26-ամյա Գեղամ Սահրադյանին, որը փետրվարի 10-ին, ժամը 23․00  «Համմեր» մակնիշի մեքենայով մտնելով Հանրապետության Հրապարակ, իրարանցում առաջացրեց կառավարության շենքի մոտ, չափից դուրս խիստ են դատում։

«Ի՞նչ է արել իմ որդին։ Այո, թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա է վարել, բայց ո՞ւմ է սպանել, ո՞ւմ է ծեծել, ո՞ւմ է վնաս տվել, որ 4 հոդված են դրել վրան։ Նրա դեմ բողոք էլ չկա։ Բոլոր էն մարդիկ, ում ավտոները էդ ժամանակ  Հրապարակում կանգնած են եղել, հրաժարվել են բողոքելուց։ Մենակ ոստիկաններն են բողոք գրել, որ իմ տղան, իբր, իրենց ավտոներին վնաս է տվել։ Բայց կարել՞ի է ոստիկանի ցուցմունքով մարդուն 10 տարով փակեն»։ — վրդովվում է Գեղամի մայրը՝ …Forrights.am-ի հետ զրույցում։

Հիշեցնենք՝ Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանին մեղադրանք է առաջադրված միաժամանակ 5 հոդվածներով՝ խուլիգանություն կատարելու, գույք վնասելու,  տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պարագայում, ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։

Գործով նախաքննությունը վերջերս է ավարտվել։ Օգոստոսի առաջին օրերին գործն ուղարկվել դատարան։ Գեղամ Սահրադյանը կես տարուց ավելի է կալանքի տակ է։ Նա պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, խիստ ռեժիմով, նրա տեսակցությունները հարազատների հետ արգելված են։ Թեւ Գեղամ Սահրադյանը ունի հոգեկան խնդիրներ, գտնվում է հոգեբուժական  հաշվառման մեջ, նրան պահում են ընդհանուր խցում 9 հոգու հետ։

Նա որևէ բուժում չի ստանում։

Ըստ քննչականի՝ 26-ամյա երիտասարդը խուլիգանություն է կատարել, գույք է վնասել՝ ոստիկանների մեքենաները, որոնք կայանված են եղել Հանրապետության հրապարակում, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալով, ոչ սթափ վիճակում վարել է այն, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանն է միջամտել, ընդ որում՝ այդ ամենն արել է, նախապես օգտագործելով թմրանյութեր։ «Կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրից հայտնաբերվել եւ վերցվել են 2 օգտագործված ներարկիչ եւ 2 հատ  օգտագործված ապակյա սրվակ։ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ սրահից հայտնաբերվել եւ վերցվել են 1 օգտագործված ներարկիչ եւ 1 հատ ապակյա սրվակ, ինչպես նաեւ՝ 2 հատ օգտագործված ապակյա սրվակ», — ասված է Քննչականի տարածած տեքստում։

Գեղամ Սահրադյանի հարազատները միաբերան պնդում են, որ իրենց կարող է ոչ ադեկվատ վարք ունենալ, մանավանդ թմրանյութեր օգտագործելուց հետո։ «Նա օրերով խանգարված վիճակում է լինում։ Տանն ինչ կա չկա, ջարդում ա։ Ես շատ բան չեմ ուզում ասել, բայց էնպես ա իրան պահում, որ  մենք ստիպված զանգում ենք հոգեբուժարան , որ գան, տանեն։ Մեկ էլ հեռախոսը վորցնում ա,  Փաշինյանին ա զանգում, կաթողիկոսին, Գագիկ Ծառուկյանին, Պուտինին ու ժամերով հետները խոսում ա », — պատմում է Արթուր Սահրադյանը:

Հենց այդպիսի վիճակում էլ որդին փետրվարի 10-ին  է եղել։ «Թաքուն գառաժից ավտոս հանել է, փախել է։ Իմ  մտքով չէր անցնում, որ կարող է իմ  «Համերը» վերցնել, քշել, գնալ։ Եթե իմանայի, իհարկե, կկանխեի, չէի թողնի, որ էդ վիճակում ռուլին նստի», — ասում է Արթուր Սահրադյանը Forrights.am-ին։

Նա հույս ուներ, որ որդուն կատմամբ գթասիրտ կգտնվեն։ Հաշվի կառնեն այն  հանգամանքը, որ Գեղամը երկու պատերազմների  մասնակից է՝ քառօրյայի և 44-օրյա պատերազի, որ նա Ջեբրայիլում մարտերի է մասնակցել, ընկել է այլ զինվորների հետ շրջափակման մեջ և իր համարձակության շնորհիվ կարողացել է ոչ միայն բարեհաջող դուրս գալ, այլև իր  5 ընկերներին դուրս բերել շրջափակումից, փրկելով է նրանց կյանքը։

«Ինչպես որ հոգեբուժարաններից էր փախչում, վերեևի հարկից թռչելով, այդպես էլ թուրքից է կարողացել փախչել։ Նրան բռնել հնարավոր չի, նա շատ ճարպիկ է ու «դուխով»», — ինչ-որ տեղ հպարտանալով ասում է հայրը։

Գործի նյութերում կա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, որը հաստատում է, որ Գեղամը հոգեկան խնդիրներ ունի։ Սակայն փորձագետը միաժամանակ նշել է, որ Սահրադյանն ունի հոգեկան խնդիրներ` «ոչ պսիխոտիկ եւ վարքային խանգարումներ, թմրանյութերի եւ այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետեւանքով»։

Միաժամանակ նշվում է, որ դրանք «արտահայտված չեն այն աստիճանի եւ չեն ուղեկցվում ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր, հիշողության կոպիտ խանգարումներով, որ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ ներկայումս, զրկեր եւ զրկի նրան՝ գիտակցել իր գործողությունների բնույթը, վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար եւ ղեկավարել դրանք»: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

Փաստորեն, այս եզրակացության հիման վրա է երիտասարդը ճանաչվել  մեղսունակ:

«Հոգեբույժը գրել է, որ ինքը մեղսունակ է, բայց ինքը եղել է դեղի ազդեցության տակ։ Եւ սրա վերաբերյալ էլ կա փորձաքննական եզրակացություն։ Ո՞նց կարող է նման բան լինի։ Առաջին դատի ընթացքում միայն ոստիկաններն էին վկաները»։

Գործով առաջին դատական նիստին ոստիկանները չեն ներկայացել։ Այս գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 7-ին, և կկայանա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest