Գիտե՞նք բոլորս, որ Ռուսաստանն այսօր մեր դեմ է: Գիտենք: Ռուսաստանը մեր դեմ էր նաև 1920 թվականին, երբ զենք էր տալիս Աթաթուրքին այն հույսով, որ նա Թուրքիան կդարձնի կոմունիստական երկիր: Ռուսաստանը միշտ սեփական հաշվարկներն ունի: Մենք էլ մերը:
Այս պահի դրությամբ մեր սեփական հաշվարկն այն է, որ հենց ռուսները մեր գլխին սարքեցին 44-օրյա աղետը և հետևաբար պետք է հեռու մնալ Ռուսաստանից, եթե ուզում ենք ինչ-որ բան փրկել: Այ էստեղից սկսվում է մնացած հաշվարկը: Մենք, իհարկե, գերազանց գիտենք, որ պուտինյան Ռուսաստանը աղետ է, բայց մենք ի՞նչ ռեսուրս ունենք նրանից հեռանալու:
Առ այսօր ի՞նչ ենք արել Ռուսաստանի դեմ: Ոչինչ: Բայց տեսեք, որ Ռուսաստանը շարունակում է մեր դեմ գործել: Նա ղարաբաղահայերին պատանդի կարգավիճակով տվել է ադրբեջանցիներին, նրանք էլ ում ուզում բռնում են, ում ուզում՝ բաց են թողնում: Ինչո՞ւ է Ռուսաստանն իրեն այսպես պահում: Որովհետև միջանցք է ուզում: Իսկ մենք գիտենք՝ հենց տվեցինք, էլ հետ վերցնողը չենք: Ռուսաստանին իսկապես տհաճ է Հայաստանի ինքնիշխանությունը: Եվ նրա էության մեջ է մեզ վասալի կարգավիճակով պահելը: Փաստն այն է, որ նա վերջին 20 տարում կարողացել է մեզ հետ անել խելքին եկածը: 44-օրյա պատերազմը լցրել է նույնիսկ «ռուսասեր» Հայաստանի համբերության բաժակը:
Բայց հարց է ծագում՝ ի՞նչ կարող ենք մենք անել Ռուսաստանի դեմ: բանն այն է, որ ինքնուրույն ոչինչ չենք կարող անել՝ եթե ռուսները գժվեցին, միջազգային իրավունքի վրա չեն նայի: Մի անգամ արդեն չեն նայել նախորդ դարավերջին, էլի չեն նայի: Հետևաբար, ո՞րն է Ռուսաստանի դեմ գնալու մեր ռեսուրսը: Ասենք, դա չի կարող լինել հույսը, որ ռուսներն Ուկրաինայում կպարտվեն: Կամ, ասենք, չի կարող լինել այն, որ թուրքերի ու ռուսների ջրերը մի առվով չեն հոսի: Հենց այսօր մի առվով չեն հոսում Ադրբեջանի ու Ռուսաստանի ջրերը, որքան էլ ռուսները ամեն ինչ անում են հենց Ադրբեջանի համար:
Փաստն այն է, որ Ադրբեջանը դժգոհ է: Դժգոհ է, որովհետև գիտի ամենակարևորը՝ ռուսները չեն ուզում հեռանալ Ղարաբաղից ու ցանկացած պահի Հայաստանը կարող են օգտագործել իրենց դեմ հենց ղարաբաղում որևէ սադրանքով, որպեսզի այս հակամարտությունը չվերջանա:
Կարճ ասած, ադրբեջանցիներին նույնպես ցանկալի չէ ռուսի մնալը, իրենք գիտեն, որ միայնակ էլ կարող են Հայաստանի հետ կռվել, բայց եթե Ռուսաստանը բռնի Հայաստանի կողմը, գուցե Թուրքիայի օգնությամբ էլ չկարողանան կռվել: Հայաստանն իր տարածքում ռուսական ռազմաբազա ունի, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սադրանքներ կարող են անել այդ ռազմաբազայով:
Այսօր Հայաստանում հազիվ թե գտնվեն ողջամիտ մարդիկ, որոնք չիմանան, թե ինչեր կարելի է սպասել Ռուսաստանից: Նախորդ դարի 20 թվականին դա մեզ վրա համարյա պետականության կորուստ արժեցավ: Ընդ որում այնպես էլ չէր, որ մենք այն ժամանակ ռուսների դեմ էինք: Բայց ի՞նչ կարող է դա արժենալ հիմա: Վախենում եմ ենթադրել: Ի վերջո, նրանք կարող են հասնել այն բանին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը որևէ լուծում չունենա ու այսպես ամեն օր 4 զոհ տալով մենք այլևս ի վիճակի չլինենք որևէ հոդաբաշխ ինքնիշխանության: Իսկ ո՞վ դրանից առաջինը կօգտվի: կամ Ադրբեջանը: կամ Թուրքիան:
Մհեր Արշակյան