Ջալալ Հարությունյանի գործով նոր զարգացումների մասին այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ խոսել է վերջինիս պաշտպան Արսեն Սարդարյանը։

«Շուրջ հինգ ամիս տևած ռազմագիտական փորձաքննությունը օրեր առաջ ստացել ենք։ Փորձագետները միակարծիք եզրակացություն են տվել, որն առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին ներկայացված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին»:

Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որի հետևանքով  ծանր կորուստներ են եղել։ Ըստ քրեական գործի, հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, դիրքեր են անցել հակառակորդի հսկողության տակ։

Փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո Դատախազությունը կայացրել է որոշում առաջին (հակահարվածի) դրվագով մեղադրանքը դադարեցնելու մասին։ Առաջին դրվագով Հարությունյանը մեղադրվում էր այն բանի համար, որ ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առնվել, և այդ իրադրությունում հակառակորդի նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։

«Ռազմագետները միանշանակ պատասխանել են, որ այդ իրադրությունում դա ոչ միայն օրինական, այլև անհրաժեշտություն է եղել, որը կատարվել է, և այս մասով քրեական հետապնդումը դադարեցվեց»:

Երկրորդ դրվագի մասով, սակայն, վերջինիս նոր քրեական հետապնդում է առաջադրվել։ Փաստաբանի խոսքով` այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, կարծես այս ռազմագիտական փորձաքննությունն ընդհանրապես գոյություն չի ունեցել։

Մեղադրանքի երկրորդ դրվագով D20 դիվիզիոնի վրա 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին հակառակորդի կողմից հարձակում է իրականացվել։ Երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապվել է Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, վերջինս զեկուցել է Հարությունյանին, որ խմբավորում է մոտենում, իսկ նա ասել է, որ դա յուրային խմբավորում է, և այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ դիվիզիան կորուստներ ունենա։

«Ռազմագետները միակարծիք հայտնել են, որ ցանկացած պարագայում եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպած լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը, մասնավորապես պետք է բոլոր ուղղություններով ունենային դիտորդներ, որոնք էլ կզեկուցեին խմբավորման հակառակորդ լինելու ծագման մասին ու կանցնեին հակահարձակման»։

Երկրորդ հարցը, թե արդյոք դիտորդի տեղակայման դեպքում հայկական ուժերն ունեին համապատասխան միջոցներ`դիմակայելու հակառակորդի խմբավորմանը, փորձագետները պատասխանել են, որ հայկական կողմը կարող էր դիմակայել հակառակորդի`10, 50 կամ 100 հոգանոց խմբի գրոհին։

Ըստ Սարդարյանի` երբ եզրակացության այս երկու հատվածները համադրվում են, կարծես երկրորդ տարբերակ չի կարող լինել, և կրած կորուստները, միանշանակ, դիվիզիոնի հրամանատարության թերացման հետևանքն է։ Ռազմագետները հրաժարվել են պատասխանել պատճառահետևանքային կապի մասին հարցին, սակայն, փաստաբանն այս հարցով դիմել է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանին.

«Փորձագետները փաստացի ու հստակ արձանագրել են, որ 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին մարտական դիրքի կրած կորուստների պատճառը դիվիզիոնի հրամանատարության թույլ տված խախտումներն են։ Ճիշտ է` ձևական նշել են, որ պատճառահետևանքային կապը իրավական տիրույթում է, և զերծ են մնացել դրան անդրադառնալուց, սակայն իրենց պատասխաններում հստակ մատնացույց են արել, թե ում թերացումն է կորուստների քրեաիրավական հետևանքի պատճառը։ Ջալալ Հարությունյանի պատասխանի և դիվիզիոնի կրած վնասների միջև որևէ պատճառական կապ չկա, ուստի Հարությունյանը որևէ հանցանք չի կատարել»,-գրավոր կարծիք է հայտնել Գաբուզյանը։

Պաշտպանող կողմն այսօր Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ մեղադրանքի` երկրորդ դրվագով գործն ուղարկվում է դատարան։ Փաստաբանի համար ընկալելի չէ, թե ինչու է գործ ուղարկվում դատարան, եթե այսքան առերևույթ է Հարությունյանին մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայությունը։

«Այնպիսի տպավորություն է, որ անկախ ամեն ինչից գործը պետք է դատարան գնա։ Այդպիսի հնչեղ գործ ես չեմ հիշում, որ սկսվի քննվել և դատարան չուղարկվի։ Առաջադրված նոր մեղադրանքում մի բառ անդրադարձ չկա այս եզրակացությանը, գիտեք ինչու, որովհետև եթե անդրադառնան, պետք է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնեն։ Հնչեղ գործ է, չի կարելի է կարճել. այս մոտեցումն է չարիքը մեր քննչական և դատախազական մարմինների. համակարգային առումով այս խնդիրն այսօր չի լուծվում»։

Ասուլիսի վերջում Սարդարյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Հարցին, թե արդյո՞ք փորձագետները Հարությունյանի համար որպես արդարացում նշել են նաև Նիկոլ Փաշինյանի կողմից վերջինիս հակահարձակման օպերացիային հավանություն տալու փաստը, պաշտպանը նշեց, որ ոչ, քանի որ փորձաքննությունն ասում է, որ ստեղծված իրադրությունում հրամանատարը պարտավոր էր հակահարձակում իրականացնել. պաշտպանության այլ ելք չկար, քան գրոհի անցնելը։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե Ջալալ Հարությունյանն առաջիկայում չի՞ ցանկանում ասուլիս տալ.

«Ես առաջարկել եմ խոսել, բայց նա դասական սպա է, երևի չի ցանկանում այս ամենի մասին հանրայնացնել։ Իր համար նույնիսկ սա է անհասկանալի գործընթաց, որովհետև ռազմական գործերը պետք է հանրային քննարկման առարկա դառնան միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այս գործում ես ծայրահեղ անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց փաստորեն մենք ամեն ինչը քննարկում ենք»:

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest