Բոլորս ենք հիշում պատերազմից առաջ Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններից մեկը՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է շահեկան լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Ղարաբաղի ժողովրդի համար։ Ադրբեջանի ու Ղարաբաղի ժողովրդի համար հասկանալի է, որ գտնված լուծումը պետք է երկուստեք շահեկան լինի։ Բայց Հայաստանն ի՞նչ կապ ունի։
Ոչ մեկը Փաշինյանին չհարցրեց՝ իսկ ինչո՞ւ պետք է Ղարաբաղի հարցը ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, եթե այն ի վերջո Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև բախում էր։ Ինչո՞ւ էր Փաշինյանը մեջտեղ գցում Հայաստանի ժողովրդին։ Ժամանակին Հայաստանն օկուպացրել էր Ղարաբաղի հարցում ղարաբաղցիների տեղը՝ հենց դրանով վատացնելով այդ հողում ապրող ժողովրդի վիճակը։
Երբ Հայաստանի ընտրված, խիստ լեգիտիմ առաջնորդը ոչմիթիզական է, ի՞նչը պիտի ձեռք տա հայ ժողովրդին։ Բնականաբար՝ ոչ մի թիզ հող թշնամուն, «թիկունքում Երևանն է»։ Ադրբեջանը լսում է, չէ՞, որ Հայաստանի առաջնորդն ասում է՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Ուրեմն ի՞նչ է նշանակում Ղարաբաղի հարցի լուծումը պետք է շահեկան լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Ղարաբաղի ժողովրդի համար։ Սրա ինչի՞ն արձագանքի Ադրբեջանի ժողովուրդը։ Եվ, ի դեպ, քեզ հայտնի չէ՞, որ Ադրբեջանում բռնապետություն է։ Այնտեղ ի՞նչ տեսակետ պիտի ունենա ժողովուրդը՝ բռնապետը ոնց ասեց, այդպես էլ պիտի լինի։ Բայց էդ բռնապետը 30 տարի (հայր Ալիևին էլ հաշված) չի զիջում ոչ մի սանտիմետր իր միջազգայնորեն ճանաչված տարածքից, ավելին, ամեն Աստծո օր կրակում է Ղարաբաղի ու Հայաստանի վրա, որի պատճառով ոչ պատերազմական պայմաններում ունեցած առնվազն հարյուրավոր զոհեր։ Դու ինչո՞ւ ես ժողովրդին թմրեցնում «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է շահեկան լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Ղարաբաղի ժողովրդի համար» պոռոտախոսությամբ։
Այսօրվա տեսանկյունից այս հարցը ոչ մի նշանակություն չունի, քանի դեռ այն պատմության դասագրքեր չի մտել։ Հարյուր տարի հետո հնարավոր անկախ Հայաստանի պատմաբանը ինքն իրեն հարց է տալու՝ ի՞նչն է նկատի ունեցել Հայաստանի վարչապետը այդպիսի հայտարարությամբ։ Աշխարհի ո՞ր երկրում է հակամարտող կողմի ոչմիթիզական առաջնորդը իր (ոչ թե հակառակորդ) ժողովրդին պատրաստում փոխզիջման, դրանից առաջ ևս մի հակամարտություն հրահրող արտահայտություն անելով՝ Ղարաբաղի ժողովուրդը վաղուց է լուծել իր հարցերը։
Հլը պատմության դասագրքի աչքերով նայեք այս օրերին։ Նայում եք, չէ՞, 100 տարի առաջվա իրադարձություններին ու զարմանում, թե ինչպե՞ս էր հայ ժողովուրդը սուսուփուս մտնում ցեղասպանության տակ։ Այ այսպես՝ ով որ պետք է խոսի քո անունից, խոսում է քո դեմ։ Հետո մինչև ուշքի է գալիս՝ ևս մի 20 հազար քառակուսի կիլոմետր կորցնում է։
Որից հետո մեզ ի՞նչ է մնում՝ աղոթել, որ պատմության մեր դասագրքերը միշտ գրեն ազգայնականները, որոնք ցանկացած պարտություն դարձնում են հերոսական բարոյական հաղթանակ։
Մհեր Արշակյան