և կողմերից մեկը պատրաստվում է շարունակել ընթացքը մինչև Վճռաբեկ դատարան։ Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր տուժող կողմի բողոքը՝ խստացրել 4 երիտասարդների պատիժը՝ 15 տարի ազատազրկմանը ավելացնելով ևս 3-ական տարի ազատազրկման ժամկետ։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը մերժել էր ամբաստանյալներին արդարացնելու մասին նրանց պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք՝ 2015-ի հունվարի 29-ին ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողները դիմել էին Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով նախորդ տարի ապրիլին ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այդ վճռով ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, որից 7 տարվա պատիժը նրանք արդեն կրել են:
Նախ՝ դատարանի վճռի համաձայն, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակվել էին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ հոդվածների (սպանությունը՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) փոխարեն՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Այսինքն՝ մեղմացվել էր հանցանքը:
Մեղադրանքի համաձայն, այս երիտասարդները սպանության օրը բռնել էին անկողնում պառկած Հայկազ Բարսեղյանի ոտքերը և ձեռքերը, ձեռքի ափով փակել բերանը, ապա սուր կտրող ծակող գործիքով կտրել են Բարսեղյանի երակը, հարվածներ էին հասցրել Բարսեղյանի կրծքավանդակին և դեմքին՝ շարունակելով սառնասրտորեն փակել բերանը, սեղմելով պարանոցը՝ կոտրել էին Հայկազ Բարսեղյանի ոսկորը: Այնուհետև Բարսեղյանի դին պտտաձողից կախել էին՝ ստեղծելով տպավորություն, թե Հայկազն ինքնասպանություն է գործել:
Այս դաժանությամբ հանցանքի համար Հայկազ Բարսեղյանի ծնողները ակնկալում էին, որ ամբաստանյալները կենթարկվեն ցմահ ազատազրկման:
«Վերաքննիչ դատարանի կողմից պատժի խստացումը մեր նվազագույն պահանջն էր։ Մենք պահանջում էինք ցմահ ազատազրկում և եթե ցմահ ազատազրկում էինք պահանջում, ենթադրվում է, որ դրա համար բազում հիմքեր կային», -Forrights.am-ին ասում է Բարսեղյանների ներկայացուցիչ փաստաբան Անի Թորոսյանը։
Առայժմ հստակ չէ՝ կբողոքարկե՞ն Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, թե ոչ։ Փաստաբանն սպասում է իր վստահորդի որոշմանը։ Վստահորդը՝ դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, դեռ վերջնական որոշում չունի, բայց հաստատ գիտի՝ եթե ամբաստանյալները բողոքարկեն, ինքն էլ է բողոքարկելու։
«Այս խիստ պատժաչափով որոշում, վճիռ պետք է կայացներ առաջին ատյանի դատարանը, բայց որ չարեց, գոնե շնորհակալ եմ Վերաքննիչ դատարանի դատավորներին, որ խստացրին պատիժը։ 3 տարին էլի բան է։ Իսկ անձամբ մարդասպանին՝ Գնել Թևոսյանին պետք էր արժանի պատիժ սահմանել։ Ճիշտ չի էլի իրան էլ, մյուս երեքին էլ նույն պատիժը սահմանել էն դեպքում, երբ մյուսները շարժվել են իրա ասածներով», — Forrights.am-ին ասում է Արկադի Բարսեղյանը։
Սպանված զինծառայողի հայրը 9 տարի է՝ դատարաններում արդարություն է պահանջում, իսկ նրա պատկերացրած արդարությունը որդուն մահվան հասցրած համակուրսեցիների խիստ պատիժ ստանալն է։ Արկադի Բարսեղյանն անկեղծանում է՝ և ինքը, և կինը հոգնել են դատարաններում տարիներն անցկացնելուց, բայց եթե մեղադրյալները շարունակեն, իրենք էլ իրենց պայքարը կշարունակեն։
«Անկեղծ ասեմ, դատական նիստերի օրերին ես ինձ շատ վատ եմ զգում, նյարդային համակարգը ամբողջությամբ խանգարվում է էդ օրերին։ Եթե իրենք կդիմեն Վճռաբեկ, մենք էլ կդիմենք», -ասում է Բարսեղյանը։
Ամբաստանյալներից գլխավորի՝ Գնել Թևոսյանի փաստաբան Արա Զաքարյանը, հակառակը, կարծում է, որ իր պաշտպանյալը մասնակից չէ կատարվածին ու դարձյալ արդարացման պահանջով կգնան Վճռաբեկ դատարան։ «Ինչու ենք բողոքարկում, որովհետև համարում ենք, որ մեր պաշտպանյալները առհասարակ հանցանքը չեն կատարել, այդ պատճառով էլ պահանջում ենք արդարացում»,- Forrights.am-ին ասում է փաստաբանը։
Նրա խոսքով, այս գործի դատաքննության ընթացքում բազմաթիվ դատական սխալներ են տեղի ունեցել, մասնավորապես, պաշտպանական կողմի «էական նշանակություն ունեցող» միջնորդությունները քննության չեն առնվել, մեղադրական դատական ակտ կայացնելը։
Հարցին՝ արդյոք իրականությունից կտրված չէ՞ արդարացման պահանջը այն դեպքում, երբ դատարանները խստագույն պատիժ են նշանակել ամբաստանյալներին, Արա Զաքարյանն արձագանքում է․ «Իրականությունից հեռու լինել-չլինելու մասին չէ հարցը։ Եթե անձը արարքը չի կատարել, կանգնի ասի՝ ինձ մեղք տվեք, ո՞նց կարա նման բան լինի։ Ես հասկանում եմ տուժող կողմին, բայց եթե նրանց գործի օբյեկտիվությունն էր հետաքրքրում, կարող էին միանալ մեր բոլոր միջնորդություններին, որ ներկայացնում էինք դատաքննության ընթացքում։ Այդ միջնորդությունների միջոցով հնարավոր կլիներ ամբողջ ճշմարտությունը բացահայտել։ Բայց տուժող կողմը այդպիսի դիրքորոշում չէր հայտնում»։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: