Հայտնի է, որ կառավարությունը փախստականի կարգավիճակ է շնորհել Ղարաբաղից տեղահանված անձանց: Ղարաբաղցիների մի մասին սա դուր չի եկել, քանի որ նրանց կարծիքով ճիշտը ՀՀ քաղաքացու կարգավիճակն է: Սակայն փախստականի կարգավիճակն, ի տարբերություն ՀՀ քաղաքացու կարգավիճակի, ունի մի առավելություն՝ այն բաց է պահում ԼՂ ապագա կարգավիճակի հարցը, քանի որ եթե փախստական չկա, չկա նաև բռնի տեղահանված, եթե չկա բռնի տեղահանված, չկա ԼՂ հարց: Արևմուտքը հենց փախստականների գոյությունն է հիմք ընդունում, որպեսզի կարողանա Ադրբեջանին մեղադրել մարդկանց իրենց բնօրրանից դուրս հանելու մեջ:
Հենց 1992-94 թվականների հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում իրենց բնակավայրերից դուրս մղված ադրբեջանցի փախստականների հարցը նաև թույլ տվեց, որպեսզի աշխարհը աչք փակի 2020-ի 44-օրյա պատերազմում ադրբեջանցիների արածների վրա, նրանք, ի վերջո, ըստ Արևմուտքի, լուծում էին նաև իրենց փախստականների սեփական բնօրրաններ վերադառնալու հարցը: Հիմա այդ ուղտը չոքել է նաև Հայաստանի դռանը, Հայաստանն Ադրբեջանից «ստացել» է 100 հազար փախստական, որոնք հայ են, բայց ՀՀ քաղաքացի չեն: Հետևաբար պետք է լուծվի նրանց կարգավիճակի հարցը: Իսկ որպեսզի լուծվի կարգավիճակի հարցը, պետք է վերականգնվի իրենց հողում ապրելու նրանց բնական իրավունքը: Իսկ որտեղ կա բնական իրավունք, այնտեղ կա կարգավիճակ: Այսինքն, եթե ղարաբաղցին ունի հող, որում ապրելը նրա բնական իրավունքն է, բայց որին խանգարում է հայերի հանդեպ ադրբեջանցիների նախապաշարմունքը, հետևաբար պետք են միջազգային երաշխիքներ, որ հայերը կարող են ապրել իրենց հողում: Իսկ միջազգային երաշխիքները խաղաղապահներով չեն տրվում, միջազգային երաշխիքները տրվում են կարգավիճակով, ինչին էլ այսօր ձգտում է Արևմուտքը:
Սրան այսօր դեմ են Ռուսաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանն արդեն հայտարարել է, թե ինչ է մտածում Լեռնային Ղարաբաղի մասին: Այդպիսի հատուկ տարածք ըստ Ռուսաստանի չկա, կա Ղարաբաղի տնտեսական շրջան, որն ինքնին իրավական որևէ ծանրություն չունի, դա չի ենթադրում, որ այդ շրջանում ապրում են երկու տարբեր ազգեր:
Ադրբեջանը կերազեր, որ Հայաստանը բոլոր ղարաբաղցիներին շատ արագ շնորհեր քաղաքացիություն թեկուզ այն պատճառով, որ քաղաքացիությունը նրանց վերջնականապես կօտարեր Լեռնային Ղարաբաղից և աշխարհն էլ չէր մտածի նրանց Ղարաբաղ վերադարձնելու մասին: Բայց աշխարհը, այս դեպքում՝ Արևմուտքը գիտի, որ Ալիևը չի կարող այդքան հեշտ մարսել 100 հազար մարդու բռնի տեղահանությունը, սա 1915 թվականը չէ, որ 1,5 միլիոն մարդու տեղահանես իր հողից ու ոչնչացնես, հետո երկրիդ անունը փոխես ու աշխարհն էլ չհասկանա, թե տեղի ունեցածի համար ում մեղադրի, սա 2023 թվականն է, երբ բոլորին հայտնի է, թե ով որտեղից է բռնի տեղահանվել, ով ով է և ով է դրա համար պատասխանատու:
Հետևաբար, քանի դեռ Հայաստանում կան ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, Ղարաբաղի հարցը գոյություն ունի, քանի որ բռնի տեղահանումը հենց տվյալ պետության քմահաճույքն է ընդհանուր որևէ բան չունենալ այդ տեղահանվածների հետ: Իսկ եթե նրանք մարսեն այդ տեղահանությունը, կմեռնի մուլտիկուլտուրիզմի արևմտյան փիլիսոփայությունը, որի իմաստը բոլոր ազգերին բոլոր ազգերի համար հասկանալի ու ընդունելի դարձնելն է աշխարհի ցանկացած կետում: Աշխարհիկ Ադրբեջանն այդ քննությունը չի հանձնել:
Մհեր Արշակյան