Մեծ Գաղթից առաջ շատերին սարսափեցրեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան հիմնանկարի թարմացումը, որտեղ տիկին Աննան ժպիտով դիրքավորվել էր իր,-հավանաբար,-ծառայողական մեքենայի մեջ։ Առանց այն էլ հիմնանկար թարմացնելու պահը հարմար չէր։
Բայց չբացառենք, որ տիկին Աննան ինչ-որ իմաստ էր դրել դրա մեջ, որը մեզ առանձնապես տեսանելի չէ և ինքը մի օր խիստ համոզիչ կպարզաբանի։ Բայց ահա տեղի ունեցավ ղարաբաղցիների Մեծ Գաղթը դեպի Հայաստան և տիկին Աննայից ու վարչապետից մարդկային որևէ արձագանք չլսվեց։ Ենթադրում եմ, իրենց ասել են, որ ղարաբաղցիներն աչքով աչք չունեն ոչ միայն տեսնելու նրանց, այլև լսելու նրանց մասին, քանի որ, ֆեյսբուքյան գրառումներից դատելով, մեծ մասն իսկապես նրանց է մեղադրում տեղի ունեցածի մեջ։ Այնպես չէ, որ ես համամիտ եմ նրանց հետ։ Բայց ընդունենք, որ նրանք ճիշտ են։
Իսկ ի՞նչ կարող էին անել վարչապետը և նրա կինը։ Նրանք նույնիսկ Գորիս չայցելեցին ու մարդկային որևէ կարեկցանք չցուցաբերեցին սոված-ծարավ ու երկու ժամանոց ճանապարհը 30 ժամում հաղթահարած ղարաբաղցիների հանդեպ։ Թեպետ չէի ասի, թե նրանց ուղղակի և ակտիվ մասնակցությունը չկա ղարաբաղցիներին Հայաստանում ընդունելու և ինչ-որ կերպ տնավորելու հարցում։ Թեպետ գաղթածների մեծ մասը, ֆեյսբուքյան հանրությունն էլ իր հերթին, ձգտում են պետական մարմիններից անկախ լուծել նրանց կեցավայրի հարցերը։ Որովհետև շատ պարզ երևում է՝ Հայաստանը պատրաստ չէ այդպիսի հոսքի։
Բայց հարցերի հարցն այն է, թե ինչո՞ւ նրանք գոնե լարվածության թուլացման համար մեկ կամ երկու ընտանիքի գոնե մեկ շաբաթով չեն հյուրընկալում իրենց մոտ։ Նրանք ինչի՞ց են վախենում մերժվելո՞ւց։ Նրանք վախենում են ղարաբաղցիների կծու արձագանքի՞ց։
Իհարկե, վստահ եմ, որ նրանք քննարկել են այս հարցը իրենց ընտանիքում։ Չեմ բացառում, որ այս հարցը քննարկել են նաև ՔՊ նեղ շրջանակում և ի վերջո որոշել են որևէ քայլ չձեռնարկել և ավելորդ նյարդայնություն չհաղորդել տեղի ունեցածին։ Բայց ինչո՞վ էր Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան՝ ոչ ստանդարտ քայլերով։
Գուցե ասեք, որ հենց նրա ոչ ստանդարտ քայլերն էլ Հայաստանն ու Ղարաբաղը հասցրեցին այս օրվան։ Վեճի մեջ չեմ մտնի, որովհետև դա արդեն հարցի քաղաքական կողմն է։ Ես խոսում եմ մարդկային կողմից։ Վարչապետը պիտի ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ունենար կարեկցանքով մտնելու ժողովրդի մեջ, նա պիտի մտներ և անձամբ որոշակիություն հաղորդեր նրանց ապագային, որը ինչպես նրանց կարգախոսն էր ասում՝ ԿԱ։ Կոռնիձորում, իսկապես վարչապետի ու տիկին Աննայի համար դժվար կլիներ մտնել ղարաբաղցիների հոսքի մեջ ու մարդկայնորեն խոսել նրանց հետ։ Բայց Գորիսում դա անելը խիստ հնարավոր է։
Ղարաբաղցիներն ունեն հարցեր, որոնք միշտ են ունեցել և նրանք պիտի ունենան պատասխաններ, որոնք նրանց իշխանությունները Ստեփանակերտում չեն տվել։ Հիմա նրանք Հայաստանում են, իսկ Հայաստանի առաջնորդը վարչապետն է։ Նա պետք է հանդիպի Մեծ Գաղթի զոհերի հետ, հուսադրի և մեկ-երկու ընտանիքի տնավորի կամ իր կեցավայրում, կամ այն տանը, որը, ինչպես ասուլիսի ժամանակ ասաց, չի կարողանում վաճառել։
Մհեր Արշակյան