«Ես ու վարորդներից մեկը՝ Գագիկը անզեն էինք, մտանք ավտոբուսի տակ: 4 կողմից անդադար խփում էին: Նկատեցի, որ փոքր թումբ կա, ասեցի՝ Գագ ջան, արի՛ էնտեղ գնանք: Մի որոշ ժամանակ անց նկատեցինք, որ ավելիա թեժանում մարտը: Ասեցի՝ մեզ էստեղ կկոտորեն, անզեն մարդիկ ենք: Ինքը ինձա ասում վեր կաց, ես՝ իրան: Ես ինձ մի կերպ գցեցի ավտոբուսը ու խոդի տվեցի, պոկվեցի էդտեղից: Հետո ինքն էլ պոկվեց»,- հոկտեմեբրի 18-ին Հակակոռուպցիոն դատարանում «Քիմիկների զորամասի» գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվեց զինվորներին Զանգելան տանող երեք ավտոբուսներից մեկի վարորդ Արա Հարությունյանը:

Կարդացեք նաև՝ 
«Մարտական ոգով էին լցված, որ գնում էին հայրենիքի պաշտպանության»․ նոր մանրամասներ «Քիմիկների զորամասի» գործից
Քիմիկների զորամասի գործ․«Ես բոլորի խնդիրը դրել եմ, Աստծո առաջ են պատասխան տալու»․պատերազմի մասնակիցը՝ դատարանին

Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ նիստը քննում է 44 օրյա պատերազմի  ընթացքում Կովսականում տեղի ունեցած դեպքերը, երբ Քիմիկների զորմասաի (ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի զորամաս)  62 հոգանոց խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։ 40 զինվորներից 5-ը գերեվարվել են, 12-ը սպանվել, մնացած 23 զինծառայողի, ինչպես նաև ավտոբուսի մեկ վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Ամբաստանյալի աթոռին են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՌՔԿՊ (Քիմիկների զորամասի) զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում՝ ՌՔԿՊ վարչության պատրաստության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։

Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Տուժող Արա Հարությունյանը 16 տարի պայմանգրային զինվորական ծառայություն է անցել. շտապօգնության մեքենա է վարել, 2016թ. քառօրյա պատերազմի մասնակից է եղել: Մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը աշխատել է Կապան քաղաքում՝ որպես երթուղայինի վարորդ: Պատմում է, որ հոկտեմբերի 20-ին տնօրենն իրեն ասել էր, որ վաղն առավոտյան զորք պետք է տեղափոխի.

«Ավտոբուսով եկա, ներկայացա զորամասի մոտ, երեք ավտոբուս էր, երեքի մակնիշները «Հյոնդա» էր: Եկան տղաները, նստեցին ու շարժվցինք դեպի Զանգելան: Դեմս  «վիլիս-ուազիկ» էր: Ասեցին, որ իրենց հետևից պիտի գնանք: Ես առաջին ավտոբուսն էի քշում: Մտանք Զանգելան՝ դպրոցից երևի մոտ 200-300 մետր հեռու: «Ուազիկից» հրամանատարը իջավ, ասեց՝ վերջ, հասանք, ավտոբուսները շրջեք, հետո կասեմ՝ ինչ կանեք»:

Վարորդի խոսքով՝ իրենց Վիլիս մակնիշի ավտոմեքենա է ուղեկցել. մեջը հրամանատարն էր: Ճանապարհի կեսից շարասյանը «Գրանդիս» մակնիշի ավտոմեքենա է միացել: Թե ով էր վարում, չգիտի: Կապանից դուրս գալու ճանապարհին անցակետ է նկատել՝ ՈւԱԶ մեքենայով երկու ոստիկան կագնած: Երբ հասան Զանգելան, ավտոբուսները կանգնեցրին, տղաները իջան: «Գրանդիսը» այդտեղ չէր: Թե որտեղ էր վերջին անգամ նկատել իրենց ուղեկցող այդ 2-րդ մեքենային, չկարողացավ պատասխանել:

Հիշում է, թե ինչպես էին զինվորները, ավտոբուսներից իջնելուց հետո տարբեր տեղեր խմբերով կանգնած․ զրուցում էին, ծխում: 5 րոպե չանցած դիմացի բլրից շան հաչոց են լսել, ապա շարժ նկատել: Քիչ անց թշնամին սկսել է կրակել: Երբ նա ու վարդորդ ընկեր Գագիկը միասին ավտոբուսներով դուրս եկան տարածքից, նրանց վրա նույնպես կրակ բացվեց:

«Մեզ 4 կողմից խփում էին: 7-8 րոպե որ անցանք, զգացի որ կողքս ուժեղ տաքացավ: Բացեցի, տեսա, որ մոտավորեպս լամպի չափ անցք էր, արյունը թափվում էր: Հասկացա, որ վիրավորվել եմ: «Բակավոյ» հայելիով բացատրեցի ընկերոջս, որ վիրավոր եմ, բայց չկանգնեցինք, կրակում էին: Երբ հասկացա, որ արդեն պիտի ուշափափվեմ, կանգնեցի: Ինքը եկավ, ինձ քցեց իրա ավտոբուսը ու շարունակեցինք ճանապարհը: Ես ճանապարհի ընթացքում պոստի ոստիկաններին գոռացի, ասեցի՝ տղեքին կոտորում են, հասեք, մի բան արեք, բայց ավտոբուսը չկանգնեց, Գագոն չկանգնեց, որ արնաքամ չլինեի:  Անընդհատ զանգում էր հիվանդանոց: Հասանք արդեն Սոլխոզ գյուղի մոտ, շտապօգնության մեքենան մոտեցավ, դիմավորեց, տեղափոխեց հիվանդանոց»:

Տուժող Արա Հարությունյանի նախաքննական և դատակքննական ցուցմունքների միջև որոշ հակասություններ եղան: Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն ու ամբաստանյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը դատարանին միջնորդություն ներկայացրին՝ հրապարակելու տուժողի նախաքննական ցուցմունքից հատված, որը տվել էր 2021թ. ապրիլի 10-ին:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ շարասյանը միացած է եղել նաև «ՈՒԱԶ պիկապ» մակնիշի ավտոմեքենա: Բայց դատարանում տված ցուցմունքում տուժող Արա Հարությունյանը դա չնշեց:

«Հիմա որ կարդացիք, պիկապի պահը չեմ հիշում:… Ճիշտն ասած, որ նարկոզը տվել են, շատ բաներ եմ մոռացել: Ազնվությամբ, եթե էդ պահին տենցա եղել, ուրեմն էդ պահին հիշել եմ, ասել եմ»,- ասաց տուժողը:

Նույն օրը դատական նիստին տուժող Արթուր Ստեփանյանի տված ցուցմունքը:

Արթուր Ստեփանյանը Մեծամոր քաղաքից է: 2014-2020 թվականներին պայմանագրային զինվորական ծառայություն է անցել «Քիմիկների զորամասում»՝ որպես շարքային, քիմիկ-հետախույզ:

Պատմում է, որ Զանգելան ուղևորվելիս ունեցել են ինքնաձիգ, 4 պահեստատուփ և հակագազերի մեջ լցված, չլիցքավորված փամփուշտներ: Զրահաբաճկոն չեն ունեցել:

«Հոկտեմբերի 20-ին Կապանում ենք եղել: Իրիկունը հրամանատար Արսեն Աբգարյանը անձնակազմը շարելա, ասելա՝ զենք ենք ստացել, պատրաստվեք, առավոտ շուտ ժամը 4:30-5:00 հելնելու եք, որ շարժվենք՝ Զանգելանում գործողություն իրականացնելու: Մենք գիտեինք, որ էդ գյուղում ինչ-որ վիրավորներ կան ադրբեջանցի, պիտի գնայինք, իրանց գյուղից հանեինք: Ամսի 21-ի առավոտը Անդրանիկ Մակրյանը մինչև ավտոբուսներ նստելը, շարել էր, նորից նույնն էր ասել, թե գյուղում վիրավորներ կան, պիտի գնանք, մաքրենք, հանենք. քանակ չի ասվել»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ զորամասից դուրս են եկել ժամը 6:30-ի սահմաններում: Երեք ավտոբուսներն են եղել, հրամանատարի «Վիլիսը» և Անդրանիկ Մակարյանի մեքենան, որը մինչև Կիրի հանք եկել էր:

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե ինչու է վստահ, որ դա Մակարյանի մեքենան է եղել, ասաց, որ նա իրենց հետ շարժվել է: Իսկ ինքը եղել է 2-րդ ավտոբուսի մեջ: Հիշում է, որ ճանապարհին ոստիկանության անցակետի մոտ մի քանի րոպե կանգնել են:

«Իջել ենք ավտոբուսներից: Ես ու Արեսը գնացել ենք ծխելու: Մարդ ենք նկատել վերևը, ձեն ենք տվել՝ մերոնք են, մերոնք չեն: Հրամանատարը, ինչքան հիշում եմ, ասեց՝ էս կողմ եկեք սաղդ: Հրամանը լսելուց հետո, որ առաջացել ենք դեպի ավտոբուսները, կրակոցները սկսվել են: Ով ոնց հասցրել, դիրքավորվել էր: Մտնել ենք բոյի մեջ: Չիմացա՝ Արեսը որ կողմ գնաց: Հետո մոտ 40 րոպե բոյա ընթացել: Ինձնից աջ մի 20-30 մետր հեռավորության վրա արդեն 2 հոգի պառկած էին եղել: Չեմ տեսել, թե ովքեր էին, դեմքերը չէին երևում. կասկով, բուչլատով գետինը պառկած էին: Իրանք բլրի վերևից կեսը իջան ներքև, որտեղ որ մենք ենք եղել։ Մենք 4 հոգով հելել ենք թմբի դոշին, ու տենց իրիկունը բռնվել ենք: Իրանք մոտ 400-500 հոգի էին: Կրակոցները միչև 1-2 ժամ շարունակվել են»,- պատմեց տուժողը:

Ասաց, որ իրենց գործողությունները ինչ-որ մեկի կողմից չեն ղեկավարվել, չեն ասել՝ որտեղ դիրքավորվեն. «Խուճապ էր, միանգամից ով ոնց հասցրեց դիրքավորվեց»:

«Իրիկվա կողմերը մեզ եկան, բռնեցին, կապեցին,  տարան մանկապարտեզ: 4 հոգի արդեն էնտեղ էին, որից մեկին եմ ճանաչել՝ հրամանատարի վարորդն էր, Էրիկը: Մի քիչ անցելա, իրանց 4-ին տարել են: Մի կեսը ժամ հետո մեզ էլ տարան: Տարան Բաքվի բերդերը»,- պատմեց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ Կիրի հանքի մասին հայրենադարձվելուց հետո է իմացել:

«Ես մտածում էի, որ մի կիլոմետր, շատ չէ, մի կիլոմետր էս կողմ իջնեինք, էդքան բա չէր լինի…», — ասաց Արթուրը:

Տուժողների իրավահաջորդներից մեկի հարցին, թե իր կարծիքով կա՞ արդյոք այստեղ դիտավորություն, պատասխանեց.

«Կարա լինի: Կարա լինի միամտություն, կարա լինի դիտավորություն․․․»:

Լուսիեն Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest