ՔՊ-ն ՀՀԿ-ի նման ցույց է տալիս, որ Երևանի ավագանու ընտրություններն իր համար կյանքի ու մահվան ընտրություն է: Ինչո՞ւ: Որովհետև իրենք էլ են հասկացել՝ հեղափոխության էյֆորիայից մի բջիջ էլ չի մնացել: Հենց սկզբից էր սխալ Ավինյանին ընտրարշավի մեջ ներքաշելը:
Գուցե իդեալական քաղաքապետ կլինի: Բայց, մինչև լինելը, պետք է այդ մարդը համակրանք շահի: Իսկ, մեր մեջ ասած, հեչ համակրելի չէ: Քաղաքացիները պարտավոր չեն իրենց մատից հոտ քաշել հասկանալու համար, որ Ավինյանին այլընտրանք չկա: Դա, ի դեպ, վերաբերվում է բոլոր թեկնածուներին, որոնցից ոչ մեկն էլ քաղաքապետացու չէ: Բայց մնացած 13-ը վարչական ռեսուրս չունեն: Իսկ Ավինյանը ունի:
Ավինյանը կարող է իր հոր համար Նորք-Մարաշում 1000 քմ հողամաս գնել 10 մլն դրամով, այսինքն, շուկայականից տասնապատիկ էժան գնով, վարչական ռեսուրսն ի՞նչ է, որ չծառայեցնի իր ընտրությանը: Մարդը քարոզարշավի ժամանակ կանաչապատման ՀՈԱԿ-ի 500 աշխատակցի պարգևավճար է բաժանում, որ քվեարկելիս հանկարծ չպլստան: Անվերջ կարելի է ասել, թե ոչ սրանք են մի բան, ոչ էլ հանրապետականներն էին մի բան: Բայց դա միշտ էլ կարելի է ասել:
Խնդիրն այն է, որ Հանրապետականը հեղափոխությամբ չէր վերցրել իշխանությունը, նրա գալուստը ոչ ոք չի ողջունել, նրա հետևից 100 հազարներով չեն գնացել: Կարճ ասած, ՀՀԿ-ն լեգիտիմություն չուներ և բոլ «իրավունք ուներ» «ընտրվելու» և թալանելու: ՀՀԿ-ն հանգիստ կարող էր իր հազատներին ծախել մայրաքաղաքի հողերը, կարող էր նույնիսկ նվիրել: Նա դրանով ոչ մեկի քաղաքացիական արժանապատվությունը չէր վիրավորում, քանի որ պսևդոքաղաքական այդ ուժը իր քվեն քյաշ փողով էր գնել: ՔՊ-ն նույնիսկ հիպոթետիկ փողով չի գնել իր քվեն, այլ՝ քրտինքով: Բայց դատելով Երևանի տասնապատկվող շինարարական փոշու ծավալներից, քաղաքի բոլոր կողմերում գիշերները ծավալվող ռեստորանային աղմուկից, իշխանության է եկել քյաշ փող աշխատելու: Որպեսզի կաշառք չվերցնի առանց այդ էլ ողորմելի կյանքով ապրող ժողովրդից, բյուջեն ուղիղ գծով է դնում իր գրպանը: Այդ իմաստով նա ժողովրդին չի խաբում, այսինքն, ուղղակիորեն նրա գրպանից չի գողանում, թեպետ բյուջեն հենց ժողովրդի հարկերն է: Հիմա ծագում է հաջորդ հարցը:
Ինչո՞ւ ՔՊ-ն ընդամենը 5 տարում դարձավ միջին վիճակագրական կոռումպացված պսևդոքաղաքական ուժ: Պատճառը աղբյուրի ջրի պես պարզ է: Աշխարհի քարտեզի վրա Հայաստանը զուտ Ղարաբաղի խնդիր ունեցող երկիր է: Ուրիշ ոչինչ: Ներքաղաքական կյանքը Հայաստանից դուրս ոչ մեկին (բացի, երևի, Ադրբեջանին ու Թուրքիային) հետաքրքիր չէ, որպեսզի ասի՝ հոպ, տղերք, դուք ուրիշ լոզունգներով եք եկել իշխանության: Առանձին վերցրած Հայաստան, որի ժողովրդավարացումը որևէ մեկին հետաքրքիր է, չկա: Կա միայն այն Հայաստանը, որի հարևաններն են Թուրքիան ու Ադրբեջանը: Այսինքն, Հայաստանը հետաքրքիր է միայն աշխարհաքաղաքական դասավորումների մեջ, իսկ թե ներսում ով ինչ է անում, թեմա չէ: Ու ՔՊ-ն սա հասկացել է: Ահա ինչու ՔՊ-ն ամբողջությամբ տեղավորվել է ՀՀԿ-ի մենթալիտետի մեջ: Սերժ Սարգսյանի կոստյումը հո պոզով պոչով չի՞ լինում:
Այս ՔՊ-ին երևի միայն մի նոր «Վահե Ավետյանի» սպանությունն է պակասում որևէ ռեստորանային համալիրի դռների մոտ:
Մհեր Արշակյան