Ի՞նչ դաստիարակություն պիտի ստացած լինես, որ մտածես թե աշխարհը քեզ պիտի օգնի։ Սա Ղարաբաղին չի վերաբերվում, սա վերաբերվում է Հայաստանին։ Մեզ ոչ ոք չի սովորեցրել հույսներս մեզ վրա դնել։ Ամեն փորձության ժամանակ սպասել ենք, թե Փարիզն ինչ կասի, Մոսկվան ինչ կասի, Վաշինգտոնն ինչ կասի։
Հիշո՞ւմ եք՝ ՀՀ նախագահի ընտրություններին առաջինը փորձում էին պատասխանել այն հարցին, թե ո՞ւմ է պաշտպանում Մոսկվան։ Ամենաճչացողը կեղծված ընտրություններից հետո Ամերիկայում ծնված ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այցն էր Մոսկվա։
Ղարաբաղցիներին թողել էին ռուսների հույսին, չէ՞։ Այսինքն, թվում էր, թե երկաթյա մի ձեռք կա, որը կարող է երաշխավորել ղարաբաղցիների կյանքը պատերազմից հետո մնացած սահմաններում։ Հույսը սարսափելի բան է, ընկերներ, իր ցանկացած դրսևորման մեջ։ Հույսը մարդուն դարձնում է սպասող։
Գոնե հիմա ընդունո՞ւմ ենք, որ մեր խնդիրների մի հսկա մասը նրանից է, որ ապրել ենք սպասողական վիճակում։ Այսինքն, երբեք ինքնուրույն չենք պատրաստվել դիմագրավելուն։ Մենք ապրել ենք ողորմածության հույսով։ Հենց այդ հույսով էլ ՀՀ բոլոր ռազմավարական բյեկտները հանձնվում էին Մոսկվային, կնքվում էր «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև ՀՀ-ում չկար մի ղեկավար, որ ձեռքը խփեր սեղանին ու ասեր՝ Աստված ձեզ հետ, գազը թանկացրեք ինչքան ուզում եք։ Ինչո՞ւ չասեցին։ Որովհետև ժողովրդին թալանելով էին զբաղված։ Այն փողը, որը ժողովուրդը պիտի ունենար գազի դիմաց վճարելու համար, իշխանությունը դնում էր իր գրպանը։ Ու որպեսզի էդ փողն իրենից ոչ ոք չվերցնի, Մոսկվային էր տալիս ռազմավարական բոլոր կարևոր օբյեկտները, որպեսզի գազի գինը չբարձրանար։ Հայաստանը եղել է դավաճանության բաստիոն բաց երկնքի տակ։
Հենց էսօրվա համար էինք ասում՝ մի կեղծեք որևէ ընտրություն, դուք խփում եք ժողովրդի դիմադրողականությանը, վաղը նա անտարբեր է լինելու որևէ մարտահրավերի ու փորձության նկատմամբ մտածելով, որ, միևնույն է, իրենից ոչինչ կախված չէ։ Հասա՞նք այդ օրվան։
Մինչդեռ այսօր ՀՀ անկախության օրն է։ Ու հետաքրքիր է, որ այն ամենաչիմաստավորվածն է Սահմանադրության հետ միասին։ Ու ձեզ թվում էր, որ Սահմանադրություն կեղծելը կամ այդ կեղծիքին մասնակցելը ոչ մի կապ չունի անկախությունը սեփական ուժերով պաշտպանելու կամքը կոտրելու հե՞տ։ Հիմա տեսա՞ք ոնց ունի։
Անկախության օրը պետք է համարվի ամբողջ պատմության իմաստավորման մեկնակետ։ Թեպետ, իրականում, վերջին 30 տարին էլ բավարար է, որ իմաստավորվի։ Հեշտ չէ անկախ լինելը, առավելևս հեշտ չէ անկախ լինել մատների վրա հաշվվող շահերով։ Հիմա մենք ունենք միայն Հայաստան, իսկապես մինուճար մի երկիր։ Մեզանից շատ բան չի պահանջվում՝ ազնիվ լինել մեր անկախության հետ։ Այսինքն, նրա շահերը պետք է քեզնից բխեն։ Որպեսզի եթե ինչ-որ բան ձախողես, չասես՝ ռուսները մեզ չօգնեցին, Ամերիկան մեզ չօգնեց, Իրանը չգնեց։
Այսօրվա սեպտեմբերի 21-ը միայն այն մասին է, որ մեզ այլևս ուրիշ ժամանակ չի տրվելու սխալվելու։ Մեր բոլոր սխալներն արեցինք, վերջացրեցինք։ Այսօր Հայաստանի անկախության առաջին օրն է։
Մհեր Արշակյան