Հայաստանում հարցվածների 45 տոկոսը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27 տոկոսը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով՝ «ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում»։ Ոստիկանությանը չի վստահում հարցվածների 22 տոկոսը։

Այդ մասին նշվում է Հայաստանում ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտությունան մեջ։ Այն իրականացրել է  ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունը՝ ԵԱՀԿ պատվերով։

Նշվում է, որ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակն ավելի բարձր է ՀՀ մարզերը ներկայացնող, հատկապես գյուղաբնակ հարցվածների շրջանում՝ 51 տոկոս, որոնք նշել են, որ լիովին վստահում են ոստիկանությանը։ Երևանում այդպես մտածողները քիչ են՝ 36 տոկոս։ Իգական սեռի հարցվողների շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակն ավելի բարձր է՝ 48 տոկոս, քան արական սեռի հարցվողների շրջանում՝ 41 տոկոս։

Բարձրագույն կրթություն չունեցող հարցված քաղաքացիներն ավելի հակված են վստահել ոստիկանությանը՝ 50 տոկոս, քան բարձրագույն կրթություն ունեցողները՝ 37 տոկոս։

Ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության մակարդակը զիջում է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակին 3 տոկոսով և կազմում է՝ 42 տոկոս։

Հարցվողների 57 տոկոսը նշել է, որ դրական վերաբերմունք ունի Հայաստանի ոստիկանության նկատմամբ, 27 տոկոսն ունի չեոզոք, իսկ 15 տոկոսը՝ բացասական վերաբերմունք։ Նշվում է, որ գյուղաբնակ հարցվողների շրջանում դրական վերաբերմունք ունեցողների համամասնությունն ավելի մեծ է՝ 66 տոկոս, քան երևանաբնակ հարցվողների շրջանում՝ 47 տոկոս։ Բարձրագույն կրթություն չունեցող հարցվողներն առավել հակված են դրական վերաբերմունք արտահատել ոստիկանության նկատմամբ՝ 62 տոկոս, քան բարձրագույն կրթություն ունեցողները՝ 48 տոկոս։

Ըստ հետազոտության, հարցվողների գերակշիռ մասը՝ 58 տոկոսը, համաձայն է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 53 տոկոսը համարում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք, 50 տոկոսը համաձայն է, որ ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ կերպով և բարեվարքության կանոններին համապատասխան։ Հարցվողների 44 տոկոսը կարծում է, որ ոստիկանությունը քաղաքացիների դեմ ֆիզիկական ուժ կիրառում է համաչափ ու իրավաչափ։ Հարցվածների 24 տոկոսը համաձայն չի եղել այս մտքի հետ, իսկ 22 տոկոսն էլ չեզոք է եղել։ Հարցին դժվարացել է պատսխանել հարցվողների 9 տոկոսը։

Հարցվածների 56 տոկոսը կարծիք է հայտնել, որ ոստիկանությունը լիարժեք կամ գրեթե լիարժեք պատասխանատվություն է կրում սեփական իրավախախտումների համար, 32 տոկոսի համոզմամբ՝ չի կրում։ Այս խումբը իր դիրքորոշումը հիմնավորել է՝ նշելով, որ բավարար չափով չի աշխատում ներքին վերահսկողության համակարգը՝ 39 տոկոս, առկա են ազդեցություններ քաղաքական դերակատարների կողմից՝ 15 տոկոս, ականատես են եղել նման դեպքերի՝ 15 տոկոս։

Հարցվածների 54 տոկոսը ասել է, որ Հայաստանի ոստիկանության առջև ծառացած ամենալուրջ խնդիրը ոստիկանների շրջանում մասնագիտական հմտությունների պակասն է։

Ի դեպ հարցված քաղաքացիների 66 տոկոսը չափազանց կամ ավելի շուտ գոհ է պարեկային ծառայության աշխատանքից։

Ներքին ապահովության և անվտանգության ընկալումները

Հարցված քաղաքացիների գերակշիռ մասը՝ 65 տոկոսը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարում է այս կամ այն չափով անվտանգ, ընդ որում՝ լիարժեք անվտանգ համարում է հարցվողների 23 տոկոսը, իսկ ավելի շուտ անվտանգ՝ 42 տոկոսը։

Ներքին անվտանգության մակարդակը հակված են առավել բարձր՝ «լիովին անվտանգ» գնահատել գյուղական բնակավայրերում՝ 27 տոկոս, իսկ մարզային քաղաքներում՝ 25 տոկոս։ Ներքին անվտանգության մակարդակը «լիովին անվտանգ» գնահատողներիմեջ երևանաբնակները քիչ են՝ 18 տոկոս։ Այս դիրքորոշման կողմնակիցները քիչ են նաև բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում՝ 16 տոկոս։

Ըստ հարցվածների ընկալման, Հայաստանի քաղաքացիների ապահովությանը և անվտանգությանը սպառնացող ամենալուրջխնդիրներն են թմրամոլությունըև թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 30 տոկոս, մանր հանցագործությունները՝ 22 տոկոս, կոռուպցիան և պաշտոնական դիրքի չարաշահումը՝ 15 տոկոս։ Ճանապարհային անվտանգությունը որպես ներքին անվտանգային խնդիր նշվել է հարցվողների 11 տոկոսի կողմից։

Հարցազրույցներն իրականացվել են 2024 թվականի հունվարի 11-25-ն ընկած ժամանակահատվածում։ Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցազրույցի (CATI) մեթոդով, ստանդարտացված հարցաթերթի օգնությամբ։ Ընտրանքի ծավալը կազմում է 1801 հարցվող Երևանում մարզային քաղաքներում ու գյուղերում։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest