Եթե նկատել եք՝ Ադրբեջանը երբեք միաժամանակ չի խոսում միջանցքների և անկլավների մասին: Կարծես թե վերջին ամսում այլևս միջանցքի մասին խոսք չկար, նրանք Հայաստանին ասում էին՝միջանցք չեք տալիս՝ քարը ձեր գլուխը, կգնանք, կգանք Իրանով: Ու անմիջապես Ալիևը Շառլ Միշելին ասում է, որ Հայաստանի տարածքում «8 գյուղ ունենք»:
Բայց ինչպես պարզվում է, Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարող «չօգնել» Ադրբեջանին, որը հաստատ 8 գյուղերն ավելի շատ է ուզում, քան՝ հենց միջանցքը: Էրդողանը կրկին ասում է, որ Հայաստանը պետք էկատարի իր խոստումը ու գործարկի «Զանգեզուրի միջանցքը»: Ըստ ամենայնի, ավելի վաղ Ալիևն ու Էրդողանը (Ռուսաստանը միայն միջանցք է ուզում) Փաշինյանի առաջ պայման են դրել՝ միջանցքը տալիս ես, անկլավների թեման մոռանում ենք, չես տալիս, անկալվները հո մերն են, կվերցնենք՝ զենքով, թե պայմանագրերով, մեզ համար մեկ է: Ադրբեջանի ու Թուրքիայի վարքը հենց այդպիսի պայմանավորվածության մասին է խոսում:
Բացառված չէ, իհարկե, որ նրանք սարքում են Փաշինյանի գլխին այն իմաստով, որ միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, որ իրենք ոչինչ չեն խլում Հայաստանից, Հայաստանն ինքն է հանձն առել միջանցքը զոհել հանուն իր տարածքում գտնվող «ադրբեջանական» 8 գյուղի: Եթե չի զոհում, մենք մեր 8 գյուղի տերն ենք:
Հայաստանի ներսում թվում է, թե լուրջ դիլեմայի առաջ է կանգնած պարտված ու խոցված արժանապատվություն ունեցող ժողովուրդը՝ միջա՞նցք, թե՝ 8 գյուղ: Իշխանությունը միջանցքը համարում է կարմիր գիծ: Այսինքն, ոչ մի միջանցք էլ չի լինելու: Իսկ ահա 8 գյուղի մասին երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած չեն խոսում, որովհետև իշխանությունն ինքն իր բերանով է ասել, որ ադրբեջանական հողեր այաօր էլ ունենք մեր տրամադրության տակ: Ուրեմն դրանք զիջելու խնդիր չկա:
Փաստն այն է, որ երեկ Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և ասել, որ հույս ունի, թե Հայաստանը կկատարի իր խոստումը «առաջին հերթին` Զանգեզուրի միջանցքի բացման մասով»: Ըստ ամենայնի, թուրքերն արդեն նույնիսկ Ադրբեջանից անկախ են խաղում: Ադրբեջանը օրերս է Զանգելանի մոտ Արաքսի վրա բացել կամրջի հիմնարկեք, որը շրջանցելու է Մեղրին և Իրանի տարածքով ճանապարհ է հարթելու Նախիջևան: Նշանակում է, Ադրբեջանը հաշտվել է այն մտքի հետ, որ Հայաստանը չի զիջելու: Ավելին, Ալիևն, ըստ երույթին հույնս ունի, որ չի էլ զիջելու: Նրան ավելի ձեռք կտա, եթե իրեն վերադարձնեն «իր» 8 գյուղերը: Դրանից հետո կարող է միանալ Զանգեզուրի միջանցքը բացելու պահանջին: Բայց միայն այդ 8 գյուղերը վերադարձնելուց հետո:
Այսօր դեռևս խոսք չկա այն մասին, թե Հայաստանը տարածքներ ունի զիջելու Ադրբեջանին: Իշխանությունը վերցնելուց առաջ առավելագույնս թափանցիկություն խոստացած Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ է այդ մասին ոչինչ չի ասում: Մինչդեռ քաղաքացին, ինչպես դասականն էր ասում, պետք է իմանա, թե ինչ գին է վճարում իշխանությանը իր հարկերով պահելով, քաղաքացին պետք է իմանա՝ որտեղ է սկսվում և ավարտվում Հայաստանը: Գուցե նա հենց այսօր է իշխանությանը պարտադրում կնքել խաղաղության պայմանագիր, որի հրատապության մասին օր ու գիշեր խոսում են Ադրբեջանի իշխանությունները Ալիևի գլխավորությամբ: Քաղաքացին պետք է իմանա, թե ի՞նչ է փոխվել, որ հիմա էլ Ադրբեջանն է շտապում խաղաղության պայմանագրի մասին խոսելիս, ոչ թե Հայաստանը: Գուցե Ադրբեջանն ուզում է արագ փակե՞լ «Զանգեզուրի միջանցքի» թեման, որից նա այլևս սպասելիքներ չունի:
Մհեր Արշակյան