«Երբ ես մոտեցա իրան, ինքը արդեն շունչը փչեց։ Ես ուզեցի իրան էդտեղից հանեմ, չեմ կարացե։ Իմ բոյին էր, իմ արտաքինի նման, ես ոնց կամ՝ տենց։ Ոնց որ քիմիկներից էր, եթե չեմ սխալվում Հոկտեմբերյանից էր, անունը չեմ հիշում..», — փորձելով վերհիշել 2020թ․ հոկտեմբերի 21-ին Զանգելանում տեղի ունեցած մարտական գործողություններից դրվագները՝ դատարանում պատմում էր 44 օրյա պատերազմի մասնակից, տուժողի կարգավիճակ ունեցող Արտակ Անդրեասյանը։

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, քննում է 44 օրյա պատերազմի  ընթացքում Կովսականում (Զանգելան) տեղի ունեցած դեպքերը, երբ Քիմիկների զորմասաի (ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի զորամաս)  62 հոգանոց խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։  Նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողների, ինչպես նաև 1 վարորդի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։

Ամբաստանյալի աթոռին են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՌՔԿՊ (Քիմիկների զորամասի) զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում՝ ՌՔԿՊ վարչության պատրաստության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։

Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Նիստը նախագահող դատավոր Սարգիս Դադոյանի հարցին ի պատասպան՝ տուժողն ասաց, որ ամբաստանյալներից  ճանաչու՞մ է միայն իր հրամանատարին՝ Արսեն Աբգարյանին, իսկ թե ինչ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, պատասխանեց՝ առանձնապես ոչ մի։

Շարունակելով ցուցմունքը՝ տուժողը պատմեց, որ զորամասից դուրս են եկել 3 ավտոբուսներով և հասել Զանգելան, որտեղ արդեն թշնամին դիրքավորված է եղել։ Թշնամու մոտավոր թվաքանակը չէր կարողանում վերհիշել։

«Մի հոգի դուրս եկավ, հայերենով ասեց․ «Տղե՛ք, դու՛րս եկեք, հանձնվենք, Կարմիր խաչը մեզ հետ կտանի»։ Մի քանի անգամ կրկնելա նույն բանը։ Հայ էր, թե արդբեջանցի, չգիտեմ։ Ահագին մարդ դուրս եկավ իրա ասելուց հետո, թե քանի հոգի էին կոնկրետ չեմ հիշում։ Դրանից հետո մեծ մեքենա մոտեցավ։ Իրանց շարժից ես հասկանում էի, որ մարդկանց մտցնում էին դրա մեջ։ Ու տարան տղաներին էդտեղից»։

Շարունակելով ցուցմունքը՝ Անդրեասյանը պատմեց, երբ BMP-ն (հետևակի մարտական մեքենա) մոտենում էր իրենց, ինքն ու իր զինակիցը պատսպարվել են գյուղում մի  փոքր շինության մեջ, սակայն թշնամուն հաջողվել է այդ շինության պատուհանից իրենց ուղղությամբ 3 նռնակ նետել և, երկուսն էլ վիրավորում են ստացել։ Զինակիցը փորձել է «պանելների արանքով» դուրս գալ, բայց թշնամին խոցել է նրան։

«Երբ ես մոտեցա իրան, ինքը արդեն շունչը փչեց,- հուզմունքը զսպելով պատմեց տուժողը,- ես ուզեցա իրան էդտեղից հանեմ, չեմ կարացե։ Իմ բոյին էր, իմ արտաքինի նման, ոնց կամ՝ տենց։ Ոնց որ քիմիկներից էր, եթե չեմ սխալվում հոկտեմբերյանից էր, անունը չեմ հիշում»։

Արտակի՝ նռնակից վիրավորումը եղել է աջ կողքից, աջ ձեռքը և ոտքը։ Ըստ տուժողի՝ թշնամու հետ մարտը տևել է մոտ 30 րոպե։ Ինտենսիվ մարտի ժամանակ օգտագործել է իր մոտ եղած 120 փամփուշտները։ Վերջին փամփուշտները օգատգործել է, երբ ընկերոջ հետ շինության մեջ էին։

«Իրանցից մեկին կրակել եմ, զոհվել էր, հետո ես փախել եմ մոշերի մեջ»,- ասաց Արտակը։
Զենքը, մինչև իր գերեվարվելը, մոտն է եղել․ փամփուշտ չունենալու պատճառով՝ պահել է ծառի փչակի մեջ։ Երբ մոշերի մեջ թաքնված է եղել, լսել է՝ ինչպես է ինչ-որ մեկը մեքենայով մոտեցել, իջել, ապա ռացիայով հայերեն ասել․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք»։ Շատ բաներ, այնուամենայնիվ, չի հաջողվել լսել, բայց որ անծանոթի խոսքը շուտով անդրբեջաներեն է դարձել, հիշում է։ Նա 17 օր անցկացրել է գյուղում,  սնվել է մրգերով, հիմանակնում՝ «կառալյոկով»։

Ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հարցին, թե ինչպես է գերեվարվել, Արտակը ատասխանեց՝ կոմբայնավարի տնից։ Տան բակում կոմբմայն է եղել, դրանից է ենթադրել, որ տունը պատկանել է կոմբայնավարի։ Նա դատարանին պատմեց, որ իրեն զինվորական բուշլատ են հագցրել, ապա տեղափոխել են մի շենք, որն իր տպավորությամբ մանկապարտեզ էր․

«Երեխեքի անունները փոքր աթոռների հետևը գրած էին։ Մի գիշեր էդտեղ եմ մնացել, հետո տեղափոխել են ներքև՝ իրանց մոտ․․։ Դրանից հետո ինձ տարել են ինչ-որ շինության մոտ, բայց էդտեղ չիջեցրին, ձեներ էր լսվում, ոնց որ մարդու ծեծեին։ Մատերս էդ ժամանակ արդեն ջարդած էին։ Երբ որ պիտի մտցնեին ինձ դռնից ներս, մարդ եկավ, նայեց, հետո բրդեցին, քցեցին ավտոն ու տարան ուրիշ շինության մոտ, գիշեր էր, կողքը պուլպուլակ կար։ Ջուր ուզեցի, չտվեցին։ Մոտ 10 րոպե մնացել եմ էդտեղ, հետո նորից տեղափոխեցին ներքև։ «Կուբախտի» նման տեղ, էդտեղ մի գիշեր եմ մնացել, հայերի չեմ հանդիպել։ Էդ շինության դիմացը իրանց զորքն էր։ Երգում էին։ Հաջորդ օրը կեսօրին ինձ էդտեղից տարել են իրանց ԿԳԲ-ի շենքի դեմը։ 3 օր մնացել եմ էդտեղ, հարցաքննել են։ Դրանից հետո գիշերը տարել են բերդ»։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը, վերադառնալով պատմության սկզբին, տուժողին հարցրեց, թե մասնավորապես ինչպես է եղել իրենց՝ զորամասից դուրս գալու և Զանգելան գնալու հանգամանքները։

«Լուսադեմ էր արդեն, զորքը պատրաստվել էր դուրս գալու, Անդրանիկ Մակարյանը ժողովի կարգով ասաց, որ պետքա գնանք, «սանրման» աշխատանքներ անեք, ռազվետկան էդտեղ աշխատելա, պետքա ուղղակի մտնենք, եթե տների մեջ մարդ լինի թաքնված, մեր գործողությունը անենք։ Ու եթե չեմ սխալվում, ասեց՝ էնտեղ մի քանի օրից մեզ մարդ կմոտենա, էդտեղից դուրս կգանք»,- պատմեց Անդրեասյանը։

Զինվորները մարտական առաջադրանք կատարելու մեկնելիս ստացել են քնապարկ, սաղավարտ և ինքնաձիգ․ զրահաբաճկոն չեն ստացել։ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հարցին, թե ինչու չեն ստացել, Արտակը պատասխանեց.

«Ընթացքում որ խոսում էինք, ասում էին, որ էս պահին չկա զրահաբաճկոն»:

Իսկ թե ինչպես էր որոշվել, թե ով պետք է գնար առաջդրանքը կատարելու, Արտակն ասաց, որ կամավոր սկզբունքով է եղել։

Նրա խոսքով՝ մարտական խնդիրը առաջադրելու ժամանակ իրենց չեն պարզաբանել, թե ինչ քանակի հակառակորդի պետք է հանդիպեն։  Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հարցրեց Անդրեասյանին․ «Ըստ Ձեզ՝ այդ իրավիճակում Արսեն Աբգարյանը կարո՞ղ էր ինչ-որ բան անել՝ իրավիճակը փրկելու համար»։  Արտակը պատասխանեց, որ եթե Կիրի հանքում իջնեին, ինչ-որ բան կարող էր փոխվել, բայց կարծում է՝ դժվար թե Արսեն Աբգարյանը իմանար, որ այդպես կլինի, ու իրենց այդտեղ տաներ։

Հանրային մեղադրոը հայտարարեց, որ տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան, ուստի միջնորդեցին հատված հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքից։

Նախաքննական ցուցմունքը տուժողը տվել է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին․
«Զորամասից մենք մեկնել ենք 3 դեղին ավտոբուսներով, մոտ 60 անձնակազմով։ Մեր խմբի ղեկավարը հանդիսացել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Աավտոբուսների դիմացով երթևեկել է Միցուբիշի մակնիշի ավտոմեքենա, որն ուղեկցել է մեզ, և  ցույց տվել ճանապարհը, այդ մեքենայի վարորդը Արման անունով տղա էր։ Ըստ իմ տեղեկությունների՝ մենք պետք է գնայինք այդ տարածքում գտնվող «Կիրի հանք»-ի մոտ, սակայն չգիտեմ՝  ինչպես է ստացվել, որ «Կիրի հանք»-ի մոտ չենք կանգնել ու անցել ենք այն՝ մտնելով գյուղի մոտ։ Հասնելով Զանգելանի շրջանի գյուղ, որի անունը չեմ հիշում՝ մեքենաներից իջել ենք՝ դիմացը նկատելով հակառակորդի զորքի մեծ քանակություն, մեզ տեսնելով, սկսել են կրակ արձակել մեր ուղղությամբ․․․ Կրակոցների ընթացքում Աբգարյանը մեզ հրաման տվեց դիրքավորվել և անցնել պաշտպանության։ Միաժամանակ վերջինս ասաց՝ թաքնվեք գյուղի տարածքում, անտառում կամ թմբերի տակ»։

Տուժողը պնդեց իր նախաքննական ցուցմունքը։ Մեղադրողը հետաքրքրվեց, թե որտեղից Անդրեասյանին այն տեղեկությունները, որ նրանք պետք է գնային «Կիրի հանքի» մոտ, բայց փոխարենը մտնել են գյուղ։

Տուժողը պատասխանեց, որ գերեվարությունից վերադառնալուց հետո լսել է, որ պետք է Կիրի հանքի մոտ իջնեին, բայց չեն իջել։ Թե ումից է լսել, հստակ պատասխան չունի։  Իսկ թե ինչու դատաքննության ընթացքում չի շեշտել հանքի անունը և չի խոսել դրա մասին, Անդրեսայանն ասաց, որ մոռացել է․

«Ես կիրի հանքի տեղը կոնկրետ չեմ էլ իամացել։ Ղափանցի Ալյոշնա ինձ ասել, որ էն հատվածը որտեղով որ անցել ենք, Կիրի հանքնա եղել։ Տարածքին ծանոթ չեմ եղել»։

Դատավորը Անդրեասյանից հարցրեց, թե ինչպես կբնութագրի իր հրամանատարի վարքագիծը, տուժողը պատասխանեց, որ այդ պահին հրաման է տվել դիրքավորվելու, ապա գնացել մյուս տղաների մոտ։ Դրանից հետո նրան չի տեսել։

Աբգարյանի պաշտպան էլ հարցրեց՝ արդյո՞ք նա իր գերեվարումը Արսեն Աբգարյանի գործողությունների հետևանք է համարում։ Տուժողը պատասխանեց, որ հրամանատարը այդ պահին այդտեղ չի եղել, որ ինչ-որ բան աներ։

Արտակ Անդրեասյանը բողոք, պահանջ կամ հայց ոչ ոքի նկատմամաբ չունի․

«Ես բոլորի խնդիրը դրել եմ, Աստծո առաջ են պատասխան տալու»։

Մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչի՞ց դրդված է դա ասում, ունի՞ արդյոք իր այդ ասածը որևէ շարժառիթ։

Անդրեասյանը պատասխանեց, որ ոչ մեկի հանդեպ դժգոհություն չունի․

«Ես բոլորին էլ ասել եմ, Աստծու կողմից են դատաստան ստանալու, ով ուզումա լինի»։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։

Լուսինե Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest